
Ռազմական դրության ժամանակ ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը կարող է օգտագործվել. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը
Խորհրդարանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություն կատարելու Կառավարության առաջարկը, որի համաձայն` ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքն օգտագործելու հնարավորություն է տրվելու Կառավարությանը: Նախագիծն ընդունվեց միաձայն` 70 ձայնով:
Այն ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Ըստ փոխնախարարի` ռազմական դրությամբ պայմանավորված` խնդիրները լուծելու նպատակով կարող է օգտագործվել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը, եթե պետության տիրապետության ներքո գտնվող համապատասխան գույքը բավարար չէ:
Ըստ նախագծի` ֆիզիկական և իրավաբանական անձանց գուքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու դեպքում պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, առողջապահության, արտակարգ իրավիճակների, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների բնագավառների պետական լիազոր մարմինների ղեկավարները կամ նրանց կողմից այդ նպատակով լիազորված պաշտոնատար անձինք առաջարկում են գույքի օրինական տիրապետողին` գույքն օգտագործման նպատակով տրամադրել համապատասխան մարմնին:
Առաջարկությունը ներկայացնելիս գույքի օրինական տիրապետողին ներկայացվում է անհրաժեշտ գույքը, գույքի օգտագործման անհրաժեշտության հիմնավորումը (եթե այն գաղտնի չէ), գույքը վերադարձնելու (անհնարինության դեպքում` փոխհատուցելու) պետության պարտականությունը, ինչպես նաև նախազգուշացում այն մասին, որ կամավոր չհանձնելու դեպքում գույքը կարող է վերցվել հարկադիր կարգով:
Առաջարկությունը ներկայացվում է գրավոր, իսկ հրատապության դեպքում կարող է ներկայացվել նաև բանավոր: Գրավոր առաջարկի դեպքում այն հանձնվում է գույքի օրինական տիրապետողին առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում ուղարկվում հաշվառման վայրի հասցեով` զուգահեռաբար այն տեղադրելով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
Բալայանի խոսքով` գույքը վերցնելիս որոշակի արձանագրություն է կազմվում և հետագայում եթե որևէ վնաս է պատճառվում, ապա հատուցում է տրամադրվում:
Նախագիծը դեռևս պետք է քննարկվի, ապա քվեարկության ներկայացվի երկրորդ ընթերցմամբ:
Մեկնաբանել