HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մահացել է Samsung-ի ղեկավար Լի Գոն Հին

78 տարեկան հասակում մահացել է Samsung ընկերության ղեկավար Լի Գոն Հին։ Այդ մասին գրում է Reuters գործակալությունը։ Նրա մահվան պատճառները չեն նշվում, սակայն հայտնի է, որ վեց տարի առաջ նրա մոտ եղել է սրտի կաթված, որից հետո Լի Գոն Հին հեռացել էր ընկերության օպերատիվ ղեկավարումից։ Վերջին տարիներին ընկերության փաստացի ղեկավարը նրա որդին էր՝ Լի Ջոն Յոն։

Լի Գոն Հին ընկերությունը ղեկավարում էր 1987 թվականից՝ հոր՝ Լի Բյոն Չհոլի մահվանից հետո, որը հիմնադրել է Samsung ընկերությունը։ Հենց Լի Գոն Հիի ղեկավարման տարիներին է ընկերությունը դարձել տեխնիկայի արտադրության համաշխարհային հսկաներից մեկը։

«Նախագահ Լին եղել է իսկական ստրատեգ, որը Samsung-ը տեղական բիզնեսից վերածել է ներդրումների և արդյունաբերության իրական հսկայի»,- նշվում է ընկերության հրապարակած մահախոսականի մեջ։

2008 թվականին Լի Գոն Հին հարկերի վճարումից խուսափելու համար դատապարտվել էր պայմանական ազատազրկման և ստիպված էր դուրս գալ ընկերության ղեկավար կազմից։ Երկու տարի անց դատավճիռը չեղյալ է հայտարարվել և նա վերադարձել էր իր զբաղեցրած պաշտոնին։ Լի Գոն Հիի որդին՝ Լի Ջոն Յոն ևս ներքաշված է եղել քրեական մի քանի գործերում։ Այսպես, 2017 թվականին պետական պաշտոնյային կաշառք տալու մեղադրանքով նա դատապարտվել է հինգ տարի ազատազրկման, սակայն մեկ տարի անց Լի Ջոն Յոն ազատ է արձակվել։

Forbes-ի տվյալներով՝ Լի Գոն Հիի կարողությունը գնահատվում է 20,9 միլիարդ դոլար։ 2020 թվականին Samsung ընկերությունը աշխարհի ամենաթանկ ապրանքանիշների ցանկում զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը։ Այն Հարավային Կորեայի ամենախոշոր արդյունաբերական միավորն է, որին բաժին է հասնում երկրի արդյունահանման շուրջ մեկ հինգերորդ մասը։

Լուսանկարը՝ Bloomberg File Photo-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter