Հատիսի գյուղապետը տեղյակ չէ, որ իր գյուղում հանցագործություն է կատարվել
Կոտայքի մարզի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ' ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն):
Հիշեցնենք, որ մայիսի 11-ի լուսադեմին Կոտայքի մարզի Հատիս գյուղի տարածքում «Արզնի-կաթ» կաթնամթերքի արտադրության սեփականատեր Մարատ Ջամվելյանն իր որդիների հետ վիճաբանել է Գևորգ Մեխակյանի ու նրա եղբորորդիների հետ։ Հնչել են հայհոյանքներ, նույնիսկ ծեծկռտուք է եղել:
Դեպքի վայր են ժամանել Հատիսի գյուղացիները, և Մարատ Ջամվելյանի կողմնակիցներից մեկը որսորդական հրացանով մի քանի անգամ օդ է կրակել' իբր ծեծկռտուքը ընդհատելու համար:
Ըստ շրջանառվող լուրերի' երեկ ոստիկանական բաժանմունք բերման է ենթարկվել Մարատ Ջամվելյանի որդին' Գեղամ Ջամվելյանը:
Հատիսի գյուղապետ Սամվել Գարսևանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե ինքը տեղյակ չէ կատարվածից: «Ես ոչ մի բան չգիտեմ, ոստիկանությունից իմացեք»,- ասաց գյուղապետը: Նա խուսափում էր կոնկրետ հարցերին պատասխանելուց' դարձյալ խորհուրդ տալով դիմել ոստիկանություն: «Ոչ տուժողների, ոչ էլ մնացածի մասին բան չգիտեմ»,- ավելացրեց Ս. Գարսևանյանը:
Իսկ Կոտայքի մարզպետարանի հասարակայնության և լրատվության բաժնի պետ Կարեն Մարգարյանն ասաց, որ գործը տեղափոխվել է ոստիկանական հարթություն և չմիջամտելու նպատակով մարզպետարանը չի ցանկանում որևէ մեկնաբանություն անել:
Այս պահին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գտնվում է Կոտայքի մարզում' ասմունքի մրցույթի մարզային միջոցառումներին մասնակցելու նպատակով: «Հետքի» աղբյուրների փոխանցմամբ' չի բացառվում, որ ԱԺ նախագահը հենց տեղում պարզի կատարվածը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել