HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախցի երեխաները «Թումո»-ում նորարարական դասընթացների են մասնակցում

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այս օրերին արտասովոր ակտիվություն է. Արցախից Հայաստան ժամանակավոր բնակության տեղափոխված երեխաները նորարարական դասեր են անցնում։ Սպորտային վարժանքներից մինչեւ անմիացիա, համակարգչային գիտելիքներ։ Բոլոր դասերն էլ ակտիվ են անցնում և ուրախ։

Յանա

«Գցի, արա՜գ, վազում եմ։ Էհ, լավ է»,-բացականչում է Յանան։

Բասկետբոլի ժամ է։ Խմբի ակտիվ և աշխույժ անդամներից Յանան խաղադաշտի մի ծայրից վազում է մյուսը՝ փորձելով գնդակը նետել ցանցը։

Ստեփանակերտից Հայաստան տեղափոխված Յանան արդեն երկու շաբաթ է՝ «Թումո» է հաճախում։

Նա արցախցի երեխաների մեջ ամենաակտիվն է։ Մշտապես շարժման մեջ է։ «Օրս էստեղ շատ լավ է անցնում։ Լինում են օրեր՝ ֆիլմեր ենք նայում, բասկետբոլ ենք խաղում, դասընթացներ կամ վարժանքներ անում»,-ասում է նա։

Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն հետաքրքրությամբ է գալիս, որովհետև այն տարբերվում է Ստեփանակերտի իր դպրոցից։ Ամենից շատ սիրում է համակարգչային ծրագրերի մասին և լուսանկարչության դասերը։ Դրանք հիմնականում գործնական են։ Տեսախցիկներով լուսանկարում են, հետո ուսուցչի հետ քննարկում պատկերները։

«Բայց իմ համար իմ դպրոցը ամենալավն է։ էնտեղ ընկերներս շատ են, ծանոթ էինք բոլորով»,-ասում է նա։

«Թումո»-ում Յանան արդեն հասցրել է ընկերներ ձեռք բերել։ Բայց ամենամտերիմ ընկերը քույրն է՝ Էլենը։

Էլեն

«Գիտե՞ք տարբերությունը որն է՝ այնտեղ ընկերներս շատ էին։ Բայց այստեղ էլ դասերն ուրիշ են»,-ասում է Էլեն Գևորգյանը։

Էլենը Հադրութի շրջանից է։ Սովորում է վեցերորդ դասարանում։ Պատերազմը սկսվելուց օրեր անց տեղափոխվել են Հայաստան։

Էլենը ընտանիքի հետ բնակություն է հաստատել Աբովյան քաղաքում։ Այնտեղ մի քանի օր դպրոց է հաճախել, բայց սկսվել են աշնանային արձակուրդները, եւ նա որոշել է ժամանակ չկորցնել՝ «Թումո»-ի այս ծրագրից օգտվել։ 

«Էստեղ օրս շատ հավես է անցնում, խաղում ենք շատ, դասընթացներ են անում։ Նոր ընկերներ էլ եմ գտել էստեղ»,-ասում է Էլենը։

Էլենը շփվող է, հարմարվել է «Թումո»-ին, ուսուցիչներին և պայմաններին։ Երեխաների հետ մտերմացել է, դասերին մշտապես կատակներ են անում ու ծիծաղում։ 

Չնայած էլենն ուրախ է «Թումո» այցելելու հնարավորության համար, սակայն ցանկանում է պատերազմը շուտ ավարտվի եւ վերադառնա Հադրութի իրենց տուն ու դպրոց։ Դասընկերների հետ մշտապես կապի մեջ է։ 

Ակտիվ սպորտային վարժանքներից հետո տեղափոխվենք դասասենյակներ։ Երեխաներն այստեղ սովորում են անիմացիա, իլյուստրացիա, համակարգչային գիտելիքներ, երաժշտություն, լուսանկարչություն, ֆիլմերի պատրաստում։ Այս դասերը հիմնականում գործնական են, երեխաներն իրենք են խաղեր, փոքր ֆիլմեր, լուսանկարչական պատումներ ստեղծում։

Տիգրան

«Ուզում եմ պրագրամիստ դառնամ, որովհետև մամաս ասում ա՝ կամպյուտերով լավ եմ ռազբիռատսյա լինում։ Կարըմ եմ կամպյուտերներ հավաքիմ, ձևը գիդում եմ»,-ասում է Ստեփանակերտից Տիգրանը։

Իլյուստրացիայի դասին ամենաակտիվը Տիգրանն է։ 12-ամյա տղան մի համակարգչից մյուսին է անցնում՝ փորձելով օգնել ընկերներին առաջադրանքը կատարել։ Արդեն խաղերի և մուլֆիլմերի ստեղծման դասեր է անցել։ 

Համակարգչային նախնական գիտելիքներ Տիգրանը ստացել է իր դպրոցում՝ ինֆորմատիկա առարկայի շրջանակում։ «Ստեղ արդեն ֆոտոշոփով եմ գործ անում, խաղեր ենք ստեղծում։ Ուժե մի մուլտիկ եմ ստեղծալ։ Ստեփանակերտում այդպիսի բաներ չիլալ, էլի»,-ասում է Տիգրանը։

Քրիստինե

Արցախցի Քրիստինե Առաքելյանը 17 տարեկան է, ցանկանում է լրագրող-սցենարիստ դառնալ, ֆիլմեր նկարահանել։ 

Ֆիլմերի պատրաստման դասը նրան ամենից շատ է հետաքրքրում, քանի որ ապագա մասնագիտությանը մոտ է։ Արդեն կարողանում է տեսախցիկով աշխատել, ճիշտ կադր ստանալ։

Քրիստինե Առաքելյանը Հայաստան է տեղափոխվել մոտ մեկ ամիս առաջ, «Թումո»-ում սովորում է արդեն երկու շաբաթ։

«Էստեղ նոր բաներ եմ սովորում, որոնք նախկինում չգիտեի։ Օրս էստեղ շատ լավ է անցնում, ինձ լավ եմ զգում։ Օրերիս մեջ ուրախություն է մտել։ Էստեղ ամեն ինչից կտրվում եմ. մտքերով Ղարաբաղ եմ»,-ասում է նա։

«Թումո»-ի դասերը Քրիստինեն արտադպրոցական պարապմունքներ է համարում, որոնք Արցախում չեն կարողացել սովորել։ Ասում է՝ հիացած է տեխնոլոգիական նորարարություններով։

Թեև իր հետ սովորող երեխաներն իրենց բավականին փոքր են, բայց նրանց հետ ընկերացել է։

Սեգո 

17-ամյա ստեփանակերտցի Սեգո Սարգսյանը Շուշիի ագրարային քոլեջի ուսանող է։ Սեգոն զուսպ է, չի սիրում շատ խոսել, բայց դասերին շատ պատասխանատու կերպով է վերաբերվում։ Նրան հանդիպեցինք անմիացիայի դասին, ուշադիր լսում էր ուսուցչին՝ ընկեր Տիգրանին։ Սեգոն «Թումո»-ի նորեկներից է. ընդամենը մի քանի դասի է հաճախել։

Թեև որոշել է կադաստրային ոլորտում հմտանալ, բայց ցանկանում է նաև անմիացիայի մասին գիտելիքներ ձեռք բերել և որպես երկրորդ աշխատանք դրանով զբաղվել։

Անիմացիայի դասերը պատահական չի ընտրել. սիրում է նկարել։ «Շատ եմ երազել մուլտֆիլմ, անիմացիա ստեղծել։ Ինձ հետաքրքիր է այդ աշխատանքը, կցանկանայի որպես երկրորդ աշխատանք հմտանալ անմիացիայում»,-ասում է Սեգոն։

Երազում է «Ուոլթ Դիսնեյ ընկերության» մուլֆիլմերի պես մուլտֆիլմ ստեղծել։

Որքան էլ Արցախից Հայաստան տեղափոխված երեխաների համար ուսուցման լավագույն պայմանները ստեղծվեն, նրանք ցանկանում են շուտափույթ վերադառնալ Արցախ։ 

Արդեն երկրորդ շաբաթն է Թումոն իրականացնում է հատուկ նախագիծ Արցախից Երևան տեղափոխված պատանիների համար: 8-18 տարեկան 60 երեխա մեկ շաբաթ մասնակցում է ֆիլմերի ստեղծման, դիզայնի, խաղերի մշակման, լուսանկարչության, թվային երաժշտության և այլ դասընթացների: Նախատեսված են նաև բասկետբոլի և ֆուտբոլի պարապմունքներ, կինոդիտումներ ու քննարկումներ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter