
Լույս է տեսել «Թուրքիայի առցանց լրատվամիջոցները» էլեկտրոնային գիրքը
Երևանում լույս է տեսել «Թուրքիայի առցանց լրատվամիջոցները. թարմացվող ձեռնարկ» էլեկտրոնային գիրքը, որը ներկայացնում է Թուրքիայի մամուլի համառոտ պատմությունը, առցանց մամուլի ընդհանուր պատկերն ու առանձնահատկությունները, անդրադառնում է առանձին լրատվամիջոցների, լրատվական գործակալությունների, մեդիա խմբերի: Այն հեղինակել է Թուրքիայի եւ Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ, «Եփրատ» հետազոտական կենտրոնի նախագահ Գեւորգ Պետրոսյանը։
«Հայաստանյան իրականությունում այս նախագիծն իր տեսակի մեջ առաջինն է. գիրքը թարմացվելու է յուրաքանչյուր տարի՝ նոր տարբերակում ընդգրկելով Թուրքիայի մամուլում արձանագրված փոփոխությունները՝ առավել թարմ, արդիական և օգտակար դարձնելով տրամադրվող տեղեկություններն ու տվյալները: Գրքի հին տարբերակներն իրենց հերթին արխիվացվելու են և շարունակելու են հասանելի մնալ»,- ասված է գրքի հրատարակման առիթով տարածված մամուլի հաղորդագրության մեջ։
Այս փուլում գործարկվել է գրքի միայն առցանց տարբերակը: Այն լինելու է անվճար և բաց հասանելիությամբ:
Ձեռնարկը կարելի է կարդալ և ներբեռնել գրքի համար ստեղծված TurkishMedia.am կայքում, ինչպես և Թուրքագիտական պորտալում՝ allTurkey.org:
Մեկնաբանել