HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսուա Պուպոնի. «Էրդողանը ստեղծում է իր ցանցերը՝ ազդելու Ֆրանսիայի քաղաքականության վրա»

Ֆրանսիայի Վալ դ'Ուազ դեպարտամենտից ընտրված պատգամավոր, նախկին սոցիալիստ Ֆրանսուա Պուպոնին ավելի քան քսան տարի ղեկավարել է Փարիզի արվարձանում գտնվող Սարսել համայնքը: Վերջերս նա հրատարակել է «Հանրապետության Էմիրությունները» գիրքը, որում դատապարտում է իր ընտրատարածքում քաղաքական իսլամի աճող ազդեցությունը: Ֆրանսիական «Մարիան» պարբերականի լրագրող Մարի-Օդ Փանոսյանին տված հարցազրույցում նա պատմել է, թե ինչպես են Ֆրանսիայում թուրքական միությունները, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությամբ, ազդում տեղական ընտրությունների արդյունքների վրա եւ աստիճանաբար վերցնում իշխանությունը՝ ազդելու Ֆրանսիայում հակաթուրքական տրամադրությունների վրա։ Ստորեւ՝ Սարսելի նախկին քաղաքապետի հարցազրույցը թարգմանաբար։

Դուք ձեր գրքում բացատրում եք, որ թուրքական համայնքը հատուկ տեղ է զբաղեցնում Վալ դ’Ուազում: Ի՞նչ տեղ։

Մոտ տասը տարի առաջ այս դեպարտամենտում, ընդհանուր առմամբ, թուրքական համայնք չկար: Հետո, աստիճանաբար, ընտրված պաշտոնյաները տեսան, թե ինչպես են թուրքերը ժամանում Գուսենվիլ, Գարժ-լե-Գոնես, ապա՝ Սարսել: Նրանք հստակ ցուցադրում էին հաստատվելու իրենց ցանկությունը: Խանութներ բացեցին, ստեղծեցին ձեռնարկություններ, մշակութային և կրոնական միություններ և ստանձնեցին որոշ մզկիթների կառավարումը: Սարսելում Էրդողանին մոտ գտնվող CIMG-ն՝ Milli Gorus իսլամական կոնֆեդերացիան կազմակերպեց համայնքի ժամանումը եւ ձեւավորումը: Դրա ղեկավարները շատ ակտիվ են, հրահանգավորված և ներկայացնում են քաղաքական իսլամը: Նրանք նպաստում են քաղաքում Էրդողանի ցանցերի ստեղծմանը:

Ինչպե՞ս է ֆինանսավորվում այս հաստատությունը:

Համառ լուրեր կան, որ այս ամենի հետեւում կանգնած է Թուրքիան: Ես դրա ապացույցը երբեք չեմ ունեցել: Փոխարենը կարող եմ ձեզ ասել, որ CIMG-ն շատ կարևոր ռեսուրսներ ունի։

Ի՞նչ հարաբերություններ ունի այս համայնքը իր մահմեդական համակրոնների հետ:

Նրանք քաղաքավարի են, բայց ոչ մեկը հիմար չի: Ֆրանսիայի մագրեբյան համայնքը (Մագրեբը արաբական Աֆրիկան է, որը ներառում է Ալժիրը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Մարոկկոն-Հետք) չի ողջունում Թուրքիայի «ժամանումը» Ֆրանսիա, որը փորձում է իշխանությունը վերցնել, այդ թվում՝ մուսուլմանների շրջանում:

Այդ համայնքն այս կամ այն կերպ կապվա՞ծ է թուրքական պետության հետ։

Ես ձեզ մեկ օրինակ բերեմ։ Մի քանի տարի առաջ մի թուրք երգիչ, որը գործունեություն է ծավալում Ֆրանսիայում, Հրանտ Դինքի մարդասպանի տեսքն էր ընդունել՝ հայ լրագրողի, որը սպանվեց Ստամբուլում 2007-ին։ Թուրքական համայնքը ցանկանում էր, որ նա ելույթ ունենա Սարսելում։ Առերեսվելով սադրանքի լրջությանը՝ ես հրամայեցի չեղարկել այդ համերգը: 15 րոպե անց Թուրքիայի հյուպատոսը զանգահարեց ինձ` բողոքելու: Նրանք դատարանում վիճարկեցին իմ որոշումը: Ես հաղթեցի։ Ես երբեք նման բանի չէի բախվել որեւէ ներկայացման համար։

Ինչու՞ են նրանք բնակություն հաստատել ձեր դեպարտամենտում:

Շատ պարզ պատճառով: Իմ տարածքում կան փոքրամասնություններ, որոնց հետապնդում են Թուրքիայում ՝ քրդեր, խալդեր և հայեր: Անկարայի կառավարությունը լավ հասկացել է, որ Ֆրանսիայում կշիռ ունեցող այդ համայնքներն ազդում են ժողովրդի ներկայացուցիչների վրա իրենց դատը պաշտպանելու համար: Եվ սա նորմալ է: Էրդողանի ռազմավարությունն է Սարսելի նման քաղաքներում թուրքերին հաստատելը, որպեսզի հետագայում կարողանա ճնշում գործադրել մեզ՝ ընտրված պաշտոնյաներիս վրա, որ մենք փոխենք մեր ռազմավարությունը: Եթե ​​մենք հրաժարվում ենք, նրանք մեզ դուրս են վռնդում:

Ձեզ հետ հենց այդպե՞ս պատահեց:

Այո։ Երբ ես բավականին կոշտ դիրքորոշում որդեգրեցի Անկարայի ռեժիմի դեմ, միությունների (թուրքական-Հետք) ղեկավարները խնդրեցին հանդիպել ինձ հետ: Ինձ զգուշացնելու համար, որ վաղ թե ուշ կամ ես կդառնամ իրենց ընկերը, կամ նրանք կվռնդեն ինձ: Ինչն էլ արեցին։ Ինձնից հետո համայնքի ղեկավարումը ստանձնածին ես զգուշացնում էի, որ գործ չունենա այս մարդկանց հետ: Նա համաձայնություն կնքեց այս շարժման հետ, և արշավ սկսեցին ինձ հաղթելու համար: Նրանց հաջողվեց:

Բայց դուք միակը չեք, ով աշխատանքից հեռացվել է...

Իսկապես։ Վերջին ընտրություններում թուրքական համայնքն օգնեց համայնքապետ Աբդելազիզ Համիդային հաղթել Գուսենվիլում, Պատրիկ Հադադին՝ հաղթել Սարսելում և Սեմի Դեբային՝ առաջատար դիրք զբաղեցնել Գարժ-լե-Գոնեսում: Այսօր թուրքական համայնքը մեր դեպարտամենտի մի շարք քաղաքներում վերցնում է իշխանությունը։ Համայնքային ընտրություններից հետո, կարծում եմ, նրանք շատ ակտիվ կլինեն դեպարտամենտների ընտրություններում: Վալ դ’Ուազում, ինչպես Ֆրանսիայում այլուր, նրանք սկսել են լոբբի հիմնել, որի նպատակն է արդյունավետորեն ազդել մեր երկրի քաղաքականության վրա և հակազդել հակաթուրքական դիրքորոշումներին:

Թարգմանությունը՝ Լիանա Սայադյանի

Լուսանկարում՝ Ֆրանսուա Պուպոնին, «Ֆրանսպրես» գործակալություն/Վինսենթ Ժերբե, Հանս Լուկաս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter