HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռազմագերին հաստատել է պատերազմում Թուրքիայի ներգրավվածության հանգամանքը․ ՔԿ քրեագիտական վարչության պետը մանրամասներ է հայտնում

Պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում ձեռք բերված մի շարք տվյալներով հիմնավորվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նախապես ծրագրված, կազմակերպված և իրականացված բոլոր հանցավոր արարքները։ Այս մասին այսօր Քննչական կոմիտեում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

Վերջինս նախ ներկայացրեց 2020-ի հուլիսյան դեպքերը, որոնց տրամաբանական շարունակությունն, ըստ նրա, սեպտեմբերի 27-ից՝  Արցախի Հանրապետության, իսկ 28-ից՝ Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և մինչև օրս վարվող ագրեսիվ պատերազմն է։

Մասնավորապես՝ հուլիսի 12-ից 17-ը Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկովի ընդհանուր հրամանատարությամբ, 3-րդ բանակային կորպուսի ուժերով և միջոցներով, մասնավորապես՝ 3-րդ բանակային կորպուսի 812-րդ մոտոհրաձգային բրիգադի, 065-րդ հրաձգային բրիգադի (տեղակայված է Սոյուզբուլախի բնակավայրում), 196-րդ հետևակային գումարտակի (տեղակայված է Ախստաֆայի բնակավայրում) և 052-րդ հատուկ նշանակության բրիգադի (տեղակայված է Յաշմայի բնակավայրում)՝ գեներալ-մայոր Հ. Ջաբրաիլովի, բանակային կորպուսի շտաբի պետ գեներալ-մայոր Պ. Հաշիմովի, 812 մոտոհրաձգային բրիգադի հրամանատար գնդապետ Շուքյուրովի և այլ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների, Ադրբեջանի զինված ուժերի կիրառմամբ համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ են դարձրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական հենակետերը, զորամասերը, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի Տավուշի մարզին հարող խորը թիկունքում և մարտական գործողություններին չմասնակցող 8 խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի և շփման սահմանագիծը հարող խիտ բնակեցված շրջաններում ապրող կանանց և տարեցներին, կարևորագույն քաղաքացիական ենթակառուցվածքները՝ շինությունները, ճանապարհները, տները և այլ ենթակառուցվածքները, առանձին քաղաքացիական անձանց, ինչը հանգեցրել է միջազգային իրավունքի պաշտպանության ներքո գտնվող անձանց տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների, ինչպես նաև՝ դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերով մասնավոր և պետական գույքի կանխամտածված ոչնչացմանը՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 146 միլիոն ՀՀ դրամից ավել գույքային վնաս։

Ըստ Վարդանյանի՝  միայն Տավուշում  տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործերով  տուժող ճանաչված 150 անձ կա, որոնց թվում՝ 5 զոհված և 32 տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողներ, քաղաքացիական անձինք։

Վարդանյանի խոսքով՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործերից մեկը վերաբերում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողություններում միջազգային պայմանագրով արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելու, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու առերևույթ հանցավոր արարքներ կատարելու դեպքերին։ Գործը հարուցած է ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 391-րդ հոդվածի 3-րդ մասով։

«Չհասնելով ռազմական որևէ հաջողության և կրելով մեծ կորուստներ, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և այլ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների ընդհանուր հրամանատարությամբ, Թուրքիայի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ միասին ծրագրել են իրականացնել ագրեսիայի ակտ, որի գործողությունները սկսվել են սույն թվականի հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 10-ը Արցախի և Հայաստանի Հանրապետության սահմանակից շրջաններում կազմակերպված զորավարժությունները։ Ստացված փաստական տվյալների համաձայն՝ նշված զորավարժությունների ավարտից հետո Թուրքիայի զինված ուժերի մեծաթիվ զինծառայողներ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ, շարունակել են մնալ Ադրբեջանում՝ փաստացի համատեղ կազմակերպելով Ադրբեջանի զինված ուժերի համակարգումը և տեղերում շարունակելով իրականացնել մարտական պատրաստության աշխատանքներ»,- ասաց Ռաֆայել Վարդանյանը և նշեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների նախապես ծրագրման մասին է վկայում նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք բերված փաստական տվյալներն այն մասին, որ մինչև բուն ռազմական գործողություններ սկսելը՝ դեռևս սեպտեմբերի սկզբներին զինված ուժերի ծառայողներին կոնկրետ հրաման է տրվել պատրաստվել պատերազմի Արցախի Հանրապետության դեմ, իսկ արդեն սեպտեմբերի կեսերից, Ադրբեջանում կազմակերպվել և իրականացվել է մեծամասշտաբ զորահավաք։ Ըստ որում՝ Վարդանյանի խոսքով՝ Թուրքիայից ժամանած բարձրաստիճան զինվորականները տեղերում՝ զորամասերում, անձամբ են իրականացրել և համակարգել մարտական պատրաստության դասընթացները։

Սեպտեմբերի 26-ին՝ նախքան բուն ռազմական գործողությունները սկսելը, Ադրբեջանի զինված ուժերը հանվել են իրենց մշտական տեղակայման վայրերից և համապատասխան ռազմական տեխնիկայի համալրումներով տեղակայվել են արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով։ Ավելին, մինչև լրիվ մարտական պատրաստության բերվելը, շփման գծին հարող Ադրբեջանի խաղաղ, խիտ բնակեցված բնակավայրերում, անմիջապես քաղաքացիական բնակիչների տների բակերում, տեղակայել են հրթիռահրետանային կայաններ։

Վարդանյանը նաև նշեց, որ մինչև սեպտեմբերի 27-ը և դրանից հետո, շարունակաբար, Ադրբեջանի զինված ուժերը  համալրվել են Իսրայելից, Թուրքիայից, Չեխիայից, Պակիստանից, Բելառուսից և այլ պետություններից ձեռք բերված ռազմական տեխնիկայով։

Ռազմագերին հաստատել է պատերազմում Թուրքիայի ներգրավվածության հանգամանքը

Վարդանյանը ներկայացրեց ձեռք բերված բազմաթիվ փաստական տվյալներից Ադրբեջանի զինծառայող, ենթասպա Էմին Բախշալիևի հարցաքննությունից մեկ հատված, ով ռազագերի է։ Դրանում զինծառայողը պատմում է, որ ռազմագերին հարցաքննվելիս ասել է՝ 2020 թվականի սեպտեմբերի սկզբին Ադրբեջանում հայտարարվել է զորահավաք և Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժություններից հետո Թուրքիայի զինվորական կազմը մնացել է Ադրբեջանում ու իրենց սովորեցրել լեռներում մարտ վարել։

«Մեզ ասել են՝ պատրաստվեք պատերազմի, քանի որ առաջիկայում ռազմական գործողություններ են լինելու՝ պետք է հարձակվենք մեր միակ թշնամու՝ հայկական դիրքերի ուղղությամբ»,- պատմել է զինվորականն ու նշել, որ Թուրքիայից ժամանած զինվորականները եղել են զինվորական համազգեստով,  սակայն կոչումներ չեն ունեցել, իրենք՝ զինծառայողները, նրանց դիմել են «հրամանատար»-ով։ Բացի այդ, ըստ ռազմագերու, պատերազմի ժամանակ իրենց պետք է օգնեին նաև Պակիստանից ժամանած ուժերը, որ Ադրբեջանը բանակի համար Իսրայելից, Թուրքիայից ձեռք է բերել հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր։

Տվյալներ՝ պատերազմում այլազգի վարձկաններ և միջազգային ահաբեկիչներ ներգրավելու մասին

Ռաֆայել Վարդանյանը ներկայացրեց նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք բերված  տվյալներ՝ պատերազմում Թուրքիայի զինված ուժերի, ինչպես նաև այլազգի վարձկանների և միջազգային ահաբեկիչների ներգրավման մասին։

Մասնավորապես, ըստ Ռաֆայել Վարդանյանի, վերոնշյալ զորավարժությունների ավարտից հետո՝ սեպտեմբերի 26-ին Թուրքիա-Ադրբեջան օդուղով իրականացված «A-400M» տեսակի երկու ինքնաթիռներով և սեպտեմբերի 27-ին՝ ժամը 10։00-10։30-ին, Թուրքիայի Հանրապետության Օրդու քաղաքից Վրաստան-Ադրբեջան օդուղով, Ադրբեջան են տեղափոխվել շուրջ 1000 թուրք զինծառայողներ։

Սեպտեմբերի 28-ին տվյալներ են ձեռք բերվել այլ երկրներից բերված իսլամիստ գրոհայինների առկայության ու ռազմական գործողություններում ներգրավվածության վերաբերյալ։

Սեպտեմբերի 28-ին տվյալներ են ստացվել նաև Պաշտպանության բանակի պահպանության գոտու լեռնային հատվածներում արաբալեզու զինյալների առկայության մասին, ովքեր ընդգրկված են եղել դիվերսիոն ներթափանցման խնդիրների իրականացման գործընթացում, իսկ վերջիններիս տեղաշարժն իրականացվել է թուրքական արտադրության «Կոբրա» տեսակի թեթև զրահամեքենաներով։

Նույն օրը Իրանի Իսլամական Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանամերձ գոտիներում նկատվել են Սիրիայից տեղափոխված գրոհայինների խմբեր, որոնք տեղակայված են եղել Հորադիզի մոտակայքում։

