
«Բոգո»-ն Երևանում ապօրինի շինարարություն է իրականացնում (տեսանյութ)
Մինչ հանրության ուշադրության կենտրոնում Արցախում տեղի ունեցող պատերազմն է, Երևանում ապօրինի շինարարություն է իրականացնում «Բոգո» անունով հայտնի քրեական հեղինակություն Ռուբեն Կոստանյանը։
Երևանի կենտրոնական («Կիլիկիա») ավտոկայանի հարակից տարածքներում գտնվող շինությունների մեծ մասը պատկանում են Ռուբեն Կոստանյանին։ Այդ շինություններից մեկի ետնամասում էլ ակտիվ շինաշխատանքներ են սկսվել։ Հարակից շենքերի բնակիչներից «Հետք»-ը տեղեկացավ, որ նույնիսկ քաղաքապետարանին տեղյակ պահելուց հետո ապօրինի շինարարությունը շարունակվում է։
Հրազդան գետից սկիզբ առնող ջրանցքն ացնում է ավտոկայանի, Դալմայի այգիների մոտով։ Հենց այդ ջրանցքի վրա էլ մետաղական կոնստրուկցիաներ են դրվում՝ հետագայում ջրանցքը ծածկելու և տարածքում ընդլայնվելու նպատակով։ Ջրանցքի մի հատված արդեն ծածկվել է կոնստրուկցիաներով և բետոնապատվել է։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց, որ շինարարությունն ապօրինի է իրականացվում։ Նրա խոսքով՝ քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցներն արդեն վարչարարություն են իրականացրել, արձանագրվել է ապօրինի շինարարության փաստը։ Տարածքում մի շինություն էլ կա, որի ապօրինի լինելն ավելի վաղ էր արձանագրվել և ապամոնտաժելու որոշում է կայացվել։
Տեսանյութը՝ Սարգիս Խարազյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել