HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստան ժամանած Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորական պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ առաջնագծում այն շարունակում է մնալ լարված: 

«Ըստ էության, Ադրբեջանը մերժում է հրադադարի հետ կապված միջազգային ջանքերը՝ բերելով ամենատարբեր պատճառաբանություններ: Մեծ հաշվով, իրավիճակը հետևյալն է. այն կոմպրոմիսը, որը Հայաստանի համար ընդունելի է լինում, նույն պահից Ադրբեջանի համար այն դառնում է անընդունելի: Սա նորություն չէ, և այս իրավիճակը մենք տեսել ենք բանակցային գործընթացում բավականին երկար ժամանակ: Կարող եմ բերել 2011 թվականի օրինակը, որպեսզի պարզ լինի, որ սա նոր ձեռագիր չէ:

2011-ին, երբ կար հայտնի կազանյան պրոցեսը, Հայաստանի Հանրապետությունը գնացել էր որոշակի փոխզիջումային տարբերակի և կար կարգավորման համաձայնեցված տեքստ, բայց Ադրբեջանը վերջին պահին հրաժարվեց ստորագրել այն՝ ավելի կոշտացնելով իր դիրքորոշումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ սա շատ կարևոր նրբություն է:

Վարչապետի խոսքով՝ ողջ միջազգային հանրությունն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի փոխզիջումային տարբերակով, ինչը հասկանալի է: 

«Փոխզիջում նշանակում է, որ կողմերը պետք է որոշակի ճկունություն ցուցաբերեն իրենց նախնական նշաձողերից, բայց ամբողջ խնդիրն այն է, որ երբ Հայաստանը որոշակի նշաձողի իր բաժին զիջումն անում է՝ հաջորդ պահին արդեն այդ իրավիճակը սկսում է ընդունելի չլինել Ադրբեջանի համար և նա ավելին է պահանջում: Հենց այս միտումն ու գործընթացն է, որ բերել է պատերազմի: Պատերազմի ընթացքում էլ այդ նույնն է տեղի ունենում, սկսած Մոսկվայի հայտարարությունից: Նաև նախագահ Մակրոնի միջնորդությամբ ձեռք բերվեց համաձայնություն և Ադրբեջանը շարունակաբար ու հետևողական խախտում է հրադադարի մասին պայմանավորվածությունները»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այստեղ էլ շատ մեծ է և վճռական Թուրքիայի դերը, որովհետև ամեն անգամ երբ հրադադարի մասին քննարկումներ են գնում՝ Թուրքիայից արտգործնախարարի կամ նախագահի մակարդակով լսում ենք հայտարարություն, որ իրենց կարծիքով՝ Ադրբեջանը չպետք է դադարեցնի մարտական գործողությունները:

«Սա շատ կարևոր նրբություն է, որովհետև ըստ էության կարող ենք ընկալել, որ մարտական գործողությունների ամենաշատը 1/3-րդն է կառավարվում Ադրբեջանի նախագահի կողմից, որովհետև այնտեղ ներգրավված են թուրքական զինվորականներ, ահաբեկիչներ և վարձկաններ, որոնք կառավարվում են թուրք զինվորականների կողմից, որոնք գտնվում են հենց Ադրբեջանում»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ավելացրել է, որ ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի պատկերացումները շարունակում են մնալ նույնը: «Կարծում ենք, որ հարցը չունի ռազմական լուծում և պետք է գտնենք փոխզիջումային տարբերակ: Հայաստանը ինչպես նախկինում, հիմա էլ պատրաստ է փոխզիջումների, բայց այստեղ առաջ գնալու հիմնական խոչընդոտն այն է, որ ցանկացած իրավիճակ, երբ Հայաստանի համար փոխզիջումային տրամաբանության մեջ կլինի ընդունելի, նույն պահից Ադրբեջանի համար դառնում է անընդունելի և նրանք ամեն անգամ, իհարկե Թուրքիայի աջակցությամբ շարունակում են պահանջել ավելին: Եվ այս պարագայում պարզ չէ, թե որտեղ է ավարտվում նրանց պահանջների և ախորժակի սահմանը: Հետևաբար, այս տրամաբանությամբ առաջին խնդիրը մնում է Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի ինքնապաշտպանությունը, որպեսզի հնարավոր դառնա դիվանագիտական իսկապես փոխզիջումային լուծումը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետը պատասխանել է ֆրանսիացի պատգամավորների մի շարք հարցերի, որոնց ընթացքում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների հետ քննարկումներին, Թուրքիայի ապակառուցողական գործելաոճին և տարածաշրջանային նկրտումներին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունում Իսրայելի անուղղակի ներգրավվածությանը, հայ ժողովրդի կողմից միջազգային հանրությունից ունեցած ակնկալիքներին:

Վարչապետն ընդգծել է, որ հայ ժողովրդի համար կարևոր խնդիր է մնում Արցախի կարգավիճակի հստակեցումն ու ինքնորոշման իրավունքի կիրառումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter