Գյուղացին եթե հացահատիկ ցաներ, ալրաղացի դուռը չէին կողպի
Կոտայքի մարզպետարանը Թեղենիք համայնքում 2011 թ.-ին իրականացրած վարչական եւ ֆինանսական ստուգման արդյունքում վերջին տարիներին վարելահողերի օգտագործման նվազում է արձանագրել: Ըստ կազմված ակտի՝ համայնքի 211 հա վարելահողերից, որից է 26,8 հա-ն է համայնքային սեփականության, 2008 թ.-ին մշակվել է 126 հա, 2009 թ.-ին՝ 104 հա, 2010 թ.-ին՝ 113 հա վարելահող: «Վարելահողերի օգտագործումը 2010 թ.-ին 2008 թ.-ի համեմատությամբ պակասել է 13 հեկտարով»,- արձանագրել է ստուգում իրականացնող հանձնաժողովը: Ստուգող հանձնաժողովը նաեւ համայնքի ղեկավարին ցուցում է տվել մինչեւ տարեվերջ հավաքագրել վարձակալական հողերի վարձավճարների մասով գոյացած 791 հազար դրամի պարտքը:
Գյուղամիջում հավաքված տղամարդկանց հատկապես զարմացրեց չմշակված վարելահողերի վերաբերյալ հանձնաժողովի նշած թիվը, ըստ որի վերջին երկու տարվա ընթացքում պակաս է մշակվել ընդամենը 13 հա վարելահող: «Թե՞ ընդամենը 13 հա է մշակվել»,- եղավ նրանց արձագանքը: Իրենց զարմանքն սկսեցին կիսել փողոցով անցուդարձ անողների հետ եւ մի քանի րոպեում զրույցին միացած տարբեր տարիքի տղամարդիկ բացատրություններ էին տալիս ցանքատարածքները մշակելուց հրաժարվելու վերաբերյալ: Ասածների մեջ նորություն չկար, կրկնում էին այն ամենը, ինչը վերջին տարիներին Հայաստանի ցանկացած գյուղում ներկայացնում են՝ գյուղտեխնիկայի, դիզվառելիքի, պարարտանյութի թանկությունը, ցանքսի եւ հնձի համար պահանջվող բարձր գները, որի դիմաց ստացված բերքը ինքնածախսածածկում անգամ չի ապահովում:
Զրույցին մասնակից Թեղենիքի բնակիչ Միհրան Գրիգորյանը վարելահողերի օգտագործման քանակի մասին վիճակագրությունը ներկայացնում է սեփական ալրաղացի (տես առաջին նկարում) արտադրության ծավալների համեմատականով, եւ նրա կարծիքով ակտում նշված թվերը աղերս չունեն իրականության հետ: Նա 2009 թ.-ից դադարեցրել է ալրաղացի գործունեությունը, քանի որ մոտ 20 տարի անխափան աշխատած արտադրամասն այլեւս պահանջարկ չի ունեցել:
Միհրանը ալրաղացը հիմնել է 1990 թվականին, արտադրամասն ունեցել է ժամանակի պահանջարկը բավարարող ողջ տեխնիկան՝ սերմազտիչ մեքենա, շվեյցարական արտադրության ալրաղաց, սեփական մտահղացումով ստեղծված ձավար պատրաստելու մեքենա, ձիթհան, որտեղ, նրա ասելով ոչ միայն համագյուղացիների ցանած կտավատից էին ձեթ ստանում, այլեւ Ռուսաստանից ներկրվող մեծաքանակ արեւածաղկից: «Այստեղ օրական 20 տոննա ցորեն էինք աղում, գյուղացին 1 տոննա ցորեն էր բերում եւ ալյուրը, ծեծած ձավարը, անասնակերը աղացած տանում էր»,- պատմում է Միհրանը:
«Սա հրաշք մեխանիզմ է, ռուսական, գործարանային արտադրության ձիթհան է»,- տեխնիկայի ծագումնաբանությունն է ներկայացնում նախկին գործարարը՝ շարունակելով շոյել տեխնիկան, որը ոչ վաղ անցյալում բերկրանք է պատճառել ոչ միայն իրեն, այլեւ նրա ստեղծած բարիքը վայելած գյուղացիներին: «Սրանով արեւածաղկի ձեթ ենք ստացել, կտավատի ձեթ, որը գյուղացիներն էին ցանում մեր գյուղում: Ավելորդ մասը պահանջված անասնակեր էր, իսկ ձեթը վաճառում էինք»,- պատմում է նա:
Միանգամայն հասկանալի էր արտադրամասի անպիտանելիության մտքի հետ չհաշտվող գործարարի ափսոսանքն ու հուզմունքը, ինչպես նաեւ սարքավորումների մասին գորովանքով արտահայտվելը, երբ հերթականությամբ բացատրում էր նրանցից յուրաքանչյուրի դերը: «Այս արտադրամասը սեփական ձեռքերով եմ հիմնել եւ երբ նախաձեռնեցի՝ մի մեխ անգամ չեմ ունեցել, ամեն ինչը գնել եմ: Շատ արդարացված էր նրա գոյությունը, 90-ական թվականներին հազիվ էինք պահանջարկը բավարարում: Շրջակա գյուղերի բնակչությունը նույնպես իր հացահատիկն այստեղ էր բերում վերամշակման: Գնալով ցանքատարածքների թիվը նվազեց եւ այնքան նվազեց, որ այլեւս հնարավոր չէր արտադրամասը գործարկել»,- ասում է նա: Երկու տարի առաջ հարկադրված եղավ հաստոցները ծածկել կտորով, հարկային մարմիններին հայտարարագիր ներկայացրեց ժամանակավոր դադարի մասին, կողպեց արտադրամասի դարպասներն ու վերադարձավ նախկին աշխատանքին:
Մասնագիտությամբ ինժեներ Միհրան Գրիգորյանը հիմա «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում է աշխատում: Ինչպես ինքն է ասում, ամսական 80 հազար դրամով ինժեներ է աշխատում, մինչդեռ արտադրամասում իր հետ միասին 7 ընտանք էր կերակրվում, իսկ պետական բյուջեն ամեն ամիս համալրվում էր նաեւ իր վճարած հարկերով:
Մեր դիտողությանը, թե ինչու գյուղացիները գոնե կտավատը չեն աճեցնում, որն արժեքավոր եւ միշտ մեծ պահանջարկ ունեցող բուսայուղ է, նա հայտնեց, որ Թեղենիքում 2005 թ.-ից կտավատ չեն ցանել եւ պատճառը գյուղտեխնիկայի բացակայությունն էր: «Դժվարությունն այն էր, որ ձեռքով պետք է ցանեին եւ հնձեին, որը չափազանց դժվար է, քանի որ կտավատի ցողունը կարճ է»,- բացատրում է նա: Միհրանի ու նրա համագյուղացիների ասելով ոչ միայն իրենց, այլեւ հարեւան գյուղերում նույնիսկ հացահատիկ հավաքող կոմբայն չկա: Պիտի սպասեն, թե մյուս տեղերում ցանքսը երբ կավարտվի, որ մեկին գտնեն իրենց հացահատիկը հավաքի, եւ եթե այդ կոմբայնավարը իր գյուղում 1 հեկտարը 20 հազար դրամով է հնձում, իրենցը՝ 30 հազարով է հնձում: Այդ է պատճառը, որ գյուղացիները վերջնականապես դադարեցրին վարուցանքը:
Թեղենիքում հիմնական զբաղվածությունը հացահատիկային կուլտուրաների մշակությունն է համարվում, սակայն վերջին տարիներին գյուղացիները հրաժարվեցին ոչ միայն սեփական վարելահողերը մշակելուց, այլեւ հրաժարվեցին համայնքապետարանից վարձակալած հողատարածքներից: 2010 թ.-ին նրանցից մեկը 7 տարի օգտագործելուց հետո չեղյալ է համարել 15 տարվա վարձակալական պայմանագիրը, ու հողատարածքը վերադարձրել համայնքապետարանին: Թեղենիք համայնքի ղեկավար Մարատ Բաղդասարյանի ասելով մյուսները չեն վերադարձնում միայն այն պատճառով, որ ներդրումներ են կատարել վարձակալած հողատարածքներում:
Միհրանը հետեւում է գյուղատնտեսության ոլորտում կառավարության ձեռնարկած քայլերին ու հույսով սպասում, որ գուցե հեռու չէ այն օրը, երբ դարձյալ մեկ կոճակի սեղմումով արտադրամասը կրկին կենդանություն կստանա: Սակայն, համայնքի ղեկավարի խոսքերը, որ այս տարի գյուղին հատկացված 15 տոննա ազոտական պարարտանյութի եւ 5 տ դիզվառելիքի համար դիմողներ չեն եղել, քանի որ բնակչությունը գումար չունի, Միհրանի համար ավելի է հեռացնում սպասված օրը:
Լիլիթ Աբրահամյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել