HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիրակապեր պատրաստողները

Անգլիական այգին, ինչպես շատ այգիներ և հանրային տարածքներ, այս օրերին  փոխակերպվել է․ մի խումբ կամավորներ այստեղ հոկտեմբերի 1-ից վիրակապական պարագաներ են պատրաստում առաջնագիծ ուղարկելու համար։ 

Սկզբում աշխատում էին բացօթյա տարածքում։ Ավելի ուշ, եղանակով պայմանավորված, կամավորները տեղափոխվեցին այգում գտնվող փակ տարածք, որտեղ վիրակապերի համար սանիտարահիգիենիկ վիճակը պահպանելն ավելի հեշտ է։ 

Մինչ մտահղացման հեղինակ Տիգրան Արմենյանը գնացել էր վիրակապերի համար նոր կտոր գնելու, կազմակերպիչներից Անի Հանեսյանի հետ զրուցեցինք այս գաղափարի մասին։ «Սա այնպիսի բան է,  որ դու, ի սկզբանե, չես մտածում, որ դրա պահանջարկը կա»,- ասաց նա։ 

Կարևոր է, որ մինչև մասնագիտական բուժօգնություն ստանալը զինվորը կարողանա իրեն կամ իր ընկերոջը ձեռքի տակ եղածով օգնել, օրինակ՝ կտորով անշարժացնել ձեռքը։ Մասնակցելով առաջին բուժօգնության համապատասխան դասերին՝ կամավորներն էլ, ըստ Անիի, ձեռք բերեցին կիրառելի պարզ վիրակապեր ու պարսատիկներ (վիրակապի տեսակ) պատրաստելու հմտություններ։ Բացի բուն վիրակապերից, պարսատիկներից ու պարանից, ուղարկվող յուրաքանչյուր փաթեթում խումբը ներառում է նաև կարճ և հնարավորինս մատչելի հրահանգների թերթիկ, որտեղ ինչպես պատկերներով, այնպես էլ տեքստով բացատրվում է՝ ինչպես օգտվել պարագաներից։ Այդուհանդերձ, և՛ Անին, և՛ մեր զրույցին ավելի ուշ միացած Տիգրանն ասում են, որ այս վիրակապերի առավելությունն այն է, որ դրանցով հնարավոր է հեշտ «իմպրովիզացիա» անել և տեղում արագ կողմնորոշվել՝ ինչպես կիրառել։  

Նախնական 3-4 հոգանոց խումբը մի քանի օրում հասցրել էր ընդլայնվել՝ օգտագործելով քարանձավախույզների իրենց ֆեյսբուքյան հարթակը։ Կազմակերպիչները կարողացել էին արագ ներգրավել մեծ թվով կամավորների։ Մարդիկ տարաբնույթ աջակցություն են ցուցաբերում։ Առաջին օրերին մի ֆրանսիացի կին այգով անցնելիս նրանց նկատելով՝ առաջարկել էր իր ֆինանսական օգնությունը, պարան վաճառող որսորդական խանութը, նպատակի մասին իմանալով, 200 մետր պարանը նրանց անվճար էր տրամադրել, այգու վարձակալն էլ նրանց անժամկետ առաջարկել է այն փակ տարածքը, որտեղ այժմ աշխատում են՝ հետագայում խոստանալով այն ջեռուցել։ 

Նոր չթի կտորը ձեռքին վերադառնալով՝ Տիգրանը պատմեց իր մտահղացման մասին։ Առաջին օրերին նա գրանցվել էր որպես կամավոր։ «Հենց երրորդ օրն արդեն հասկացա, որ սպասած ժամկետում չեն կանչում ու մտածեցի՝ ինչ է կարելի անել, որ չեն անում, այսինքն՝ անհրաժեշտությունը կա, բայց չկա առաջարկը»։  

Առաջին բուժօգնության քայլերը նա սկսել էր սովորել լեռնային ուղեկցորդի դասընթացների ժամանակ՝ 2015 թվականին, այնուհետև՝ 2020 թվականի սկզբին, ավելի մանրամասն դասընթաց էր անցել, թե ինչպես կտորից պարսատիկներ և վիրակապեր պատրաստել։ Այժմ, արդեն բավականին մեծ թիմով նրանք մտածում են երկրորդ փուլի՝ հենաշարժիչ ինքնաշեն պարագաների ստեղծման մասին, օրինակ՝ կոտրվածքները տեղում արագ անշարժացնելու համար։ Այլ քաղաքներում՝ Արտաշատում, Գավառում և ուրիշ համայնքներում, կամավորական խմբեր են ձևավորվել, որոնք, ոգեշնչվելով իրենց օրինակով, նույնպես նման նախաձեռնություններ են սկսել։ 

Մինչ մենք զրուցում էինք, երեկոն մոտենում էր։ Կամավորները շարունակում էին աշխատել․ ոմանք կտորն էին կտրում, մյուսները դրանք բերում էին վիրակապի տեսքի, այլք՝ դասավորում արդեն պատրաստի պարագաները։ Յուրաքանչյուրն իր անելիքն ուներ։ 

Հաջորդ օրը նրանք կրկին գալու էին այստեղ՝ նույն աշխատանքն անելու՝ այնքան, որքան անհրաժեշտությունը լինի։ Ինչպես Տիգրանն ասաց. «Երեխեքը լավ են տրամադրված ու վճռական»։   

Հ․Գ․ Օգնել ցանկացողները նախաձեռնողների հետ կարող են կապ հաստատել նրանց ֆեյսբուքյան էջի միջոցով։ 


Շուշան Աբրահամյան,
Հետք Մեդիա Գործարան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter