HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավստրիական «Rotax» ընկերությունը դադարեցնում է թուրքական ռազմական ԱԹՍ-ների վրա կիրառվող շարժիչների մատակարարումը

Ավստրիական «Der Standard» պարբերականը հայտնել է, որ Ավստրիան այլևս թուրքական ռազմական ԱԹՍ-ների համար չի մատակարարի շարժիչներ։ «Rotax» ընկերության արտադրած շարժիչները օգտագործվում են թուրքական «Bayraktar TB2» ռազմական ԱԹՍ-ների վրա։ Հոդվածի հեղինակ Մարկուս Զուլցբախերը անդրադարձել է Ավստրիայի` շարժիչների արտահանման քաղաքականությանը։

Ավստրիայի Վերին Ավստրիա մարզի (գերմ.՝ Oberösterreich) Գունսկիրխեն քաղաքում նոյեմբերի 5-ին ցուցարարաները հավաք են նախատեսում։ Նրանց ցույցն ուղղված է այդտեղ գործող «Rotax» ընկերության դեմ, որի արտադրած շարժիչները օգտագործվում են թուրքական «Bayraktar TB2» ռազմական ԱԹՍ-ների վրա։ Անօդաչու թռչող սարքերը, որոնք ոչ միայն Քրդական բանվորական կուսակցության (PKK) և նրանց դաշնակից սիրիական զորքերի դեմ պայքարում թիրախավորված սպանությունների համար են կիրառվում, այլ նաև օգտագործվում են Ադրբեջանի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում։

Ավստրիական արտադրության շարժիչների՝ ռազմական դրոնների վրա կիրառվելու փաստը քաղաքական շրջանակներին հայտնի էր դեռ 2013 թվականից։ Այն ժամանակ «Presse» պարբերականը հայտնել էր, որ ամերիկյան «Predator» դրոնները կիրառում են «Rotax»-ի շարժիչները։ ԱՄՆ-ի կողմից Պակիստանում և այլ պետություններում իսլամիստ ահաաբեկիչների դեմ ԱԹՍ-ներով պատերազմը Թուրքիայի համար օրինակ է ծառայել և ոգեշնչել նույն եղանակով Անատոլիայում և Հյուսիային Իրաքում «PKK»-ի դեմ պայքարել։ Այդ ժամանակից ի վեր Թուրքիան ԱԹՍ-ների մի ամբողջ «նավատորմ» է կառուցել։ Նրա «Bayraktar TB2» ԱԹՍ-ները նաև արտահանվում են։

Մատակարարումը դադարեցված է

Ցուցարարների հիմնական պահանջը, սակայն, արդեն կատարվել է։ «Rotax»-ը դադարեցրել է շարժիչների առաքումը «անորոշ նպատակներով օգտագործող երկրներ»։ «Standard»-ի հետ զրույցում լուրը հաստատել է նաև ընկերության մամուլի խոսնակը։ Սրանով ընկերությունը հետևում է իր մայր կազմակերպության՝ կանադական «Bombardier» կոնցեռնի հրահանգին: Վերջինս ավելի վաղ Կանադայում ճնշումների տակ էր հայտնվել, երբ մեդիան «Standard»-ի հոդվածից տեղեկություններ ստացավ դրոնների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում կիրառվելու մասին։ 

Մատակարարման դադարեցումից տուժել են ոչ միայն Թուրքիայում արտադրվող դրոնները, այլ նաև Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դրոնները։ Վերջիններիս «Schahed 129» դրոնները ևս «Rotax-914» շարժիչներով են աշխատում։ Այս փաստը վնասում է «Bombardier» և «Rotax» ընկերությունների հեղինակությանը, որովհետև ԱՄՆ-ն Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին անցած տարի ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Ամերիկացիներն այժմ փորձում են պահպանել Իրանի դեմ զենքի երկարատև էմբարգոն։

Դրոնների մատակարարումը ուղիղ տեղի չի ունենում

Մինչ օրս «Rotax»-ն իր շարժիչների օգտագործման համար պատասխանատվություն չէր զգում, քանի որ դրանք իրականում արտադրվել էին թեթև և գերթեթև ինքնաթիռների համար, իսկ դրանց վաճառքն իրականացվում էր միջազգային միջնորդների կողմից։ Այսպես՝ Թուրքիա մատակարարումն իրականացրել է Իտալիան։ Գունսկիրխենից նշում են, որ դրոնների մատակարարումը ուղիղ տեղի չի ունենում։

Այդ պատճառով էլ «Rotax»-ն անհրաժեշտ չի համարել թույլտվություն ստանալ՝ դեպի Թուրքիա չորս մխոցով շարժիչներ արտահանելու համար։ Ավստրիայի էկոնոմիկայի նախարարությունը ևս դրա անհրաժեշտությունը չի տեսնում։ «Քանի որ դրանք ո՛չ հատուկ ռազմական նպատակներով են արտադրվել, ո՛չ էլ Եվրոպական Միության՝ պարտադիր թույլտվությամբ ապրանքների չափանիշներին են համապատասխանում, կարող են օրինական, առանց նախնական թույլտվության Թուրքիա արտահանվել»,- նշել է Ավստրիայի Էկոնոմիկայի նախարարության աշխատակից Վոլֆգանգ Շնայդերը։ 

2016 թվականին Ավստրիայի խորհրդարանն ընդունել էր մի բանաձև, որով պատգամավորները դեմ էին քվեարկել Ավստրիայից Թուրքիա զենքի արտահանմանը։ Պատգամավորներն այն ժամանակ իրենց պահանջը հիմնավորում էին Թուրքիայի ղեկավարության կողմից «քրդաբնակ շրջանների քաղաքացիական բնակչության դեմ գործողություններով, ժողովրդավարության և իրավական պետության վրա հարձակումներով, ինչպես նաև Սիրիայում և Հյուսիսային Իրաքում ռազմական ներգրավվածությամբ»։ Շնայդերն ընդգծել է, որ չնայած դրան, շարժիչների արտահանումը չի կարող արգելվել։

Միջազգային տնտեսական իրավունքը այս մասով հստակ է։ Այն նախատեսում է, որ ապրանքների արտահանման համար էկոնոմիկայի նախարարության կողմից թույլտվություն հարկավոր է, եթե դրանք «արտադրվում են կամ փոփոխության ենթարկվում ռազմական նպատակներով, կամ կիրառվում են ներքին ճնշումների, մարդու իրավունքների խախտման կամ ահաբեկչական նպատակների համար»։ Քաղաքական կամքի դեպքում սա պետք է բավարար լիներ պարտադիր թույլտվություն ստանալու համար։ Սակայն ըստ հոդվածագրի՝ դա բացակայում է։

Մատակակարումն Իրանին

Շնայդերը նշում է, որ, ի հակառակ, Իրանին մատակարարումները կարող են արգելվել։ Սակայն դրա համար մի շարք նախապայմաններ են անհրաժեշտ։ Այսպես՝ արտահանումն ուղղակիորեն պետք է տեղի ունենա Ավստրիայից, և էկոնոմիկայի նախարարությունը պետք է տեղյակ լինի, որ շարժիչների վերջնական կիրառումը ռազմական է կամ դրանք ռազմական ապրանքների մաս են լինելու։ «Rotax»-ն այդ մասին պետք է հայտներ Ավստրիայի Էկոնոմիկայի նախարարությանը։

Լուսանկարը՝ southfront.org-ից

Լուսինե Վարդանյան

Հետք Մեդիա Գործարանի ուսանող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter