HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանը քննարկեց հինգ վարկային համաձայնագիր

Խորհրդարանի հերթական նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ արդեն մեկ ամիս շարունակվող պատերազմական գործողություններում զոհված զինծառայողների և 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության նահատակների:

Այնուհետեւ ԱԺ-ում քննարկվեց Կառավարության ներկայացրած հինգ վարկային համաձայնագիր, որոնցից երեքը գործող վարկերի ժամկետի երկարաձգում է ենթադրում:

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև 2020 թվականի ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 17 մլն 9 հարյուր հազար եվրո լրացուցիչ ֆինանսավորում: 

Այն խորհրդարանին ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Մյուս համաձայնագիրն է` Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3 - մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Փոխնախարարի խոսքով` գործընկերների հետ կա համաձայնություն ծրագրի վերջնաժամկետը երկարացնել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը: Վարկային համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2014 թվականին, մասհանման սահմանված ժամկետը 2018 թվականն է եղել, ընդհանուր 30 միլիոն եվրո գումարից մասհանվել է 6,5 միլիոն եվրոն:

Ծրագիրն ուղղված է 11 քաղաքների և 41 բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հրատապ վերականգմանը:

Երկարաձգման համար Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է վճարել ՎՎԲ կողմից գնահատված երկարաձգման վճարի մի մասը, որը կազմում է 960,000 եվրո:

Հաջորդ համաձայնագիրն է Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թվականի հունիսի 22-ին ստորագրված «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ - փուլ 1» ծրագիրը: Սահմանված մասհանման ժամկետում մասհանվել է 2,9 միլիոն եվրո գումար, չմասհանված միջոցները կազմում են 47 միլիոն եվրո:

Նշյալ երկարաձգման դեպքում Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է վճարել ՎՎԲ կողմից գնահատված երկարաձգման վճարի մի մասը, որը կազմում է 1,300,000 եվրո:

Ժամկետի երկարաձգման առաջարկով մյուս նամակ-համաձայնագիրն է Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թվականի հուլիսի 1 -ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ վարկային համաձայնագիրը:

Ծրագրի նպատակն է՝ միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը վրացական սահմանին մոտ` Այրումում տեղակայվող 500/400/220 ԿՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով: 2017թ. որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել ծրագիրը և ծախսերի օպտիմալացման նպատակով քննարկել դրա տեխնիկական նոր լուծումների հնարավորությունները:

Հայաստանի վարչապետի մոտ 2019թ. հոկտեմբերի 30-ին կայացած խորհրդակցության արդյունքներով որոշվել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» ծրագիրը շարունակել հայտարարված մրցույթների չեղարկման և առանձնացված 3 լոտերով նոր մրցույթների հայտարարման տարբերակով, որի համար անհրաժեշտություն է առաջացել վերանայել Գերմանիայի զարգացման (KfW) բանկի հետ ստորագրված վարկային և ծրագրային համաձայնագրերը:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանն իր ելույթում ընդգծեց, որ KFW-ի հետ ֆինանսական համաձայնագրերի երկարաձգման հետևանքով պետությունը 155 միլիոն 462 հազար եվրոյի չափով լրացուցիչ վարկային միջոցներ է ներգրավելու:

«Ժամանակին երեք ծրագրերի գծով վարկային միջոցները չօգտագործելու, չմասհանելու համար պետությունը պետք է վճարի 383 հազար 656 եվրոյի չափով տուգանային վճար, բացի այդ երկարաձգելու համար հատուցման վճար` 3 միլիոն 440 հազար եվրոյի չափով»,-ասաց պատգամավորը:

Խաչատրյանի խոսքով, երբ մի գյուղապետ 100 հազար դրամ արժողությամբ աթոռ է տանում իր տուն, դատապարտվում է պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով: Վերջինս պատմեց, որ ռազմական դրության ժամանակ սահմանամերձ Ճամբարակում վաշտի հրամանատարը հանձնարարել է տղաներին անտառից ցախ բերել,  քանի որ դիրքերում ցուրտ է: Տղաները Տավուշի անտառ են գնացել, ըստ երևույթին ծառ կտրել, անտառտնտեսությունը առգրավվել է և ցախը, և մեքենաները, հարուցվել է քրեական գործ:

«Եթե կարողանում ենք ռազմական դրության պայմաններում զինվորին տաքացնելու համար ծառ կտրողի նկատմամբ քրեական գործ հարուցել, ինչպես հասկանանք այն, որ ծրագրերը ոչ արդյունավետ կազմակերպելու պատճառով պետության համար առաջանում է 3 միլիոն 800 հազար դոլարից ավելի ծախս կատարելու պարտավորություն»,-ասաց Խաչատրյանը:

Ըստ փոխնախարար Վաչե Տերտերյանի` վարկային համաձայնագրերի ժամկետների ուշացման և ծրագրերի դանդաղ ընթացքի պատճառներից մեկը մրցույթներն են:

«Առնվազն մի անգամ համարյա թե մի տարով ծրագիրը հետաձգվել է, որովհետև ներկայացված գնային առաջարկությունները մեր գործընկեր ֆինանսական կառույցին թվացել է չհիմնավորված բարձր, ինչի հետևանքով մրցույթը չեղյալ է համարվել»,-ասաց Տերտերյանը:

Նիստի ընթացքում ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ խոսել է Քննչական կոմիտեի նախագահի հետ: Վերջինս հայտնել է, որ նյութերի ուսումնասիրման արդյունքում մերժվել է քրեական գործի հարուցումը, հետևաբար նման դեպքով հարուցված քրեական գործ չկա:

Վերջին վարկային համաձայնագիրը ներկայացրեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը: Այն է` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա հունիսի 30-ին, այն նպատակ ունի զարգացնել Ճապոնիայի հետ տնտեսական համագործակցությունը և խթանել Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացումը:

Համաձայն Համաձայնագրի` Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի կառավարությանը տրամադրելու է չորս հարյուր միլիոն ճապոնական յեն (շուրջ 3,8 միլիոն դոլար) դրամաշնորհ, որի շրջանակում հայկական կողմը նպատակահարմար է համարում ձեռք բերել լիաքարշ (4WD) շտապ օգնության և «շարժական բժշկական կլինիկա» ավտոմեքենաներ, որոնք կօգտագործվեն Հայաստանի մարզերում, մասնավորապես` լեռնային շրջաններում, բնակչությանը բուժական օգնություն տրամադրելու նպատակով:

Լրացում 12:45

Խորհրդարանը քվեարկության ներկայացրեց վերոնշյալ համաձայնագրերը, բոլորն ընդունվեցին, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թվականի հուլիսի 1 -ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ վարկային համաձայնագրի: Այն մերժվեց 64 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter