HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիական դասը վարել է նախարարը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է «Սեյվ դը չիլդրեն»  և «Ապագան քոնն է» կազմակերպությունների կողմից իրականացված «Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության» ծրագրի «Երեխան երեխայի համար» խմբերում ներգրավված աշակերտներին, որոնք ներկայացնում էին ՀՀ տարբեր մարզերի դպրոցները: 
 
Ողջունելով աշակերտներին՝ նախարարը նշել է. «Շնորհակալ եմ ակտիվ մասնակցության և հասարակական նախաձեռնության համար: Նմանատիպ ծրագրերը հնարավորություն են ընձեռում ձևավորել ՀՀ լիարժեք և կայացած քաղաքացի, ով ոչ միայն իր իրավունքների մասին ունի հստակ պատկերացում, այլ նաև իր նպաստն է ներդնում պետության և քաղաքացիական հասարակության կայացման գործում»:
 
Նախարարն իր խոսքում ընդգծել է, որ աշակերտակենտրոն դպրոցի գաղափարն այլընտրանք չունի և այդ համատեքստում անդրադարձել աշակերտական խորհուրդների գործունեությանը՝ հույս հայտնելով, որ դրանց գործունեությունը չի լինի ձևական, այլ իրականում աշակերտը լիարժեք կինտեգրվի դպրոցական անցուդարձի մեջ: Նա նաև հավելել է, որ նախատեսվում է ստեղծել հանրապետական աշակերտական խորհուրդ, որը կհամակարգի աշակերտների ներգրավվածությունը կրթական բոլոր գործընթացներում, հետադարձ կապ կապահովի նախարարի և դպրոցականների միջև և  պարբերաբար նախարարին կտեղեկացնի կրթական բոլոր բարեփոխումների վերաբերյալ աշակերտների մոտեցումները:
 
Հանդիպման ընթացքում աշակերտներն իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարին, որոնք, մասնավորապես, վերաբերել են տեղական ինքնակառավարման մարմիններում երեխաներին վերաբերող հարցերի շուրջ վերջիններիս մասնակցության, երեխաների իրավունքների և պարտականությունների, օրենսդրության մեջ երեխաների նկատմամբ բռնության հստակ սահմանման, ինչպես նաև մանկական, կրթական և ճանաչողական  հաղորդաշարերի, հեռուստաեթերի լեզվի  հստակ չափանիշների սահմանման, դպրոցից դուրս երեխաների ժամանցի կազմակերպման  և դպրոցական խաղահրապարակներին հարցերին:
 
Անդրադառնալով կրթական հաղորդաշարերին՝ Ա. Աշոտյանը նշել է, որ նախատեսվում է ավագ տարիքի երեխաների համար ստեղծել կրթական զվարճալի ինտելեկտուալ հաղորդաշարեր և խոստացել է դրանց նախապատրաստական աշխատանքներում ներգրավել նաև աշակերտներին:
 
ՏՆՀԵՄ ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի երեխաների կարողությունների զարգացմանը, որպեսզի նրանք առաջատար դեր խաղան տեղական, ազգային և տարածաշրջանային մակարդակներում իրենց իրավունքների պաշտպանության գործում: Ծրագրի շրջանակում խթանվել են երեխաների` համայնքային, մարզային և պետական իշխանությունների հետ աշխատելու միջոցով հիմնախնդիրներ վերլուծելու և դրանց լուծումներ տալու հմտությունները: Մեծահասակների օգնությամբ երեխաները նախաձեռնել և կյանքի են կոչել 80 բազմաբնույթ ծրագրեր՝ երեխաների իրավունքներին վերաբերող տարբեր ոլորտներում։
 
Այս ծրագրերի իրականացման ընթացքում երեխաները ուսումնասիրել և առաջ են քաշել տվյալ դաշտը կարգավորող օրենսդրական հարցերի շուրջ մի շարք առաջարկներ, դրանք քննարկել տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ և շուտով կներկայացնեն ՀՀ կառավարություն և Ազգային ժողով: Երեխաների առանձնացրած հիմնախնդիրները վերաբերում են երեխայի մասնակցությանը, պաշտպանությանը, կրթությանը, ազատ ժամանցին, առողջությանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանը: ՏՆՀԵՄ ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպությունը` «Ապագան քոնն է» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: ՏՆՀԵՄ-ի շրջանակներում Երևանում և հինգ մարզերում (Արարատ, Արմավիր, Կոտայք, Արագածոտն և Գեղարքունիք) ստեղծվել է 80 ԵԵՀ խումբ` շուրջ 2000 երեխայի մասնակցությամբ: Բացի այդ, ևս 2500 երեխա մասնակցել է ԵԵՀ խմբերի կազմակերպած միջոցառումներին:
 
ՀՀ ԿԳՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter