
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 4.25%
Կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) որոշել է այս անգամ անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այն է՝ 4.25%: Այս մասին տեղեկանում ենք գլխավոր դրամատնից, որի խորհուրդն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, քննարկել է տոկոսադրույքի վերանայման հարցը:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսն է, որով Կենտրոնական բանկը վարկեր է տրամադրում գործող առևտրային բանկերին: Դա օգնում է բանկերին էժան փողի հարցում և որոշ ժամանակ անց կարող է հանգեցնել նրանց կողմից քաղաքացիներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների նվազմանը։
Սովորաբար, Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանում է` գլխավորապես հաշվի առնելով երկրի տնտեսության վիճակն և գնաճի մակարդակը։ Որքան ավելի մեծ է լինում գնաճը, այնքան ավելի բարձր տոկոսադրույք է սահմանվում, և հակառակը։ Այս անգամ ԿԲ-ն դեռևս չի մանրամասնել տոկոսադրույքն անփոփոխ թողնելու հիմքերը: Օրվա երկրորդ կեսին նախատեսված է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը:
Վերջին անգամ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է այս տարվա սեպտեմբերին՝ 4.5 %-ից դարձնելով 4.25%: Դա այս տարվա ընթացքում չորրորդ անգամն էր, որ ԿԲ-ն իջեցնում էր տոկոսադրույքը:
Մեկնաբանել