Սեպտեմբերի 29-ին հաստատվել է արաբալեզու (ենթադրաբար Սիրիայի հարավից) առնվազն 300 գրոհայինների մասնակցությունը «Արևելյան» օպերիացիոն ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին: Վարդանյանը նշեց, որ  «Արևելյան» օպերացիոն ուղղությամբ ընթացող մարտական գործողությունների ընթացքում արդեն իսկ սպանվել է երկու գրոհային:

Հոկտեմբերի 1-ին հաստատվել է թուրքմեն գրոհայինների մասնակցությունը «Արևելյան» օպերացիոն ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին: Վերջինների ներգրավվածությունը արձանագրվել է Արաքսի հովտում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն ընթացող մարտական գործողություններում, ինչի ընթացքում վիրավորում է ստացել առնվազն երկու գրոհային։

Հոկտեմբերի 2-ին պարզվել է, որ մարտական գործողություններին ներգրավված են պակիստանցի վարձկաններ:

Հոկտեմբերի 4-ին Գյանջայում են գտնվել Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների առնվազն 300 զինծառայող (ենթադրաբար՝ «Մորեգույն բերետներ»), որոնք, հավանաբար, նախապատրաստվել են  արևելյան և հյուսիսարևելյան օպերացիոն ուղղությամբ հատուկ գործողություններ իրականացնելուն: Վարդանյանի խոսքով՝ վերջինները նախկինում մասնակցել են Աֆրինի և Իդլիբի մարտական գործողություններին:

Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից մարտական գործողություններին մասնակցող սիրիացի զինյալները, քողարկման նպատակով հանդերձավորվել են Ադրբեջանի ՊՍԾ սահմանապահ զորքերի համազգեստով:

Հոկտեմբերի 4-ին՝ վաղ առավոտյան, Թուրքիայից Ադրբեջան են ժամանել ԹՀ ԶՈՒ 400 զինծառայող՝ քաղաքացիական հագուստով:

Ըստ Վարդանյանի՝ այլազգի վարձկանները և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչները ներգրավված են նաև Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի հարակից սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ իրականացվող ռազմական գործողություններում, Սյունիքի մարզի բնակավայրերից մեկում արաբ վարձկաններին պատկանող և արաբերեն գրառումներով հրազենի պատյան է հայտնաբերվել։

Քաղաքացիական բնակչությանը պատճառված ֆիզիկական և գույքային վնասները

Ռաֆայել Վարդանյանը ներկայացրեց նաև Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական բնակավայրերին պատճառված ֆիզիկական և գույքային վնասների վերաբերյալ տեղեկատվություն։

Վերջինիս խոսքով՝ հարձակման առաջին իսկ րոպեներից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ականանետային-հրթիռահրետանային միջոցների, ավիացիոն և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ է դարձել Արցախի Հանրապետության ավելի քան 120 քաղաքացիական բնակավայրերի խաղաղ բնակչությունը։ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կիրառվել են միջազգային իրավունքի նորմերով արգելված զինատեսակներ, այդ թվում՝ կասետային ռազմամթերք։

Ականանետային-հրթիռահրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառման արդյունքում 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից մինչև օրս զոհվել է ռազմական գործողություններին որևէ մասնակցություն չունեցող 39 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 12-ը՝ մայրաքաղաք Ստեփանակերտում, 8-ը՝ Մարտունու շրջանում, 4-ը՝ Մարտակերտում, 1-ը՝ Տիգրանակերտում, 4-ը՝ Ասկերանում, 1-ը՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում, 5-ը՝ Հադրութում, 1-ը՝ Շուշիում, 2-ը՝ Կարմիր շուկայում, 1-ի տվյալները պարզվում են։ Զոհված 39 խաղաղ բնակչից 1-ը մանկահասակ աղջիկ է, 6-ը՝ կին:

Նշված ժամանակահատվածում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 114 խաղաղ բնակիչ, այդ թվում 80-ից ավելին ստացել է ծանր մարմնական վնասվածքներ։ Մարմնական վնասվածք ստացած 109 խաղաղ բնակչից 51-ը վնասվածքները ստացել են մայրաքաղաք Ստեփանակերտում, 18-ը՝ Մարտունու շրջանում, 14-ը Մարտակերտում, 14-ը՝ Հադրութում, 4-ը Շուշիում, 7-ը՝ Ասկերանում,  3-ը՝ Քաշաթաղի շրջանում, 1-ը՝ Շահումյանում։ Նշված 114 խաղաղ բնակիչներից 4-ը՝ երեխա են, 18-ը՝ կին:

Տուժել են նաև մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողներ

Անդրադառնալով մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների թիրախավորմանը՝ Ռաֆայել Վարդանայնը նշեց, որ լրագրողները միտումնավոր են թիրախավորվել և դա կրել է հետևողական բնույթ։

«Լրատվամիջոցների ներկայացուցիչները ռազմական գործողությունների ընթացքում իրականացնում են իրավապաշտպան առաքելություն, նրանց գործառույթն է հանրությանը ներկայացնել իրականությունը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նշված գործառույթներին բացահայտ սպառնալիքների և իրավական մտացածին արգելքներ հարուցելուց զատ թիրախավորել է վերջիններիս կյանքն ու անվտանգությունը»,- ասաց Վարդանյանը և նշեց, որ իրենց մասնագիտական գործունեությունը Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի խաղաղ բնակավայրում իրականացնելու ընթացքում հոկտեմբերի 1-ին հրթիռակոծության արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել Ֆրանսիական «Le Monde» պարբերականի երկու լրագրող, ովքեր Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներ են: Բացի այդ՝ հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծության արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել երկու՝ ազգությամբ ռուս և մեկ հայ լրագրողներ։

Քննության առարկա են դարձել նաև Արցախի պաշտպանության բանակում զինվորական ծառայություն իրականացնող հայ զինծառայողների, Արցախի բնակավայրերում բնակվող խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված խոշտանգումների, առանձին դաժանությամբ իրականացված սպանությունների, ռազմագերիների կարգավիճակից օգտվող անձանց սպանությունների բոլոր դեպքերը։

Ադրբեջանը ոտնձգություն է կատարել նաև Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ

Վարդանյանի խոսքով՝ 2020 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13.00-ից սկսած և դրան հաջորդող օրերին, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը ականանետային-հրթիռահրետանային միջոցների կրակահերթերի, ավիացիոն և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ոտնձգություն է կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ՝ սանձազերծելով ագրեսիվ պատերազմ և իրականացնելով ագրեսիայի ակտ:

Մասնավորապես՝ Քննչական կոմիտեում հարուցված շուրջ մեկ տասնյակ քրեական գործերով իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը, օգտագործելով պատերազմ վարելու արգելված մեթոդներ, չտարբերակելով քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից, համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ է դարձրել խորը թիկունքում և մարտական գործողություններին չմասնակցող 16 խաղաղ բնակավայրի՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի, նույն մարզի Գեղամասար համայնքի Սոթք, Նորաբակ, Կութ բնակավայրերի, Վարդենիկ, Արծվանիստ, Մեծ Մասրիք համայնքների, Կոտայքի մարզի Կապուտան, Կոտայք համայնքների, Սյունիքի մարզի Կապան և Գորիս համայնքների ընդհանուր չորս բնակավայրերի, Տավուշի մարզի Այգեպար համայնքի, Վայոց Ձորի մարզի Կեչուտ բնակավայրի խիտ բնակեցված շրջաններում ապրող քաղաքացիական բնակչությանը, կարևորագույն քաղաքացիական ենթակառուցվածքները՝ շինությունները, ճանապարհները, բնակելի տները, ուսումնական հաստատությունները և այլ ենթակառուցվածքներ, մարդատար ավտոբուս, առանձին քաղաքացիական անձանց, որի արդյունքում սպանվել է միջազգային իրավունքի պաշտպանության ներքո գտնվող 8 անձ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 11 անձ, այդ թվում ինչպես խաղաղ բնակիչներ, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում գտնվող, ռազմական գործողություններին որևէ մասնակցություն չունեցող, մարտական առաջադրանք չիրականացնող ՀՀ զինված ուժերի զինծառայողներ։ Ականանետային-հրթիռահրետանային միջոցների և ԱԹՍ-երի կիրառմամբ գրոհները հանգեցրել են դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերով մասնավոր և պետական գույքի կանխամտածված ոչնչացմանը՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Բացի այդ, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների հանցավոր գործողությունների արդյունքում 2020 թվականի սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության օդային տարածքում՝ Վարդենիս համայնքի մոտակայքում, խոցվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող ՍՈՒ 25 օդանավը, որի արդյունքում զոհվել է օդաչու, մայոր Վալերի Դանելինը։

ՔԿ քրեագիտական վարչության պետի խոսքով՝ Քննչական կոմիտեի ծառայողները մեկնել են Արցախի Հանրապետություն և ստացված փաստական տվյալների հիման վրա Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, վարձկանության, ռազմական գործողություններում միջազգային պայմանագրով արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելու, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու առերևույթ հանցավոր արարքներ կատարելու դեպքերով ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 391-րդ հոդվածի 3-րդ մասով Կոմիտեի քրեագիտական վարչությունում հարուցվել է քրեական գործ, որին է միացվել նաև միջազգային ահաբեկչության փաստով հարուցված քրեական գործը։

Հարուցված քրեական գործերով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ ստեղծվել է ավելի քան 50 քննիչից բաղկացած քննչական խումբ, որոնց կազմում ընդգրկված են նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննիչները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter