HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Էրդողանը Մակրոնին խորհուրդ է տվել «մտավոր առղջության ստուգում անցնել», Փարիզը խորհրդատվությունների համար հետ է կանչել իր դեսպանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ է տվել «հոգեկան առողջության ստուգում անցնել»՝ դատապարտելով նրա վերաբերմունքը մուսուլմանների նկատմամբ։

Ինչպես հաղորդում է ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականը, Ելիսեյան պալատն արձագանքել է՝ Էրդողանի մտքերը որակելով «անընդունելի» եւ բարձրացնելով «ցավակցության ու աջակցության» ուղերձների բացակայության հարցը պատմության ուսուցիչ Սեմյուել Պատիի սպանությունից հետո։

Նշենք, որ մեկ շաբաթ առաջ Փարիզի արվարձաններից մեկում երիտասարդ մուսուլմանի կողմից փողոցում գլխատվել էր քոլեջի պատմության ուսուցիչ Սեմյուել Պատին այն բանի համար, որ դասի ժամանակ, խոսելով խոսքի ազատության եւ այդ համատեքստում Մուհամեդի ծաղրանկարների մասին, խնդրել էր դասարանից դուրս գան մուսուլման այն աշակերտները, որոնց համար ընդունելի չեն Մուհամեդի ծաղրանկարները։ Մարդասպանին ոստիկանները սպանել էին դեպքի վայրում։ Այդ դեպքից հետո նախագահ Մակրոնը մտահոգիչ էր համարել քաղաքական իսլամի աճող ազդեցությունը եւ հայտարարել, որ խիստ հսկողություն է սահմանելու Ֆրանսիայում մզկիթների կառավարման եւ ֆինանսավորման նկատմամբ։

Այսօր ավելի վաղ՝ հեռուստատեսային ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահը քննադատել էր իր ֆրանսիացի գործընկերոջ որոշումը մուսուլման համայնքի վերաբերյալ։ «Ամենը, ինչ կարող ենք ասել մի պետության ղեկավարի մասին, որը նման վերաբերմունք ունի այլ կրոնների դավանող համայնքների միլիոնավոր անդամների հանդեպ, հետեւյալն է՝ նախեւառաջ գնացեք հոգեկան առողջության ստուգում անցեք»,-հայտարարել էր Էրդողանը։

Այս ելույթը կեսօրին դատապարտել է Ելիսեյան պալատը։ «Էրդողանի արտահայտություններն անընդունելի են։ «Չափազանցությունն ու կոպտությունը մեթոդ չեն: Մենք պահանջում ենք, որ Էրդողանը փոխի իր քաղաքականությունը, քանի որ դա վտանգավոր է բոլոր տեսանկյուններից: Մենք ավելորդ հակասությունների մեջ չենք մտնում և վիրավորանքներ չենք ընդունում»,- «Ֆրանսպրես» գործակալությանը մեկնաբանել է Ելիսեյան պալատը` հայտարարելով Անկարայում Ֆրանսիայի դեսպանին խորհրդակցության համար հետ կանչելու մասին:

Էրդողանն այս ամենով չի սահմանափակվել, նա կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները եւ կանխատեսել, որ Մակրոնը կպարտվի գալիք՝ 2022 թվականի ընտրություններում, քանի որ «ոչինչ չի արել Ֆրանսիայի համար»։  Երկու շաբաթ առաջ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սադրանք որակեց եւ դատապարտեց Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները «իսլամիստական անջատողականության» մասին: Ֆրանսիայում «անջատողականության» դեմ պայքարի մասին օրինագիծը, որն ուղղված է արմատական իսլամի դեմ, պետք է ներկայացվի դեկտեմբերի սկզբին: Այն նպատակ ունի ամրապնդել աշխարհիկությունը, համախմբել հանրապետական սկզբունքները Ֆրանսիայում և ներառում է Թուրքիայի հետ լարվածություն առաջացնող մի քանի կետեր, ինչպիսիք են մզկիթների ֆինանսավորման ուժեղացված հսկողությունը կամ արտերկրում իմամների ուսուցման արգելքը:

Այս վեճը գալիս է համալրելու Էմանուել Մակրոնի և նրա թուրք գործընկերոջ միջև տարաձայնությունների երկար ցուցակը՝ Միջերկրական ծովում լարվածությունից մինչև Լիբիայի հակամարտություն, ապա՝ բախումներ Լեռնային Ղարաբաղում։ Շատ խնդիրներ ներկայում հակադրում են Փարիզին և Անկարային:

Աղբյուրը՝ Le Figaro

Լուսանկարը՝ «Ֆրանսպրես» գործակալության/Լյուդովիկ Մարին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter