HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց

 

Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հայտնում է, որ Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց։

Այս կապակցությամբ փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ռազմական դրության, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի՝ առողջական վիճակով պայմանավորված դատական նիստերին ներկայությունն ապահովելու անհնարինությունը, ի հավելումն այն հանգամանքի, որ այս փակուղային ու անորոշ ժամանակով ձգվող պրոցեսները կրիտիկական կարող են լինել Խաչատրյանի կյանքի և առողջության համար և նա անհապաղ բժշկական օգնության կարիք ունի, պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ։ Պաշտպանական կողմը գոհունակություն է հայտնում, որ այս անգամ, այնուամենայնիվ, արդարությունը վեր է գտնվել ամեն ինչից։

Ռազմական դրությամբ պայմանավորված, ինչպես նաև թշնամու կողմից իրավական վեճերի հնարավոր տարընթերցման ու ոչ հօգուտ Հայաստանի միջազգային հեղինակության ներկայացման ռիսկերով պայմանավորված՝ պաշտպանական կողմը իր վստահորդի նախաձեռնությամբ այս փուլում ձեռնպահ կմնա հավելյալ մեկնաբանություններից»։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանն, ըստ մեղադրանքի, 2008 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 4-ը հանդիսանալով կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար, այնուհետև 2008թ. հունիսի 4-ից մինչև օգոստոսի 20-ը՝ նշված կոմիտեի նախագահը, իսկ 2008թ. օգոստոսի 20-ից մինչև 2014թ. ապրիլի 26-ը զբաղեցնելով կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ 2014թ. ապրիլի 26-ից մինչև 2016թ. սեպտեմբերի 8-ը, ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնն,  իր ազգականներին նյութական օգուտ տալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող տեղակալի՝ Տիգրան Տարիելի Բարսեղյանի, ինչպես նաև պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, ապահովել է Հայաստանի  պետական բյուջեի հանդեպ 79 մլրդ 373 մլն դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ՓԲ ընկերության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 2011թ. ապրիլի 18-ի պայմանագրով գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերի շուկայականից էապես ցածր գնով՝ 34 մլն դրամով իրացումը քրոջ և եղբոր որդիների՝ Ռուբիկ Գասպարյանի և Արամ Խաչատրյանի մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը, իսկ ներդրում կատարելու վերաբերյալ մրցույթի անցկացման պարտադիր պայմանը նշված ընկերության հետ կնքված 2012թ. հուլիսի 2-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրում չներառելու հետևանքով ապահովել է «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերության ազատումը 5 մլն եվրոյին համարժեք 2 մլրդ 624 մլն դրամ ներդրում կատարելու պարտավորությունից:

Նշված գործողությունների հետևանքով խախտվել է պետական մարմինների բնականոն գործունեությունը, խաթարվել է պետական բյուջեի նկատմամբ առկա պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացման գործընթացը, անհավասար պայմաններ են ստեղծվել իրացման գործընթացի հնարավոր այլ մասնակիցների համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է 34 մլն ՀՀ դրամի, իսկ կազմակերպությանը՝ 2 մլրդ 624 մլն դրամի նյութական վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter