HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերելու Ադրբեջանի հանրությանը». վարչապետը՝ Al Jazeera-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Jazeera հեռուստաալիքին։ Կառավարության մամուլի ծառայությունը ներկայացրել է հարցազրույցի տեսանյութն ու հայերեն տեքստային տարբերակը։

Al Jazeera - Բարև ձեզ: Այսօրվա հատուկ թողարկման մեր հյուրը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Պարոն վարչապետ, ողջունում ենք Ձեզ և շնորհակալություն ենք հայտնում մեզ հյուրընկալելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես եմ շնորհակալ:

Al Jazeera - Պարոն վարչապետ, կխնդրեի ներկայացնեիք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև պաշտոնական հարաբերությունները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախ, ցանկանում եմ արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղում հազարամյակներ ի վեր հայեր են ապրել, և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում հայկական բնակչությունը միշտ եղել է 80 և ավելի տոկոս: Եվ ցանկանում եմ նաև արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային հսկայական ժառանգություն կա՝ եկեղեցիներ, այլ կառույցներ՝ սկսած 5-րդ դարից: Առաջին հայկական դպրոցն ստեղծվել է հենց Լեռնային Ղարաբաղում: Մեր հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հետ կապված չեն հողի հետ հարաբերությունների հետ, այլ կապված են մարդկանց հետ հարաբերությունների հետ: 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի հայությունը Խորհրդային միությունում ժողովրդավարացման գործընթացների համատեքստում փորձել է վերականգնել իր իրավունքները։ Խոսքը հետևյալ իրավունքի մասին է. երբ Խորհրդային միությունը ձևավորվում էր, այդ ժամանակ 80 և ավելի տոկոս հայկական բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը ոչ թե Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկվեց, այլ Խորհրդային Ադրբեջանի, և դա տեղի ունեցավ Ստալինի կամայական որոշման արդյունքում: Եվ երբ Խորհրդային միությունում ժողովրդավարացման գործընթացներ սկսվեցին, Լեռնային Ղարաբաղի հայերը փորձեցին խաղաղ քաղաքական ճանապարհով վերականգնել իրենց իրավունքները և վերամիավորվել Հայաստանի Հանրապետության հետ, ինչին Խորհրդային միությունը և Ադրբեջանը արձագանքեցին բռնություններով՝ մարդկանց նկատմամբ: Եվ նկատի ունեմ, որ մեր հարաբերությունը կապված է մարդկանց հետ, այն մարդկանց, ովքեր ապրել են, ապրում են և պիտի ապրեն Ղարաբաղում:

Al Jazeera - Ինչպե՞ս կարող ենք ներկայացնել Լեռնային Ղարաբաղը՝ օրինակ, երբ ես Հայաստանից գնում եմ Ղարաբաղ, ո՞ւր եմ գնում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը հետագայում, և մենք ասում ենք Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետություն, որտեղ կա ընտրված նախագահ, կա խորհրդարան, կան պետական կառավարման մարմիններ: Դա Հայաստանի Հանրապետության տարածք չի համարվում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակված պետություն է, որը, սակայն, մինչ օրս, ցավոք, միջազգային ճանաչում չի ստացել:

Al Jazeera - Պարոն վարչապետ, Դուք խոսեցիք պատմական ասպեկտի մասին: Ադրբեջանցիները նաև ներկայացնում են փաստաթղթեր, որ հողն իրենց է պատկանում: Եթե խոսենք միջազգային իրավունքի մասին, ի՞նչ կասեք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես ցանկանում եմ ուշադրություն հրավիրել հետևյալ փաստի վրա՝ այնպես, ինչպես մեկնաբանում է Ադրբեջանը միջազգային իրավունքը, կարող ենք ասել, որ Ադրբեջանը Խորհրդային միության մաս է, և այդպիսի անկախ պետություն գոյություն չունի: Բայց Դուք կարող եք ասել, որ Խորհրդային միությունը գոյություն չունի այլևս, որպեսզի Ադրբեջանը լինի այդ Խորհրդային միության մաս: Նույնկերպ և Խորհրդային Ադրբեջանը գոյություն չունի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը լինի Ադրբեջանի մաս: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին, դրանք ընդունվել են կոնկրետ իրավիճակում, դրանք նկարագրել են կոնկրետ իրավիճակ, դրանք նկարագրել են Լեռնային Ղարաբաղի հայկական ինքնապաշտպանական ուժերի և Ադրբեջանի զինված ուժերի բախումը և դրանց արդյունքները:

Անվտանգության խորհրդում նկարագրված պատմությունը նույնպես ունի շատ կարևոր համատեքստ: Ես արդեն ասացի, որ բացարձակապես խաղաղ քաղաքական պայքարին Ադրբեջանն արձագանքել է բռնի ուժով, ինչպես այսօր՝ ռմբակոծելով, հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը: Այդ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծությունները հեռացնելու համար Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերն ստիպված են եղել ձևավորել անվտանգության գոտի:

Al Jazeera - Երբ սկսվեցին ռազմական գործողությունները, Դուք ասացիք, որ, հնարավոր է, Հայաստանը միակողմանի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ի՞նչ կարող է սա փոխել ներկայում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այդ հարցը եղել է մեր օրակարգում և կա մեր օրակարգում: Բայց մեզ համար գլխավոր է ոչ այնքան, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Որովհետև Հայաստանի Հանրապետությունը դա միշտ կարող է անել: Կարևոր է, որ ճանաչեն միջազգային հանրության մյուս ներկայացուցիչները: Եվ այսօր կարծում ենք, առավել ևս, այդ հարցը հրատապ է, և ստեղծված իրավիճակը հաշվի առնելով, հաշվի առնելով հումանիտար աղետի վիճակը, որում գտնվում է Լեռնային Ղարաբաղը, հաշվի առնելով այն անառարկելի փաստը, որ Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում նշանակում է առանց հայերի Լեռնային Ղարաբաղ, նշանակում է էթնիկ զտումներ՝ մենք կարծում ենք, որ այս պարագայում պետք է կիրառվի «անջատում հանուն փրկության» բանաձևը, և միջազգային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Al Jazeera - Դուք խոսեցիք էթնիկ զտման մասին: Ադրբեջանցիները մեղադրում են ձեզ, որ դուք փոխել եք Ղարաբաղի ինքնությունը, ոչնչացրել եք գերեզմանները, մզկիթները, անունն եք փոխել՝ Արցախ կոչելով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գերեզմաններ չեն ոչնչացվել: Վերջերս Լեռնային Ղարաբաղում ամենաբարձր ժամանակակից տեխնոլոգիաներով Շուշիում մզկիթ վերանորոգվեց: Եվ մզկիթները Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պահում են առանձնահատուկ ուշադրության ներքո: Եվ եթե Դուք գնաք Շուշի, կտեսնեք վերականգնված հոյակերտ մզկիթ, եթե, իհարկե, ադրբեջանցիները այն չեն հրթիռակոծել: Ինչո՞ւ եմ այսպես ասում: Որովհետև Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին՝ հայկական եկեղեցին, թիրախային հրթիռային հարվածների արժանացավ և հիմա կիսավեր վիճակում է:

Al Jazeera - Ես արդեն այցելել եմ Շուշի, տեսել եմ մզկիթը և նկարահանել: Ադրբեջանը ձեզ մեղադրում է, որ դուք վերակառուցել եք և մզկիթի ինքնությունը փոխել եք՝ ոչ թե կրոնական, այլ պատմական առումով: Ըստ Ադրբեջանի՝ այն ուներ իր պատմական ինքնությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես գիտեմ, որ մզկիթը վերականգնվել է շիա հոգևորականների և մասնագետների հսկողության ներքո: Եվ չէր կարող ուղղակի այլ կերպ լինել: Այսինքն՝ մուսուլման հոգևորականների, աստվածաբանների և մասնագետների հսկողության ներքո է այն վերականգնվել, նրանց խորհուրդներով և նրանց նախագծերով է վերականգնվել:

Al Jazeera – Ադրբեջանցինե՞ր են եղել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Էլի եմ ասում՝ այդ ամենը տեղի է ունեցել մասնագետների հսկողության ներքո: Այդ մասնագետները Հայաստանից և Ղարաբաղից չեն եղել, նրանք եղել են արտերկրից: Ես չեմ կարող ասել, որ ադրբեջանցիներ են եղել: Բայց, որքան գիտեմ - իմ գիտելիքները շատ մեծ չեն այդ բնագավառում, ցավոք - դա շիա ուղղության մզկիթ է, և շիա հոգևորականներ և մասնագետներ են, ովքեր մեր բարերարներին ուղղորդել են՝ մասնագետներ ներգրավվել և այդ վերականգնումն իրականացնել:

Al Jazeera - Արդեն 3 անգամ հրադադար է հայտարարվել Լեռնային Ղարաբաղում: Ինչո՞ւ է այն ամեն անգամ ձախողվում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Որովհետև Ադրբեջանը խախտում է այդ հրադադարը: Որովհետև և՛ Ադրբեջանը, և ՛ Թուրքիան, ըստ էության, հայտարարում են, որ չեն պատրաստվում դադարեցնել ռազմական գործողությունները: Եթե մենք հրապարակային հայտարարություններին հետևենք, ակնհայտ կդառնա, թե ինչն է պատճառը, որ չեն դադարում ռազմական գործողությունները: Որովհետև՝ երբ մենք արձանագրենք փաստերը՝ կարևոր և հիմա արդեն միջազգայնորեն ճանաչված փաստ է, օրինակ, որ Թուրքիան Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների տեղափոխել է Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը նախաձեռնելու համար: Եվ ահաբեկիչներին տարածաշրջաններ չեն տեղափոխում խաղաղության կամ հրադադարի համար: Ահաբեկիչներին և վարձկաններին տեղափոխում են պատերազմի համար:

Al Jazeera - Ադրբեջանի նախագահ Ալիևն ասել է, որ որևէ փաստ չեք ներկայացրել, որ հակամարտության գոտում կան վարձկաններ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հիմա համացանցը հեղեղված է այդպիսի փաստերով, տեսանյութերով: Ընդ որում՝ գիտեք, որ հեռախոսով արված տեսանյութերը հնարավորություն են տալիս որոշակի ծրագրերով իրենց գեոլոկացիան ճշտել, թե դա որտեղ է տեղի ունեցել: Եվ մենք տեսնում ենք, որ ահաբեկիչներն իրենց ահաբեկչական ակտից հետո նկարահանումներ են իրականացրել: Այդ նկարահանումները հայտնվել են համացանցում, և այդ գեոլոկացիայով մենք կարողանում ենք ապացուցել և տեղորոշել, թե որտեղ է արվել այդ նկարահանումը: Եվ ընդհանրապես մենք բազմաթիվ փաստեր ենք ներկայացրել: Բայց նույնիսկ մինչև մեր ներկայացումը՝ արդեն Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, նաև Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչել և ընդունել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գործում են վարձկաններ և ահաբեկիչներ: Ես կարծում եմ՝ այդ թեման արդեն միջազգայնորեն հաստատված փաստի կարգավիճակ ունի, և սրանով ամեն ինչ ասված է:

Al Jazeera - Իշխանության գալուց հետո Դուք քաջ դիրքորոշում հայտնեցիք և ասացիք, որ պետք է աշխատել այնպիսի լուծում գտնել, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է բանակցությունների միջոցով հասնել լուծման, որն ընդունելի կլինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո, ես այդ բանաձևն առաջարկել եմ: Ես ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղի այնպիսի լուծում պետք է գտնենք, որ ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ, այո, ես բանակցություններում ներգրավված առաջին ղեկավարն եմ ընդհանրապես, որ զբաղվում է հարցով, ով ասում է, որ հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի նաև դիմացի կողմի համար: Բայց ինչո՞ւ մենք առաջ չգնացինք այդ ճանապարհով: Որովհետև Ադրբեջանի նախագահը հրաժարվեց որդեգրել այս նույն բանաձևը: Որովհետև նրանք հիմնվել են այն տրամաբանության վրա, որ հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար: Այս դիրքորոշումն է, որ բերել է այսպիսի իրավիճակի:

Al Jazeera - Դուք ասել եք, որ պատրաստ եք ցավոտ փոխզիջումների: Ինչի՞ մասին է խոսքը:

Վարչապետ նիկոլ Փաշինյան – Ես 2 օր առաջ (հոկտեմբերի 26-ին) ասել եմ, որ Հայաստանը, այո, պատրաստ է փոխզիջումների: Փոխզիջումը միշտ էլ ցավոտ է: Բայց դա է ամբողջ խնդիրը՝ ինչ է նշանակում փոխզիջում: Փոխզիջում նշանակում է՝ քո դրած նշաձողից որոշակիորեն նահանջելու պատրաստակամություն, այսինքն՝ քո դրած նշաձողը ցածրացնելու պատրաստակամություն: Հենց ամբողջ խնդիրն այն է, որ երբ Հայաստանը համաձայնվում է ցածրացնել այդ նշաձողը՝ ընդունելի դաշտ ձևավորելու համար, այս նոր նշաձողն արդեն անընդունելի է դառնում Ադրբեջանի համար, և նա պահանջում է ավելին:

Al Jazeera - Ի՞նչ նշաձող նկատի ունեք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ընդ որում՝ սա նորություն չէ, սա երկար տարիների շարունակական քաղաքականություն է: Ես Ձեզ կարող եմ բերել հետևյալ օրինակը. 2011 թվականին Կազանում տեղի ունեցածը, կարծում եմ, ամենաշատն է ցույց տալիս իմ նշած օրինակը: Ես արդեն ասացի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը: Եվ, ըստ էության, դա այն նշաձողն է, որ Լեռնային Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի հայությունը և հայ ժողովուրդը դնում են: 2011 թվականին Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը համաձայնվել էր, որպեսզի տարածքները հանձնի Ադրբեջանին: Եվ այդ համաձայնության համատեքստում Լեռնային Ղարաբաղը ստանա միջանկյալ կարգավիճակ, որպեսզի հետագայում Լեռնային Ղարաբաղի, այդ թվում՝ փախստականների վերադարձից հետո, հանրաքվե տեղի ունենա, և այդ հանրաքվեով որոշվի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը:

Al Jazeera - Դուք խոսում եք փախստականների վերադարձի մասին՝ միայն Ադրբեջանի՞ց, թե՞ Հայաստանից, Ադրբեջանից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Խոսում ենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և ընդհարապես հակամարտության գոտու փախստականների վերադարձի մասին: Եվ սա բավական լուրջ նշաձողի իջեցում է: Այս նշաձողի իջեցման արդյունքում ձևավորվել էր փաստաթուղթ, որը, ըստ էության, համաձայնեցված էր արդեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Բայց Ադրբեջանը վերջին պահին հրաժարվեց ընդունել այս փաստաթուղթը: Եվ այս պրոցեսը ցույց է տալիս, թե ինչու հարցը չի կարգավորվել: Որովհետև ամեն անգամ, երբ հայկական կողմը որոշակի ճկունություն է ցուցաբերում և նույնիսկ մի փոքր զիջում է իր դիրքերից, դա արդեն անընդունելի է դառնում Ադրբեջանի համար:

Al Jazeera - Ռուսաստանի դիրքորոշման մասին: Նախագահ Պուտինն ասել է, որ կողմերից որևէ մեկի կողքին չի լինելու: Ի՞նչ կասեք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է՝ միջնորդ երկիր է, և իր կարգավիճակի բերումով պետք է որոշակի չեզոքություն պահպանի: Եվ դա հասկանալի է:

Al Jazeera - Հայաստանում հնչում են գնահատականներ, որ Ձեր՝ իշխանության գալուց հետո Ռուսաստանի հետ կապը, որը նախկինում եղել է ավելի մտերիմ և դաշնակից Հայաստանի հետ, թուլացել է, որ Դուք ավելի կողմ եք եղել Արևմուտքին, և դա փոխել է վիճակը: Ինչպե՞ս եք արձագանքում այդ մեղադրանքին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, դա անհեթեթ մեղադրանք է: Որովհետև Ռուսաստանը ինչպես եղել է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, այնպես էլ շարունակում է մնալ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը: Հայաստանի ռազմավարական դաշնակից լինելու հարցում Ռուսաստանը չեզոքություն չունի: Ռուսաստանի իշխանությունները և նախագահ Պուտինը մի քանի անգամ հայտարարել են, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ռուսաստանն իր անվտանգային պարտավորությունները կկատարի: Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին: Ղարաբաղի հարցում, ես արդեն ասացի, նախկինում էլ հենց Մինսկի խմբի ձևավորման օրից Ռուսաստանը եղել է համանախագահող երկիր, միջնորդ երկիր, և այդպիսով ունեցել է որոշակի չեզոքություն պահպանելու պարտավորություն: Եվ մինչև հիմա նրա այդ կարգավիճակը չի փոխվել:

Al Jazeera - Ի՞նչ հարաբերություններ ունեք Արևմուտքի հետ: Մարտական գործողությունների սկսելուց ի վեր Դուք ԱՄՆ նախագահի հետ չեք խոսել: Ձեր կարծիքով՝ դա որևէ բան մատնանշո՞ւմ է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես խոսակցություններ եմ ունեցել և մշտական կապի մեջ եմ Ֆրանսիայի նախագահի հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ, ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդականի հետ: Մենք ընդհանրապես այս ընթացքում աշխատում ենք, որպեսզի ներկայացնենք միջազգային հանրությանը տեղի ունեցողի էությունը:

Իսկ տեղի ունեցողի էությունը հետևյալն է, և մենք պետք է վստահաբար ասենք, որ առանց Թուրքիայի հրահրման այս պատերազմը չէր սկսվի և տեղի չէր ունենա: Եվ կրկին ուզում եմ արձանագրել, որ Թուրքիան, արդեն իսկ միջազգայնորեն ընդունված փաստի հիման վրա, վարձկանների և ահաբեկիչների է վարձել և տեղափոխել հակամարտության գոտի: Թուրքական բարձրաստիճան զինվորականներն ընդգրկված են Ղարաբաղի դեմ պատերազմի մեջ, թուրքական զինուժը և ռազմական տեխնիկան ընդգրկված է Ղարաբաղի դեմ պատերազմի մեջ և ցանկանում եմ ընդգծել, որ սա ամենևին պատահականություն չէ:

Սա, իմ գնահատմամբ, Թուրքիայի կայսերական քաղաքականության արտահայտումն է, և մենք տեսնում ենք Թուրքիայի քաղաքականությունը: Տեսնում ենք, թե ինչ քաղաքականություն է վարում Թուրքիան Սիրիայում, Իրաքում, Միջերկրական ծովում և Հարավային Կովկասում: Թուրքիան իրականացնում է Օսմանյան կայսրության վերականգնման քաղաքականություն: Եվ ես որևէ կասկած չունեմ, որ այն էքսպանսիան, որ հիմա փորձ է արվում իրականացնել դեպի Միջերկրական, Հարավային Կովկաս, Սիրիա, Իրաք, ամբողջ արաբական աշխարհը Թուրքիան դիտարկում է որպես պոտենցիալ Օսմանյան կայսրության հպատակ:

Եվ ես որևէ կասկած չունեմ, որ եթե միջազգային հանրությունը, այդ թվում՝ Եվրոպան և արաբական աշխարհը պատշաճ գնահատական չտան այս իրավիճակին և պատշաճ չարձագանքեն այս իրավիճակին, մենք կտեսնենք Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականությունը դեպի հարավ: Եվ ուրախ եմ, որ կան բազմաթիվ արաբական երկրներ, ովքեր ճշգրիտ են գնահատում աշխարհաքաղաքական իրավիճակը և իրականացնում են անհրաժեշտ քաղաքական կանխարգելման, ռազմավարական կանխարգելման քայլեր:

Al Jazeera – Ադրբեջանը հայտարարում է, որ Դուք հողերի կորուստ եք ունենում: Այդ հողերը կարո՞ղ եք վերականգնել, թե՞ ոչ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես երեկ (հոկտեմբերի 27-ին) ուղերձով եմ հանդես եկել և ասել եմ հետևյալը. ըստ էության, Լեռնային Ղարաբաղը՝ չճանաչված պետությունը, այսօր պայքարում է միջազգային ահաբեկիչների, Ադրբեջանի, Թուրքիայի օդուժի և հատուկջոկատայինների դեմ: Ըստ որոշ տեղեկությունների՝ նաև Պակիստանից են հատուկջոկատայիններ մասնակցում այդ կռվին: Եվ ակնհայտ է, որ այդ հարձակումը նպատակ ուներ բլիցկրիգով արագ վերցնել Լեռնային Ղարաբաղը: Բայց մեկ ամիս չճանաչված փոքր հանրապետությունը պայքարում է ահռելի միջազգային ուժի դեմ և մինչև օրս կանգուն է: Եվ պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերում և բերելու է Ադրբեջանին և Ադրբեջանի հանրությանը: Որովհետև այն, ինչ Դուք նշում եք՝ Ադրբեջանի իշխանությունները այնքան են հաղթական ինֆորմացիայով սնել իրենց հանրությանը, որ նրանք ամեն օր, արդեն երկար ժամանակ սպասում են, որ, վերջ, պատերազմն ավարտվելու է իրենց վերջնական հաղթանակով։ Եվ նրանք սպասում են այդ լուրին: Ես ցանկանում եմ ասել՝ իրենք այդ լուրը չեն ստանալու, այդ լուրը չեն ստանալու: Եվ նրանք ավելի ու ավելի են խրվելու այնքան ժամանակ, մինչև չճանաչեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման լեգիտիմ իրավունքը, և մինչև կառուցողական դաշտում մենք բոլորով դիվանագիտական լուծմանը հասնելու անկեղծ ջանքեր չգործադրենք:

Al Jazeera - Մարտական գործողությունների մասին տեղեկատվության թափանցիկության վերաբերյալ: Կան քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե Ադրբեջանն ինչ է վերցրել հսկողության տակ: Որքանո՞վ եք թափանցիկ այդ առումով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք մեր հանրությանը ներկայացրել ենք քարտեզներ, և մենք մեր հանրությանը տալիս ենք անհրաժեշտ տեղեկատվությունը: Մեր հանրությունը տեղեկացված է ամեն ինչի մասին: Նույնը չեմ կարող ասել, վստահ չեմ՝ Ադրբեջանի հանրության պարագայում:

Al Jazeera - Պարոն վարչապետ, շնորհակալություն հարցազրույցի համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես եմ շնորհակալ:

Մեկնաբանություններ (2)

Abdul Al Sadif
I've studied the history of the USSR/Russia and surrounding areas extensively, especially in the early 1917-1920's when the region went through radical transformation due to the Soviet revolution. Basically, Stalin needed the area that is now called Azerbaijan to join because of the oil rich Caspian Sea. The trade-off was a reallocation of land from Armenia, to appease the new Azrebaijani ruling party. Pashinian has a point. This "deal" between Stalin (USSR) and the newly formed (ASSR - Azerbaijan Soviet Socialist Republic) would be nullified with the fall of USSR in the late 1980's. Azerbaijan is upset because of land they lost (in a questionable deal), but the land never belonged to them in the first place. At the end of the day, there should be peace in that region. But, somehow, I feel like "trying" to populate the land with Azerbaijanis is going to add to the tension and hostilities between the two nations. I see many years of violence against each other, with neither admitting their involvement. .
joe
Aliyev supposed president of Azerbaijan is a dictator for life who lies and who steals elections and oppresses his own people. His mafia style family has controlled Azerbaijan for over 4 decades. His wife was proclaimed as "vice president". This is the mentality Armenians are dealing with. Lets be clear: Armenians historically have been living on those lands, in the Caucasus and Anatolia for that matter, current modern day "Turkey" for thousands of years. "Azerbaijan" is a made up fictitious gas station nation invented in 1918. It didn't exist anywhere on any map at anytime before that. These Armenian historical lands were GIVEN AWAY by Joseph Stalin, basically illegally to this made up gas station nation in 1922 by the Treaty of Kars which is ILLEGAL, to then the Soviet Azerbaijan with again historically mostly all Armenians on those lands. When the Soviet Union ended all peoples, Including Soviet Azerbaijan, became free. All its illegal treaties became null and void. Yet some how this made up gas station Azeri Tatar run nation by Turkish despot Aliyev with Lezgi, Talish and other minorities thinks Karabkh it was gifted it belongs to it forever. Lets be clear: Turks Homeland in reality is the Asian foothills. They are basic invaders thieves and squatters of these lands in the first place. That is reality of history. Karabakh is Armenian and will never live under any garbage state known as Azerbaijan. And hopefully the minorities will rise and free themselves from oppression and rid the tyrant Aliyev despot and live freely themselves. That is reality...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter