HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Բաբկեն Թունյան. «Մենք՝ «Իմ քայլը» խմբակցությամբ, քննարկման առարկա ենք դարձնելու թե պարգևավճարները, թե դրանց չափերը»

Ազգային ժողովի Տնտեսական հարցերի և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Հիշեցնենք, որ նախագիծը կազմվել է մինչ ռազմական դրություն հաստատվելը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով` նախագիծը մշակվել է այն տրամաբանությամբ, որ հնարավոր լինի դեռևս անորոշության պայմաններում կառավարելի միջակայքում պահել ինչպես բյուջետային, այնպես էլ պետական պարտքի ցուցանիշները և նպաստել տնտեսության վերականգմանը: 2020 թվականի պետական բյուջեն արդեն երկու անգամ փոփոխության է ենթարկվել` կորոնավիրուսային համավարակով և ռազմական դրությամբ պայմանավորված:

«Մենք փորձել ենք կապիտալ ծախսերը պահել այն տրամաբանությամբ, որ հարկաբյուջետային քաղաքականությունը առավելագույնս հնարավոր լինի ծառայեցնել տնտեսական աճի պոտենցիալի մեծացման նպաստմանը և հաշվի ենք առել մեր երկրի կապիտալ ծախսեր իրականացնելու կարողությունը: Ինչը նշանակում է, որ փորձել ենք պահել կապիտալ ծախսեր/ՀՆԱ հարաբերակցության, կապիտալ ծախսերի անվանական մեծության այնպիսի ցուցանիշներ, որոնք գերազանցում են կապիտալ ծախսեր իրականացնելու նախորդ տարիների միջին կարողությունը, բայց միևնույն ժամանակ այնքան հավակնոտ չեն, որ դառնան անիրատեսական, հավակնոտ են, բայց անիրականանալի չեն»,- ասաց նախարարը:

Հանրապետության գլխավոր ֆինանսիստի համոզմամբ` կապիտալ ծախսերի կատարման հարցում խնդիր կա ինչպես կապիտալ ծախսերի պատվիրատուների կարողությունների, այնպես էլ մատակարարների կամ կապալառուների աշխատանքներ կատարելու տեսանկյունից:

Պատգամավոր Արտակ Մանուկյանն անդրադարձավ պագևավճարների հարցին, որը երեկվանից ակտիկ քննարկվում է մամուլում և սոցիալական ցանցերում: Պատգամավորը ընթերցեց նախագծից այն հատվածը, որը վերաբերում է պետական ծառայողների աշխատանքի վարձատրությանը` նշելով, որ 2019-ին այն կազմել է  84,6 միլարդ դրամ, 2020-ին`շուրջ 87 միլիարդ դրամ, իսկ 2021-ի նախագծում` 89 միլիարդ դրամ, հետևաբար աճը 2,8% է: Անդրադառնալով հավելավճարներին ու պարգևավճարներին՝ Մանուկյանը թվարկեց համապատասխանաբար 63 միլիարդ, 65 միլիարդ, 66.9 միլիարդ և 13.4 միլիարդ, 15.4 միլիարդ, 18.8 միլիարդ դրամ ցուցանիշները:

Արտակ Մանուկյանի խոսքով` առաջին հայացքից թվում է, որ աճը 21,7% է, ինչպես վկայակոչվել է մամուլում, սակայն պատգամավորն ընթերցեց նաև այն հատվածը, որը վերաբերում է հարկային ու մաքսային աշխատողների պարգևատրումներին, որը 2019-ին եղել է 4.1 միլիարդ դրամ, 2020-ին` 2.5 միլիարդ դրամ, իսկ 2021-ի նախագծում դիմացը ոչինչ չկա գրված: Պատգամավորը, դիմելով նախարարին, հետաքրքրվեց, թե արդյոք ճիշտ է հասկացել, որ պարզապես մեթոդական փոփոխություն է եղել:

Նախարարը նախ ընդգծեց` պարգևատրումները շռայլություն չէ, այլ աշխատանքի վարձատրություն, այն միջանկյալ լուծում է, քանի դեռ պետական բարեփոխումների ծրագիրը չի հասել իր տրամաբանական փուլին, երբ աշխատանքի ծանրաբեռնվածությունը համարժեք կլինի ստացած աշխատավարձին:

«Եթե ակնկալում ենք, որ պետական համակարգը պիտի որակյալ ծառայություն մատուցի, ենթադրվում է, որ այն հնարավոր է արդյունավետ պետական համակարգի շնորհիվ»,- ասաց նա:

Նախարարը նաև բացատրեց, որ աճը պայմանավորված է պետական մարմիններում հաստիքների ավելացմամբ, պաշտոնի փոփոխությամբ, որը ենթադրում է դրույքաչափի փոփոխություն, ինչը չէր կարող չարտացոլվել բյուջեի նախագծում: Վերջինս ընդգծեց նաև, որ պարգևավճարի տրամաբանությունը չի փոխվել, այն աշխատանքի վարձատրության 30%-ի չափով է: Տոկոսային ցուցանիշների տարբերությունը, ըստ նախարարի, կարգավորումների ազդեցությամբ է պայմանավորված` արտաբյուջետային հաշիվների գործունեության դադարեցմամբ, ինչը հանգեցրել է նրան, որ ոչ թե նախկինի պես արտաբյուջետային միջոցների հաշվին պարգևավճարներ բաշխվեն, այլ բոլորը պետական բյուջեի մուտքերից լինի:

Հարցին անդրադարձավ նաև Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, ում խոսքով լրահոսի ու քննարկումների մեջ պատերազմին չի զիջում պարգևավճարների թեման: Պատգամավորը նկատեց` լավ է, որ պարզաբանվեց հարցը, և աճը ոչ թե 21% է, այլ` 2,8%:

«Բայց պետք է համաձայնենք, որ մարդկանց ոչ թե տոկոսային աճն է հետաքրքրում, այլ պատերազմական իրավիճակում պարգևավճար ստանալու ավանդույթը շարունակելը, պարոն Ջանջուղազյան, Դուք հիշեցրիք, որ բյուջեի նախագիծը կազմվել է մինչև պատերազմը, իսկ պատերազմը շատ տեղեր է ճշգրտումներ մտցրել: Մենք` «Իմ քայլը» խմբակցությամբ, քննարկման առարկա ենք դարձնելու թե' պարգևավճարները, թե' դրանց չափերը»,- ասաց Թունյանը:

Պատգամավորը նաև խոսեց այն մասին, որ չնայած նշվում է, որ պարգավճարը աշխատավարձի 30%-ի չափով է, սակայն ինչպես ակնհայտ է հրապարակումներից, լինում են պաշտոնյաներ, որոնք պարգևատրվում են 100%-ի չափով:

«Ես հասկանում եմ, որ Հայաստանում միջին կարգի բանկի վարչության պետը մեկ միլիոն դրամի կարգի աշխատավարձ է ստանում, և աննորմալ կլինի, եթե էկոնոմիկայի կամ ֆինանսների նախարարը երկու-երեք անգամ ցածր աշխատավարձ ստանա, համակարգը չի կարող էդպես արդյունավետ աշխատել, բայց ավելի կողմ ենք, որ խնդիրը համակարգային լուծվի, որ երկու տարի էդ մասին խոսում ենք: Եթե եկող տարին գոտիները ձգելու ժամանակն է, առաջին հերթին պետք է մեր գոտիները ձգենք»,- ասաց նա:

Թունյանի խոսքին արձագանքեց նախարարը` մանրամասնելով, որ պարգևավճարը, ըստ նախագծի, մեկ տոկոսվ է աճել, 2,8 տոկոսով աճել է աշխատանքի վարձատրությունը, որը կարգավորումների շրջանակում է: Նախարարն ընդգծեց` նախորդ տարվա համեմատությամբ` ընթացիկ ծախսերի ծրագրավորումը տեղի է ունեցել պահպանելով նույն սկզբունքը: Ատոմ Ջանջուղազյանը կրկին հիշեցրեց, որ արտաբյուջետային միջոցները դադարել են գոյություն ունենալ, օրինակ` ՊԵԿ աշխատակիցների պարգաճվարների համար նախկինում  նախատեսված արտաբյուջետային միջոցները վերաձևակերպվել են` նախատեսվելով բյուջեի մասին օրենքով:

Հիշեցնենք նաև, որ ԱԺ հանձնաժողովներում քննարկվում է բյուջեի նախագիծը, այն դեռևս պետք է քննարկվի լիագումար նիստում, և բացառված չէ, որ մինչև քվեարկությունը նախագծում արտացոլված շատ ցուցանիշներ փոփոխության ենթարկվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter