
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիին
ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 29-ին Հայաստանի ԱԳ նախարար Զորհաբ Մնացականյանն ընդունել է աշխատանքային այցով Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: Երկուստեք անհանգստություն արտահայտվեց դեպի տարածաշրջան Մերձավոր Արևելքից միջազգային ահաբեկիչների տեղափոխման առնչությամբ, դիտարկելով դա որպես լուրջ սպառնալիք ողջ տարածաշրջանի համար:
ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը հասկանում է Իրանի զգայունությունները տարածաշրջանային անվտանգության նոր սպառնալիքների առնչությամբ և կարևորեց Իրանի դերը տարածաշրջանի կայունության և խաղաղության պահպանման գործում:
Իրանի փոխարտգործնախարար Արաղչիին ներկայացրել է իր երկրի մոտեցումները ստեղծված իրավիճակի հաղթահարման և կրակի դադարեցման ռեժիմի հաստատման ուղղությամբ: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն:
Իր հերթին ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին տեղեկացրել է հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու և այդ ձևաչափով աշխատանքները շարունակելու մասին:
Մեկնաբանել