HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սիրիացի գրոհայինների հավաքագրմանն ուղղակիորեն մասնակցում են ահաբեկչական խմբավորումների առաջնորդները

Տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիան ղարաբաղյան հակամարտության վերջին սրացման առաջին օրվանից սիրիացի գրոհայինների է ուղարկում Ադրբեջան, բազմիցս դարձել է դիվանագիտական պաշտոնական հայտարարությունների առարկա։ Սակայն մինչ օրս Թուրքիան և Ադրբեջանը ժխտում են այդ փաստերը։ «Новая газета»-ն հրապարակել է այն մարդկանց անունները, հավաքագրման մեխանիզմները, ինչպես նաև պայմանները, հանուն որոնց սիրիացի գրոհայինները մեկնում են Լեռնային Ղարաբաղ կռվելու։

Լուսանկարում պատկերված անձը Մոհամեդ Շաալանն է։ Նա սիրիացի է, ծնունդով Հալեպի նահանգի Ալ Աթարիբ փոքր քաղաքից։ Նախկինում կռվել է «Սուվար ալ Շամ» բրիգադում, որը եղել է Սիրիայի ազատ բանակի կազմում։ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների մեկնարկից առաջ մեկնել է այնտեղ՝ կռվելու Ադրբեջանի կազմում։ Սպանվել է հակամարտության առաջին օրերին։

Մարդու իրավունքների սիրիական դիտարանի տվյալներով՝ ներկայումս Լեռնային Ղարաբաղի մարտերում զոհվել է Սիրիայի 134 քաղաքացի, որոնցից 13-ը վերջին 48 ժամվա ընթացքում։ Նրանք բոլորը հավաքագրվել են Թուրքիայի քաղաքացիների կողմից՝ Ադրբեջանի կազմում կռվելու համար։

«Новая газета»-ի աղբյուրները, սակայն, հայտնում են սիրիացիների շրջանում առավել մեծ թվով կորուստների մասին։ Համաձայն այդ տվյալների՝ Լեռնային Ղարաբաղում սպանվել է ավելի քան 185 սիրիացի վարձկան։ Ադրբեջան ուղարկված որոշ սիրիացիներ արդեն իսկ դիմել են իրեն թուրք հավաքագրողներին՝ խնդրելով օգնել վերադառնալ հայրենիք, առանց խոստացված աշխատավարձի վճարման։

Դժվար է ասել, թե քանի սիրիացի այս պահին կա Ադրբեջանում, սակայն Իդլիբից ստացված առաջին տվյալների համաձայն, այդ թիվն առաջին օրերին հասել է 1000-ի։ Կարևոր է հասկանալ, որ հակամարտության առաջին օրերին է եղել հավաքագրման հիմնական գործընթացը։ Արդյունքում, հավաքագրման ծավալները կրճատվել են, որովհետև Լեռնային Ղարաբաղի մարտերն այլ սցենարով են ընթանում։ Այնտեղ գրեթե չկա ուղղակի բախում հակառակորդի հետևակի հետ, իսկ մարտերը հիմնականում ընթանում են հրետանու և անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ։

«Новая газета»-ն նաև կարողացել է նոր մանրամասներ իմանալ գրոհայինների հավաքագրման գործընթացից։ Դրան մասնակցել են Իդլիբում և Հարավային Թուրքիայում գործող միանգամից մի քանի խմբավորումներ։ Պարբերականը նշում է սիրիացի այն դաշտային հրամանատարներին, որոնք ներգրավված են եղել հավաքագրման գործընթացին.

  • Մուստաֆա Սեյջարի, Թուրքիայի կողմից աջակցվող Սիրիայի ազգային բանակի հրամանատարներից մեկը, որն ավելի վաղ անդամակցել է Հյուսիսային Սիրիայում գործող «Մութասիմ» մարտական բրիգադին,
  • Աբու Համշա, «Սուլեյման Շահ» բրիգադի առաջնորդ,
  • Սեիֆ Աբու Բաքր, «Համզա» բրիգադի առաջնորդ,
  • «Սուլթան Մուրադ» բրիգադի հրամանատարները։

Վարձկաններին առաջարկվել է հետևյալ պայմանները. ամսական 1800 դոլար աշխատավարձ, որը գրոհայինը ստանալու է միանգամից՝ վերադառնալուց հետ։ Չվերադառնալու պարագայում այդ գումարը կստանա նրա ընտանիքը, ինչպես նաև լրացուցիչ 30 000 դոլար։ Վարձկանին և նրա ընտանիքին, ցանկացած ելքի պարագայում, երաշխավորվում էր նաև թուրքական քաղաքացիության տրամադրումը։ 

Սրանք այն պայմաններն են, որին համաձայնվում են բազմաթիվ սիրիացիներ։ Այդ տղամարդիկ, որոնք Իդլիբում, Ասադի բանակի դեմ մարտական գործողություններին մասնակցելու համար ստանում են ամսական 600 թուրքական լիրա աշխատավարձ (մոտ 77 դոլար), անմիջապես ընդունում են այդ պայմանները և ցանկանում գումար աշխատել՝ փորձելով դուրս գալ ծայրահեղ աղքատությունից։ Սրանք հիմնականում այն երիտասարդներ են, որոնք վերջին տարիներին ապրում են ծայրահեղ աղքատության մեջ և որոնց Թուրքիան, իր նպատակներին ծառայեցնելով, օգտագործում է Կովկասից մինչև Հյուսիսային Աֆրիկա։

Այդ վարձկանների գերճնշող մասը Սիրիայի արաբներ չեն, այլ սիրիացի թուրքմեններ, որոնք հիմնականում բնակվում են Սիրիայի հյուսիսային մարզերում։ Պատմականորեն նրանք հավատարիմ են Թուրքիային և նրանցից շատերը հավատում են «կապույտ հայրենիքի» գաղափարախոսությանը։

«Կապույտ հայրենիքի» դոկտրինը (թուրքերեն՝ Mavi vatan) 2006 թվականին հայտարարել է Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որով ենթադրվում է Օսմանյան կայսրության վերականգնում։ Էրդողանը որևէ կերպ չի թաքցնում իր կայսերական նկրտումները։ Այս պահին Թուրքիան ուղղակիորեն և անուղղակիորեն ներքաշված է մի քանի խնդիրներում. Լեռնային Ղարաբաղի հիմնահարց, Արևելյան Միջերկրականում երկրահետախուզական գործողություններ, որի պատճառով լուրջ խնդիրներ են առաջացել Թուրքիայի և Հունաստանի միջև, Լիբիայում ընթացող գործողություններ, որի ժամանակ Թուրքիան և Ռուսաստանն աջակցում են հակադիր կողմերի։ Թերևս միայն Սիրիայում է, որտեղ այս երկուսը որոշակիորեն համագործակցում են։

Լուսանկարը՝ Huseyin Nasir / Anadolu Agency

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter