
Մոլդովայում նախագահական ընտրություններ են
Մոլդովայում ընթանում են նախագահական ընտրություններ։ Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ ընտրատեղամասերը բացվել են նոյեմբերի 1-ին՝ տեղի ժամանակով 07:00-ին, և կփակվեն 21:00-ին։ Ընտրատեղամասերի ընդհանուր թիվը 2143 է, որոնցից 139-ը բացվել են այլ երկրներում։
Հանրապետության ղեկավարի պաշտոնին հավակնում է ութ թեկնածու։ Քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն Ռենատո Ուսատիի, Անդրեյ Նեստասեի, Թուդոր Դելիուի, Իգոր Դոդոնի, Վիոլետա Իվանովի, Մայա Սանդուի, Օկտավիան Ցիկուի և Դորին Կիրտոակեի միջև: Այդուհանդերձ, գլխավոր մրցակիցներին են գործող նախագահ Իգոր Դոդոնը, որը հիմնականում վարում է ռուսամետ քաղաքականություն, և եվրոպամետ «Գործողությունների և համերաշխության կուսակցության» առաջնորդ Մայա Սանդուն։ Վերջինս կառավարությանը մեղադրում է ընտրությունների կեղծման մեջ և հայտարարում բողոքի ցույցեր կազմակերպելու մասին։
Ընտրություններում հաղթելու համար՝ թեկնածուներից մեկին անհրաժեշտ է հավաքել ձայների ավելի քան 50 %-ը, հակառակ պարագայում կկազմակերպվի ընտրությունների երկրորդ փուլ։ Ընտրողների շրջանում անցկացված հարցումների արդյունքներով՝ կկազմակերպվի ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ Մոլդովայի նախագահի պաշտոնի համար կպայքարեն Սանդուն և Դոդոնը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ բոլոր ընտրատեղամասերում ընտրողներին կտրամադրվեն բժշկական դիմակներ։ Մոլդովայի նախագահական ընտրությունների ընթացքին հետևում է 2193 դիտորդ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 1884 ազգային և 309 միջազգային դիտորդների:
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել