HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Անհայտ անձը Նիցցայի Աստվածածնի Վերափոխման տաճարում հարձակվել է մարդկանց վրա. սպանվել է երեք մարդ

Անհայտ անձը Նիցցայում դանակով հարձակվել է մարդկանց վրա։ Վերջին տվյալներով՝ սպանվել է երեք մարդ, մի քանի մարդ էլ վիրավորվել է։ Այդ մասին գրում է BBC-ն։ Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին լրատվամիջոցներին հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է, իսկ տեղի ունեցածը բնորոշվում է որպես ահաբեկչություն։

Հարձակումը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական Ժան Մեդսեն պողոտայի վրա գտնվող Աստվածածնի Վերափոխման տաճարում։ Հանցագործը կտրել է զոհերից մեկի գլուխը, որը կին է եղել։ Մյուս սպանվածը եկեղեցու պահակն է։ Զոհերից մեկն էլ դուրս է վազել եկեղեցուց, սակայն շուտով մահացել է տաճարին հարակից տարածքում։ 

Նիցցայի քաղաքապետին և հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրները «Ֆրանսպրես»-ին հայտնել են, որ հարձակվողը բղավել է «Ալլա՜հ, աքբար»։ «Ձեռագիրը նույնն է, ինչ խիզախ ուսուցիչ Սեմուել Պատիի սպանությունը։ Բավակա՛ն է։ Ֆրանսիայի համար եկել է ժամանակը՝ դադարեցնել իրեն կապել խաղաղ ժամանակաշրջանի օրենքների հետ, որպեսզի հեռացնենք իսլամաֆաշիզմը մեր երկրից»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Քրիստիան Էստրոզին։ 

Կասկածյալը ձերբակալության ժամանակ ստացել է հրազենային վիրավորում և հսկողության տակ տեղափոխվել հիվանդանոց։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանեն հայտնել է, որ քաղաքում շարունակվում է ոստիկանական գործողությունը և խնդրել քաղաքացիներին դեռևս չգալ դեպքի վայր։ «Reuters» գործակալության թղթակիցը հայտնել է տաճարի մոտ զինված ոստիկանների և շտապօգնության մեքենաների առկայության մասին։

Ֆրանսիայի խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարվել է մեկ րոպե լռություն։

Հիշեցնենք, որ Նիցցան ֆրանսիական այն քաղաքներից մեկն է, որտեղ տեղի է ունեցել Ֆրանսիայի պատմության ամենաարյունալի ահաբեկչություններից մեկը։ 2016 թվականի հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավման օրը, ծնունդով թունիսցի ահաբեկիչը բեռնատարով մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, որի հետեւանքով զոհվել էր 86 մարդ։ Նրանցից մեկն ազգությամբ հայ է եղել։

«Reuters» գործակալությունը, հղում անելով ֆրանսիական ոստիկանությանը, գրում է, որ Նիցցայում այսօր տեղի ունեցած դեպքից որոշ ժամանակ անց Ֆրանսիայի Մոնֆավե քաղաքում, որը գտնվում է Ավինյոնի մոտ, ոստիկանները կրակ են արձակել մի տղամարդու ուղղությամբ, որը հրազենով սպառնացել է անցորդներին։ Ավելի վաղ, "Europe 1" ռադիոընկերությունը հայտնել էր, որ նա բղավել է «Ալլա՜հ, աքբար»։ 

Հոկտեմբերի 16-ին Ֆրանսիան ցնցվել էր քոլեջի պատմության ուսուցիչ Սեմուել Պատիի սպանությունից, որը տեղի էր ունեցել Փարիզի Կոնֆլան Սեն Օնորե արվարձանում։ Իսլամիստ երիտասարդ արմատականը կտրել էր ուսուցչի գլուխն այն բանի համար, որ վերջինս աշակերտներին ցույց էր տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը, որը 2015 թվականին առիթ էր դարձել «Charlie Hebdo» ամսագրի խմբագրության վրա հարձակման համար։ «Charlie Hebdo» ամսագրի հետ տեղի ունեցած դեպքից հետո աշխարհում սկսվել էին ազատ խոսքի և դրա սահմանների վերաբերյալ քննարկումներ ու բանավեճեր։

Լուսանկարը՝ «Getty Images»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter