HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց մի քանի վարկային համաձայնագրերի ժամկետի երկարաձգմանը

Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց մի քանի վարկային համաձայնագրերի ժամկետի երկարաձգման՝ կառավարության առաջարկին:

Առաջին նախագծով երկարաձգվեց Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3 - մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին որոշման ժամկետը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանի խոսքով` գործընկերների հետ կա համաձայնություն ծրագրի վերջնաժամկետը երկարացնել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը: Վարկային համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2014 թվականին, մասհանման սահմանված ժամկետը 2018 թվականն է եղել, ընդհանուր 30 միլիոն եվրո գումարից մասհանվել է 6,5 միլիոն եվրոն:

Ծրագիրն ուղղված է 11 քաղաքների և 41 բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հրատապ վերականգմանը:

Երկարաձգման համար Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է վճարել ՎՎԲ կողմից գնահատված երկարաձգման վճարի մի մասը, որը կազմում է 960,000 եվրո:

Ժամկետի երկարաձգման առաջարկով մյուս նամակ-համաձայնագիրն է Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թվականի հուլիսի 1 -ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգումը:

Ծրագրի նպատակն է՝ միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը վրացական սահմանին մոտ` Այրումում տեղակայվող 500/400/220 ԿՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով: 2017թ. որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել ծրագիրը և ծախսերի օպտիմալացման նպատակով քննարկել դրա տեխնիկական նոր լուծումների հնարավորությունները:

Հայաստանի վարչապետի մոտ 2019թ. հոկտեմբերի 30-ին կայացած խորհրդակցության արդյունքներով որոշվել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» ծրագիրը շարունակել հայտարարված մրցույթների չեղարկման և առանձնացված 3 լոտերով նոր մրցույթների հայտարարման տարբերակով, որի համար անհրաժեշտություն է առաջացել վերանայել Գերմանիայի զարգացման (KfW) բանկի հետ ստորագրված վարկային և ծրագրային համաձայնագրերը:

Հաջորդ համաձայնագիրն է Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թվականի հունիսի 22-ին ստորագրված «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ - փուլ 1» ծրագիրը: Սահմանված մասհանման ժամկետում մասհանվել է 2,9 միլիոն եվրո գումար, չմասհանված միջոցները կազմում են 47 միլիոն եվրո:

Նշյալ երկարաձգման դեպքում Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է վճարել ՎՎԲ կողմից գնահատված երկարաձգման վճարի մի մասը, որը կազմում է 1,300,000 եվրո:

Համաձայնագրերը ստացան հանձնաժողովի դրական եզրակացությունը` ընդգրկվելով ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter