HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՏԻՄ ղեկավարների տեղակալներն ու Երևանի չորրորդ փոխքաղաքապետը կներգրավվեն աշխարհազորում որպես հրամանատար

Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: Ըստ այս փոփոխությունների` տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները կունենան տեղակալներ, որոնք կներգրավվեն աշխարհազորում որպես հրամանատար: Ավելացվում է Երևանի քաղաքապետի տեղակալների թիվը` երեքից դառնալով չորս, որպեսզի քաղաքապետի չորրորդ տեղակալը լինի աշխարհազորային զորամիավորման հրամանատար:

Ըստ նախագծի` քաղաքային բնակավայր ընդգրկող կամ միավորված համայնքի ղեկավարի տեղակալը համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարն (հրամանատարն) է, իսկ գյուղական բնակավայրեր ներառող չմիավորված համայնքի ղեկավարի տեղակալը կամ միավորված համայնքի կազմում ներառված բնակավայրի վարչական ղեկավարը` համայնքի (բնակավայրի) աշխարհազորային պայմանական գումարտակի ղեկավարը (հրամանատարը):

Այս հաստիքները մշտական են, գործելու են և՛ ռազմական գործողությունների ժամանակ, և՛ խաղաղ պայմաններում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ խորհրդարանն ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ, որի համաձայն աշխարհազոր եզրույթն օրենսդրորեն սահմանվեց:

Աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է:

Աշխարհազորի համակարգը գործում է տարածքային սկզբունքով, և ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ պայմանականորեն բաղկացած է զորամիավորումներից և դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից: Աշխարհազորի կառուցվածքը, պատրաստության և կիրառման պլանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանով:

Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի միջոցով:

Աշխարհազորային զորամիավորման ղեկավարը (հրամանատարը) խաղաղ և պատերազմի ժամանակ համապատասխան տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալն է, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի տեղակալը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter