Պատգամավորության թեկնածու. ինչպես իշխանությունն է մտածում, այնպես էլ «ընդդիմությունը»
Թիվ 7 ընտրատարածքում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Արդեն հայտնի է Նիկոլ Փաշինյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի «անտեղյակության» խնդիրը: Բայց կան որոշ մանրամասներ, որոնց մասին կուզեի հանրությանը տեղեկացնել:
Ես Տիգրան Գրիգորյանն եմ և նույնպես հանդիսանում եմ այս ընտրատարածքում ինքնաառաջադրված պատգամավորության թեկնածու:
«Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 23-ի համարի առաջին էջից ծանոթացա, որ ես Սամվել Ալեքսանյանի կողմից եմ առաջադրվել: Բայց ամենազարմանալին սա չէր, այլ այն, որ «Հայկական ժամանակի» խմբագրություն գնալով հասկացա, որ այս մարդիկ ընդհանրապես ինձ չեն էլ ճանաչում, բայց ենթադրությունների մակարդակով իմ մասին գրել են այն, ինչ իրենց շահերից և առօրյա գործելաոճից է բխում` չխուսափելով նույնիսկ զրպարտողի անպատվաբեր դերից: Նիկոլ Փաշինյանը ասաց, որ թյուրիմացություն է եղել և առաջարկեց գրել այն հերքման տեքստը, որը կուզեի տպվեր հաջորդ համարում: Ես այդպես էլ արեցի, սակայն մարտի 24-ի համարում նման հերքում չգտա և տրամաբանորեն կարող եմ հանգել նրան, որ սա «ընդդիմության առաքյալների» հատուկ անհանդուրժողականության դրսևորումն է քաղաքական դաշտում նոր որակի գործիչների ակտիվացման նկատմամբ:
Երկրորդ անակնկալն այն էր, որ որոշ լրատվամիջոցներով իմ անունն ընդհանրապես չէր շոշափվում որպես թիվ 7 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, ինչը լրատվական բլոկադայի հետաքրքիր դրսևորում կարելի է դիտել, որի աղբյուրը «չգիտեմ» որտեղ փնտրել:
Ինձ համար ամենացնցող հայտարարությունն այն էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե ցանկացել է լինել այլընտրանքը, մինչդեռ ես մինչ այդ իրենց հետ բանակցությունների մեջ էի հենց այս գաղափարի իրականացման շուրջ: Երբ ես դիմեցի Ստյոպա Սաֆարյանին օգնելու ինձ, որպեսզի այդ ընտրատարածքում որակապես տարբերվող թեկնածուների հնարավորություն ստեղծվի, դա նրա համար հայտնության պես մի բան էր` շատ հավանեց միտքը: Մարտի 21-ի երեկոյան «Ժառանգության» գրասենյակում այս մասին իմացավ նաև Հովսեփ Խուրշուդյանը, առաջարկեցի անձամբ հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, որին ի պատասխան լսեցի, թե նա շատ զբաղված է և եթե հարկ համարի, հաջորդ օրը մինչ կեսօր ինձ հետ կկապվի: Եվ ով քեզ զարմանք, «առաքինության տիպար» Րաֆֆի Հովհաննիսյանը եկավ այլընտրանք ստեղծելու, վերջին պահին, առանց կուսակցության որոշման` լինելով կուսակցության ղեկավար: Այժմ չեմ զարմանում, որ նա ստիպված է եղել ինքնաբացարկ հայտարարել, քանի որ այդ քայլը նրա կողմից վատ էր հաշվարկված, և գաղափարն էլ իրենը չեր: Մարդիկ հեշտ են հրաժարվում այլոց գաղափարները կյանքի կոչելուց:
Հետաքրքիր է, որ ինչպես իշխանությունն է մտածում, որ ինքն այս երկրի համար միակն ու անփոխարինելին է, այնպես էլ «ընդդիմությունն» է մտածում, որ այս երկրում իրենից բացի այլընտրանք գոյություն չունի: Արդյունքում ունենք անցած տարիների այն քաղաքական գզվռտոցը, որը կասեցնում է մեր ազգային համախմբումն ու զարգացումը:
Նշված խնդիրներին առավել հանգամանալից կարող եք տեղեկանալ իմ առաջիկա մամլո ասուլիսից:
Հարգանոք`
Տիգրան Գրիգորյան,
թիվ 7 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել