
Ոստիկանության ու ԱԻՆ-ի 2021-ի բյուջեն
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները:
Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը ներկայացրեց ոստիկանության բյուջեն: 2021 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է ոստիկանությանը տրամադրել 313 միլիարդ 40 միլիոն դրամ: Հասարակական կարգի պահպանությանն ու անվտանգությանը հատկացվելու է շուրջ 97.751 միլիոն դրամ: «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կարիքի բավարարում» միջոցառման իրականացման նպատակով նախատեսվում է հատկացնել 176.9 մլն դրամ:
«Ոստիկանության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում կենտրոնացված միջոցառումների, մոնիթորինգի և վերահսկողության իրականացում» միջոցառման շրջանակներում նախատեսվում է հատկացնել 11,011.4 մլն դրամ, որը 2020 թվականին համեմատ նվազել է 795.1 մլն դրամով:
Հանձնաժողովի անդամներն իրենց վրդովմունքն արտահայտեցին առ այն, որ զինված ուժերի վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում այնպիսի հրապարակումներ են արվում, որոնք հասարակության շրջանում հուսահատության տրամադրություններ են ստեղծում: Պատգամավորները, դիմելով փոխոստիկանապետին, ընդգծեցին, որ միգուցե կարիք կա օրենսդրությունն ավելի կոշտացնել, որպեսզի պատասխանատվությունը նման հրապարակումների համար շատ ավելի խիստ լինի: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց, թե մինչ այս պահը քանի սուբյեկտ է վարչական պատասխանատվության ենթարկվել: Փոխոստիկանապետն արձագանքեց` անձնական տվյալներ հրապարակել չի կարող, սակայն նման սուբյեկտների թիվը 331 է, որոնցից 148-ը ԶԼՄ է, 183-ը` ոչ ԶԼՄ:
Արտակարգ իրավիճակների նախարարությանը նախատեսվում է հատկացնել շուրջ 14 միլիարդ 51.2 մլն դրամ: Սեյսմիկ պաշտպանության ծրագրով նախատեսվում է տրամադրել 803.5 մլն դրամ` 2020 թվականի պետական բյուջեով հաստատված ցուցանիշից 85.1 մլն դրամով պակաս: «Փրկարար ծառայություններ» միջոցառման շրջանակներում նախատեսվել է 11,665 մլն դրամ, աճը 2020 թվականի պետական բյուջեի նկատմամբ կազմում է 335.1 մլն դրամ: Փոփոխությունը պայմանավորված է աշխատանքի վարձատրության փոփոխությամբ, հենակետերի գազիֆիկացմամբ, փրկարար ծառայողների համազգեստի ձեռքբերմամբ, փրկարարական նյութերի և գործիքների ձեռքբերմամբ և այլն: ԱԻՆ բյուջեն ներկայացրեց փոխնախարար Արա Նազարյանը:
Մեկնաբանել