
Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանական ծախսերը
Հայաստանի ռազմական կամ ավելի կոնկրետ՝ պաշտպանության նախարարության ծախսերը վերջին 10 տարիներին, բացառությամբ 2020 թվականի, շարունակաբար աճել են: 2019-ի համեմատ՝ այս տարի 2 մլրդ դրամի նվազում կա, սակայն պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ միայն 2019-2020 թվականներին են մեր ՊՆ-ի ծախսերը գերազանցել 300 մլրդ դրամը:
Պաշտպանության նախարարության ծախսերի տվյալները վերցրել ենք պետական բյուջեի մասին օրենքների հավելվածներից, որոնք բաց, հրապարակային եւ պաշտոնական աղբյուրներ են: Եթե 2012 թ. դրանք կազմել են 150 մլրդ դրամ, ապա 7 տարի անց՝ 2019-ին, ավելի քան կրկնապատկվել են՝ հասնելով 309 մլրդ-ի:
Քանի որ այս թվերն, օրինակ, Ադրբեջանի ռազմական ծախսերի հետ համեմատելու համար անհրաժեշտ է վերածել, ասենք, դոլարի, փոխարժեքը որոշելիս հիմք ենք ընդունել տվյալ տարվա հունվարի 1-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հայտարարված փոխարժեքը:
Եթե դրամային արտահայտությամբ ՀՀ ՊՆ-ի ծախսերը տարեցտարի աճել են, ապա դոլարի վերածելու դեպքում տեսնում ենք, որ որոշակի տատանումներ են եղել: Օրինակ՝ այս տարվա ծախսերը դոլարային փոխարժեքով ավելի մեծ են, քան նախորդ տարի, այնինչ դրամի դեպքում հակառակն էր:
Եթե դիտարկենք, թե ՀՀ ՊՆ-ի ծախսերն ընդհանուր պետական բյուջեի ծախսային մասի քանի տոկոսն են կազմել, ապա կստանանք հետեւյալ գրաֆիկը:
Համեմատելով Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանական կամ ռազմական ծախսերը՝ պետք է նկատենք, որ մեր երկրի պարագայում հաշվի ենք առել ՀՀ ՊՆ-ի ծախսերը, իսկ Ադրբեջանի դեպքում ներկայացված են պաշտպանական եւ անվտանգության ոլորտի ծախսերը, որոնք վերաբերում են ոչ միայն ՊՆ-ին, այլեւ, օրինակ, պետական սահմանապահ ծառայությանը (ՊՍԾ), պետական անվտանգության ծառայությանը (ՊԱԾ), արտաքին հետախուզության ծառայությանը (ԱՀԾ):
Իհարկե, սա մեծացնում է ծախսերի տարբերությունը՝ հօգուտ Ադրբեջանի, բայց պետք է հաշվի առնենք, որ 2018-ից ՀՀ-Ադրբեջան սահմանագծի Տավուշի հատվածում հակառակորդի կողմից ծառայություն է իրականացնում ոչ թե բանակը, այլ ՊՍԾ-ն: Բացի դրանից՝ սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում, ինչպես ցույց են տվել փաստերը, ադրբեջանական բանակից բացի՝ օգտագործվում են ոչ միայն ՊՍԾ ուժերը, այլեւ նույն վարձկան-ահաբեկիչները, որոնք բերվել են տարբեր երկրներից, կրում են սահմանապահ ծառայության հագուստ:
Ստորեւ ներկայացվող գրաֆիկը ցույց է տալիս ծախսերը մլրդ դոլարով: Ինչպես տեսնում ենք, եթե այս տարի մեր ՊՆ-ի ծախսերն անցել են 600 մլն դոլարի շեմը, ապա Ադրբեջանի պաշտպանական եւ անվտանգային ոլորտների ծախսերը գերազանցում են 2 մլրդ դոլարը:
Հավելենք, որ եթե Հայաստանի տվյալները հիմնված են պետբյուջեի թվերի վրա, ապա ադրբեջանական ցուցանիշները վերցրել ենք Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտից (SIPRI. սրա տվյալների վրա հիմնվում է նաեւ Համաշխարհային բանկը) եւ մամուլի հրապարակումներից:
Լուսանկարը՝ Արմեն Երամիշյանի (2016 թ. ապրիլ)
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել