HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ղարաբաղյան հակամարտության ռիսկերն անվերահսկելի են դառնում». ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ժնևում Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է․

«Հազարավոր քաղաքացիական անձանց հետ ԿԽՄԿ-ն այսօր ևս ականատես է եղել առաջնագծի երկու կողմում ծանր գնդակոծությունների, որոնք հանգեցրել են մահերի, ավերածությունների, վիրավորումների և  ծանրագույն վշտի։ Այս ամենն անընդունելի է։ Դժբախտաբար, գնդակոծության հետևանքով այսօր զոհվել է նաև մեր կամավորներից մեկը Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունից, ով երկու երեխաների հայր էր։ Եվս երկու կամավոր վիրավորվել է։ ԿԽՄԿ-ն իր ցավակցությունն է հայտնում զոհված կամավորի ընտանիքին և Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությանը։

Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ ղարաբաղյան հակամարտության ռիսկերն անվերահսկելի են դառնում, իսկ դրանց հետևանքներից առաջին հերթին տուժում է տարածաշրջանի քաղաքացիական բնակչությունը։ Քաղաքացիական անձանց շրջանում կորուստները ժամ առ ժամ են աճում, կյանքը խեղող վիրավորումներ ստացողների թիվը՝ ևս։ Բացի այդ, զգալի վնաս է պատճառվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ հիվանդանոցներին։

Սեպտեմբերի վերջին՝ հակամարտության սրման սկզբից, ԿԽՄԿ-ն հորդորել է կողմերին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ պաշտպանելու քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքները, այդ թվում՝ հիվանդանոցները, դպրոցները, շուկաները և մշակութային օբյեկտները։ Այս ամենը սոսկ բարի կամքի դրսևորումներ չեն․սրանք կոնկրետ պարտավորություններ են՝ ստանձնված միջազգային մարդասիրական իրավունքի ներքո։

ԿԽՄԿ-ն գաղտնապահ երկխոսության ձևաչափով մշտապես կապ է պահպանում կողմերի հետ՝ հիշեցնելու նրանց միջազգային մարդասիրական իրավունքի ներքո իրենց կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ։ Այն սարսափելի տեսարանները, որոնց անընդհատ ականատես ենք լինում, պարզապես չպետք է շարունակվեն»։

Մեկնաբանություններ (2)

joe
Amazing they talk of Azeri Red cross volunteers and then mention hospitals, schools and cultural centers in the same breath without mentioning they belong to Artsakh that have been bombed constantly for weeks by the true aggressor criminal genocidal Azerbaijan.Turks and mercenaries.. Just Unbelievable..
Margaret Harding
Azerbaijan attacked irst with Turkish help..They have caused all the deaths and suffering.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter