HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վարդան Պետրոսյան. «Երազում եմ, որ ներկայացման պահին մեկը մտնի դահլիճ ու գոռա՝ վերջացավ, պատերազմը վերջացավ»

Դիմակով դահլիճ մուտք գործող անձանց զգուշացնում են, որ պետք է նստեն զույգ-զույգ՝ բաց թողնելով հարակից երկու աթոռը: Սա COVID 19-ի պարտադրանք-պայմանն է հանրային փակ վայրերում մշակութային միջոցառումներին մասնակցելիս: Չկա նախկին աշխույժ մթնոլորտը, որ մշտապես տիրում է դրամատիկ թատրոնում, մինչեւ ներկայացումը սկսվելը: Հանդիսատեսը լուռ է՝ հայացքը բեմին, մտքով՝ սահմանին:

Հնչում է 3-րդը զանգը: Դահլիճում խտացող մթությանը զուգահեռ լռությունը ճեղքող օգնության ճիչերը, աղմուկ աղաղակը, արհավիրքից փախչող մարդկանց տեսքը, լարվածության մի քանի րոպեներ են պարգեւում բոլորին: Եվ հանկարծ, շատ մոտ տարածությունից, ոչ բեմից, այլ հենց դահլիճից, լսվում է տղամարդու ձայն. «Մի՛ վախեցեք»: Անակնկալի եկած հանդիսատեսը ծափահարում է: Անցնելով շարքերի միջով՝ բեմ է բարձրանում սիրված դերասան Վարդան Պետրոսյանը: 

Համավարակով պայմանավորված՝ 8-ամսյա դադարից հետո, հոբելյանական 155-րդ թատերաշրջանի բացումը պետք է տպավորիչ լիներ, որոշել էին աճեմյանցիներն ու ջանք չէին խնայել դրա համար: Նախատեսված էր երեք ներկայացման առաջնախաղ, որից երկուսը սեփական, 3-րդը՝ համագործակցության արդյունք էր: Վարդան Պետրոսյանի սցենարով, Անի Համելի բեմադրությամբ եւ աճեմյանցիների մասնակցությամբ «Վերելք» ներկայացմամբ պիտի ազդարարվեր թատերաշրջանի սկիզբը: Արցախում սկսված պատերազմը խառնեց բոլոր ծրագրերը:

«Ես պլանավորել էի Հայաստան բերել մեկ այլ ներկայացում, որով տարեսկզբին հյուրախաղերով հանդես էի եկել Լոս Անջելեսում, սակայն համավարակը փակեց բոլոր սահմանները: Այդ ընթացքում ես հետեւում էի հայաստանյան ներքաղաքական կյանքին, հայ մտքի պառակտվածությանը եւ հասկացա, որ իրավունք չունեմ «Նոր ժամանակներ, նոր բարքեր» ներկայացումը բերելու Հայաստան,- ասում է Վարդան Պետրոսյանը:- Ես իմ առջեւ հարց դրեցի, արդյո՞ք իրավունք ունեմ մտնելու պառակտվածության դաշտ ու ամբողջ ուժով կացնահարելու, թեկուզեւ այդ քննադատությունը իմ տառապանքի արգասիքն է, բայց դրա արդյունքն ի՞նչ պիտի լինի, ի՞նչ եմ տալու ես մարդկանց էդ ներկայացումով: Ամենաշատը՝ ավելանալու են նոր թքող-մրողներ համացանցում: Եվ ես որոշեցի դա թողնել այլ ժամանակների համար: Հիշեցի, որ Գյումրու դրամատիկականից մեկ տարի առաջ համատեղ ներկայացում անելու առաջարկ էի ստացել: Եվ հասկացա, որ մեզ բոլորիս այսօր «Վերելքն» է պետք, որպես համախմբման բանաձեւ»:

«Վերելքը սկսվում է հոգու մաքրումից»,- հնչում է դերասանի կոչ-հորդորը: Բեմում գյումրեցի ընտանիքը պատրաստվում է միանալ 2020թ-ի ապրիլի 24-ի վիրտուալ մոմավառությանը: Հաջորդ դրվագը հանդիսատեսին հետ է տանում մինչեւ 1869թ-ը, Քյոթահիա քաղաք, որտեղ ծնվել է Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան): Ներկայացման սյուժեն զուգահեռ ներկայացնում է 100 տարի առաջ տեղի ունեցած հայերի ցեղասպանությունն ու աշխարհի անտարբերությունը՝ այդ ամենը համադրելով մերօրյա իրականության հետ: Կոմիտասի կյանքի պատմությունը կարմիր թելով անցնում է ողջ ներկայացման ընթացքում:

Հանդիսատեսը չի հասցնում հուզվել արտասվելու աստիճան՝ արագ փոփոխվող պատումները դրա հնարավորությունը չեն տալիս: Վարդան Պետրոսյանի այնքան սիրելի երգիծանքին նստածներն արձագանքում են զուսպ ու մեղավոր: Ինչ-որ տեղ, աչքերի անկյունում ծվարած արցունքներն անարգել սկսում են հոսել, երբ ներկայացման ավարտին հնչում է՝ «հաղթել ենք» այնքան բաղձալի արտահայտությունը: 

Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը հիշեցնում է, որ վերջին ներկայացումը աճեմյանցիները խաղացել են մարտի 12-ին:

Համավարակով պայմանավորված՝ ունեցան ստեղծագործական դադար: Երբ թույլատրվեց աշխատանքները վերսկսել, միաժամանակ երկու նոր ներկայացում ձեռնարկեցին, հետո ծնվեց 3-րդի գաղափարը: «Վերելք»-ի նախապատրաստական աշխատանքները օգոստոսին էին, սեպտեմբերի կեսերին սկսվեցին բուն փորձերը: Լուրը, որ հարեւան երկիրը հարձակվել է Արցախի վրա ու սկսվել է պատերազմ՝ սառը ցնցուղ էր բոլորի համար:

«Մենք մի պահ դադարեցրինք աշխատանքները, որովհետեւ չգիտեինք պետք էր արդյոք այս օրերին ներկայացում խաղալ, մանավանդ որ արդեն զորակոչվածներ ունեինք, շատերը՝ զոհված հարազատներ: Դժվար էր գալ, մասնակցել փորձերին: Հետո հասկացանք, որ պարտավոր ենք լինել մեր տեղում, մեր տեսակով՝ զինվորի ու թիկունքում պայքարողների կողքին»:

«Մի պատմություն կա, որի մասին քչերը գիտեն,- ասում է Վարդան Պետրոսյանը,- 1922թ-ին, երբ դեռ թարմ էր թուրքերի պատճառած ավերածությունների վերքերը, Գյումրին լի էր գաղթականներով ու որբերով, այդ թվականին Արմեն Արմենյանը բեմադրում է «Սասունցի Դավիթը»: Բեմադրությանը մասնակցում է 150 հոգանոց մասսովկա՝ գաղթականներից: Ու ամեն անգամ հիշելով այս պատմությունը՝ զարմանում եմ, թե ինչ հոգու ուժ էր պետք ունենալ, որ սոված ու վիշտ տեսած քաղաքում բեմադրություն անեին եւ մարդիկ, որոնց մեծ մասը գաղթականներ էին, սարերում ծվարած ներկայացում դիտեին, ի՞նչ անմարդկային կամք էր պետք դրա համար»

Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը բացվել է 1942թ-ին՝ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ գերմանական զորքերը՝ գրավելով գյուղեր ու քաղաքներ, շարժվում էին առաջ: «Նշանակում է՝ պետք էր: Եվ ինչն էր հետաքրքիրը, որ բացվում էր ոչ թե դրամատիկ, այլ հենց օպերետային թատրոն»,- նկատում է Վարդան Պետրոսյանը՝ հավելելով, որ Վահրամ Փափազյանն էլ Լենինգրադում, բլոկադայի տարիներին, շարունակում էր «Օթելլո» խաղալ: Մոսկվայի օպերայի եւ բալետի թատրոնի արտիստները 1941-43թթ-ին՝ էվակուացվելով Սամարա (նախկինում՝ Կույբիշեւ) քաղաք, շարունակել են ներկայացումներ տալ՝ ստացված գումարները պարբերաբար ուղղելով պաշտպանության բանակի ֆոնդին: Օրինակները շատ են: 

«Մենք եւս որոշում ենք կայացրել «Վերելք»-ից ստացած հասույթը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին,- ասում է թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը,- երկու ներկայացում խաղացել ենք Գյումրիում, եւս երկուսն էլ՝ Երեւանում, սակայն հույս ունենք, որ կշարունակենք խաղալ, անգամ եթե 30 հոգի գա նայելու»:

Նախագիծն իրականացվել է ԿԳՍՄ նախարարության աջակցությամբ: Ըստ նախնական պայմանավորվածության, բացի Հանրապետության երկու քաղաքներից, պիտի խաղային նաեւ Ստեփանակերտում եւ Շուշիում, ինչպես նաեւ արտերկրի մի շարք գաղթօջախներում:

«Երազում եմ, որ ներկայացման պահին մեկը մտնի դահլիճ ու գոռա. «Վերջացավ, պատերազմը վերջացավ»,- ասում է Վարդան Պետրոսյանը,- հիշու՞մ եք, Ալբերտ Մկրտչյանի «Հին օրերի երգը» ֆիլմում կա էդպիսի տեսարան: Ես հիմա բեմ եմ բարձրանում՝ ականջս այդ ձայնի սպասումով»:

 

Լուսանկարները տրամադրել է Գյումրու դրամատիկական թատրոնը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter