HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արևածագում սգում են զոհված համադասարանցիներ Էրիկի և Արտակի մահը

Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած հարձակումը հետ մղելիս զոհվել են արևածագցի զինծառայողներ Էրիկ Աբրահամյանը և Արտակ Սուքիասյանը: Էրիկը և Արտակը համադասարանցիներ էին։ 2019 թ.-ին ավարտել են Արեւածագի 12-ամյա դպրոցը և 20 օր հետո՝ հուլիսի 8-ին, միասին մեկնել ծառայության: Նրանք 19 տարեկան էին: Տղաները ութ ամսից պետք է զորացրվեին:

Էրիկի մայրը՝ Դիանա Վարդանյանը, ասում է, որ որդին շատ էր սիրում Արևածագն ու  հողագործական աշխատանքները: «Մենք 5 կով ունենք, հայրը 5 հա հող է մշակում: Էրիկը դաշտային աշխատանքների սիրահար էր և այդ գործում հոր հենարանն էր: Հաճույքով ավտոմեքենա և տրակտոր էր վարում: Հաճույքով աշխատում էր Արևածագի դաշտերում և  գյուղի  հողագործներից իր համար շրջապատ էր ստեղծել: Պապի հասակակից տղամարդկանց հետ էր ընկերություն անում: Տարեց համագյուղացիներից շատերի մասին ասում էր՝ ընկերս է: Նրանք էլ տղայիս մասին խոսելիս ասում էին՝ Էրիկս: Ես էլ զարմացած հարցնում էի՝ Էրիկ ջան,  ախր, պապի հասակակից մարդիկ քեզ ի՞նչ ընկեր: Մենք «պրես» ունենք: Երեխես գնում էր գյուղացիների համար տրակտորով տուկ էր կապում: Հողագործի աշխատանքը շատ էր սիրում: Ասում էր՝ քաղաքը չի սիրում և չի գնա քաղաքում ապրելու»,- պատմում է Դիանան:

Արևածագցիները Դիանային և Արտակ Սուքիասյանի մորը՝ Անահիտ Նիկողոսյանին, հերոս մայրեր են անվանել։ «Ես կուզենայի հասարակ մայր լինել, միայն որդիս ողջ լիներ: Բայց գլուխս բարձր եմ քայլելու, Էրիկս հայրենիքի համար է հերոսացել»,- ասում է  Դիանան: 

Մայրը Էրիկի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 12-ի երեկոյան: Դրանից հետո Էրիկը չի պատասխանել մոր զանգերին: Հոկտեմբերի 17-ի երեկոյան հայտնել են որդու զոհվելու լուրը:

Էրիկը բանակից հորը խոստացել էր. «Պապ ջան, էս մի սեզոնին դիմացիր, մյուս ամառ գալիս եմ, դու էլ դաշտում գործ չես ունենա»։

Մեզ հետ զրուցելիս զոհված Արտակ Սուքիասյանի մայրը՝ Անահիտ Նիկողոսյանը,  վերապրեց որդու մանկությունը: Գորովանքով հիշեց Արևածագի դաշտերում կարտոֆիլի բերքահավաքի ժամանակ Արտակի մասին երջանիկ օրերից մեկը: Պատմեց, որ դեռ երեխա Արտակը հոր բեռնատարով դաշտից տեղափոխում էր արևածագցիների  կարտոֆիլը։ «Երբ մեքենան երևում էր դաշտի ճանապարհին, կարտոֆիլ հավաքողները գոռում էին՝ ավտոն գալի՜ս է, ավտոն գալի՜ս է: Ավտոն գալիս էր, բայց վարորդն այնքան փոքր էր, չէր երևում ավտոմեքենայի մեջ: Մի քիչ հետո փոքրիկ Արտակը ծիծաղելով  ավտոյից  հանում էր  գլուխը»,- հիշում է Անահիտը:

Մոր խոսքով՝ ամբողջ գյուղը՝ մեծ, թե փոքր, Արտակին ընկեր էին: Բանակ գնալիս մայրը Արտակին բացատրել է, որ մեծ եղբայրը՝ Արգամը, նույնպես բանակում է, խնջույք չի ցանկանում անել, տղաների վերադարձից հետո խնջույք կանեն: «Ասավ՝ մամ, կա՛մ մեծ քեֆ ենք անում, կա՛մ չենք անում: Շատ մեծ քեֆ արեցինք, բոլոր հարազատները եկել էին, իր բոլոր ընկերներին հրավիրել էր: Հայրն էլ գնաց բանակից եղբորը՝ Արգամին բերեց: Արտակը շատ ուրախ տրամադրությամբ գնաց ծառայության»,- պատմեց  Անահիտը:

Մայրը պատմում է , որ Արտակը ծառայության ընթացքում երբեք անտրամադիր չի խոսել ծնողների  հետ: Մեծ որդին՝ Արգամը, այս տարվա հունվարին է զորացրվել:

Արտակը Արևածագի գեղատեսիլ ձորում հանգստանալու իր սիրած տեղն է ունեցել: Մահվան նախորդող գիշերը ընկերներից մեկի հետ խոսելիս Արտակը խնդրել է Արևածագի ձորի իր սիրած վայրում 30 տեղանոց տաղավար կառուցել: Հիմա ընկերները կառուցում են»,- ասաց մայրը:

Արևածագի դպրոցի տնօրեն Արմինե Երիցյանի խոսքով՝ Էրիկը և Արտակը դպրոցի հպարտությունն են:  «Մեր դպրոցի 12-րդ դասարանի 2019 թ.-ի 11 շրջանավերտներից 9-ը տղաներ, 2-ը աղջիկներ էին: Տղաներից 8-ը դպրոցն ավարտելուց հետո մեկնել են ծառայության: Մեկը  առողջական վիճակի պատճառով չի զորակոչվել: Պատերազմում զոհվեցին մեր Էրիկն ու Արտակը: Մենք առաջիկայում դասասենյակը, որտեղ 12 տարի կրթվել ու դաստիարակվել են Էրիկն ու Արտակը, կանվանակոչենք նրանց անուններով»,- ասաց տնօրենը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter