
Ադրբեջանը հրթիռակոծել է Ստեփանակերտը՝ խախտելով ձեռք բերված պայմանավորվածությունը
Երեկ՝ հոկտեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից և կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված համաձայնությունների անվերապահ կատարման պայմանավորվածությունից շատ չանցած՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակաերտը կրկին հրթիռակոծվել է և թիրախում են եղել դարձյալ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։
Առավոտյան ժամը 7:08-ին քաղաքում լսվել են պայթյունի ձայներ: Նույն վարկյանին միացել է օդային տագնապի ազդանշանը: Այս անգամ Ստեփանակերտի կենտրոնական շուկան է ադրբեջանական ուժերի թիրախում:
Ավերվել է հանրային նշանակության ենթակառուցվածքի մի մասը, նյութական մեծ վնաս պատճառել խաղաղ բնակչությանը: Հաջորդ պայթյունից ավերվել է բնակելի տուն՝ ամբողջ գույքով: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները:
Նախնական տվյալներով տուժածներ չկան: Նշենք, որ հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերն, ընդհանուր առմամբ մայրաքաղաքում և շրջաններում պահպանվել էր հարաբերական հանգիստ իրավիճակը:
Մեկնաբանել