HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոշիկի վերանորոգման կետում

Այսօր հաճախ կարելի է լսել` ոչ միայն լավ կոշիկ ձեռք բերելն է խնդիր, այլև կոշիկի որակյալ վերանորոգումը:

Կոշիկի վերանորոգմամբ զբաղվողներից  քչերն են այսօր տիրապետում այս մասնագիտության գաղտնիքներին:

Եթե ժամանակին  գործել են արհեստագործական դպրոցներ կամ գործարաններում հնարավոր է եղել մասնագիտանալ, այժմ արդեն կոշկակար դառնալու երազանքը կարելի  է իրականացնել մասնավոր կոշկակարի մոտ սովորելով: Եթե բախտդ բերեց և լավ կոշկակար բարեկամ  կամ ուսուցիչ ունեցար, մասնագիտության գաղտնիքները կսովորես, հակառակ դեպքում` միշտ վտանգ կա, որ հաճախորդը երեսիդ կասի «փինաչի» բառը:

Տիգրան Մեծի փողոցի շենքերից մեկի բակում փոքրիկ արհեստանոց ունի 56-ամյա Նորիկ Ներսիսյանը: Վարպետը նիհար, փոքրահասակ մարդ է.  ալեխառն ցանցառ  մորուսով, ծխախոտի ծխից  դեղնած բեղերով: Բարի, համբերատար, իր գործին հարմարվող անձնավորություն է, ունի 3 երեխա, որոնց պահում է իր վաստակած քիչ գումարով: Արհեստանոցին մոտ է ապրում, և վարպետին ամեն օր ժամը 10-ին կարող ենք  այնտեղ տեսնել: Կոշկակարության արհեստին տիրապետել է Ռուսաստանում, դե իսկ գաղտնիքներն էլ սովորել է հորից:

«Մասնագիտական գաղտնիքները ինձ շատ են օգնում, բայց դրա հետ մեկտեղ պետք է քթածակ ունենալ: Եթե անծանոթ մոդելի կոշիկ են բերում, ապա պետք է իմանաս` ինչը ոնց անել»,- ասում է վարպետը:

Գործիքների լայն տեսականի չունի վարպետը, ունեցածն  էլ՝ մուրճ, դանակ, աքցան, մեխ, սոսինձ, թել, կրունկ հղկող հաստոց` տաչիլկա: Ճիշտ է՝ որակյալ նյութերով չի աշխատում, քանի որ հնարավորություն չունի այդ ամենը գնելու, բայց փորձում է այնպես անել, որ ոչ ոք չդժգոհի: Գոհ և ուրախ է լինում այն ժամանակ, երբ օրվա ընթացքում  3 և ավելի կոշիկի տակ է փոխում, որը արժե 1000-1500 դրամ:

Հիմա կարծես փոքր-ինչ մռայլ է  դարձել վարպետը, բոլորին խոժոռ հայացքով է նայում: Ծուլացե՞լ է, թե՞ գործ չունի անելու: Օրվա մեծ մասը նստած է արհեստանոցի առաջ և նայում է մարդկանց զննող հայացքով: Ֆինանսական ճգնաժամը ազդել է նաև վարպետի գործի վրա:

Գումար չկա ժողովրդի ձեռքին, իսկ դա նշանակում է, որ կոշիկի գործն էլ լավ չի լինի, որովհետև մարդիկ փող չունեն դրան տրամադրելու, չնայած դա գոնե այս գործին պետք է  նպաստեր այն առումով, որ գումարը խնայելու համար մարդիկ ավելի քիչ կոշիկ կգնեն և կգերադասեն կոշկակարի ծառայություններից օգտվել: Պարապությունից արդեն հոգնել է, եկամուտ չունի, և ընտանիքը մի կերպ է գոյատևում. «Անցած տարի ամեն օր 2-3 հազար դրամ կարող էի վաստակել, հիմա` 1000»:

Վարպետ Նորիկն ուզում է, որ գնահատեն իր աշխատանքը, որն ավելի շատ վարձատրության է արժանի. չէ՞ որ գործ ունի կոշիկի հետ:

Աննա Միտոյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter