HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Աշխարհազորն օրենսդրորեն սահմանվեց. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Խորհրդարանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Պաշտպանության մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որի համաձայն օրենսդրորեն սահմանվում է աշխարհազոր եզրույթը: Ըստ այդմ` աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է:

Այն քաղաքացիները, որոնք ունեն համապատասխան զինվորական հաշվառում և կցագրում պահեստազորում, աշխարհազորի կազմի մեջ չեն ներառվելու: Աշխարհազորում կարող են ընդգրկվել անձինք, որոնք կամավոր են և համապատասխան զինվորական պարտավորություն չունեն: Նախագծերի փաթեթը ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Աշխարհազորայինի հետ կնքվելու է պայմանագիր, նրան ամրակցվելու է զենք, տրամադրվելու` զինվորական համազգեստ, և նշանակվելու է համապատասխան պաշտոնի:

Աշխարհազորի կիրառումը ներառում է մասնակցությունը Հայաստանի Հանրապետության սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի վտանգված հատվածների զինված պաշտպանությանը, հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների դեմ պայքարին, հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների զինված պաշտպանությանը, զորքերի և բնակչության զանգվածային տեղաշարժի կենտրոնական երթուղիների զինված պահպանությանը և պաշտպանությանը,մասնակցությունը քաղաքացիական պաշտպանությանը:

Աշխարհազորի համակարգը գործում է տարածքային սկզբունքով, և ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ պայմանականորեն բաղկացած է զորամիավորումներից և դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից: Աշխարհազորի կառուցվածքը, պատրաստության և կիրառման պլանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանով:

Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի միջոցով:

Աշխարհազորային զորամիավորման ղեկավարը (հրամանատարը) խաղաղ և պատերազմի ժամանակ համապատասխան տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալն է, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի տեղակալը:

Նախագծերի փաթեթը պետք է քննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter