
Երևանի փոխքաղաքապետը և ՏԻՄ ղեկավարների տեղակալները` աշխարհազորի հրամանատարներ. ԱԺ-ն ընդունեց նախագծերը
Խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: Փոփոխությունների համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները կունենան տեղակալներ, որոնք կներգրավվեն աշխարհազորում որպես հրամանատար: Ավելացվում է Երևանի քաղաքապետի տեղակալների թիվը` երեքից դառնալով չորս, որպեսզի քաղաքապետի չորրորդ տեղակալը լինի աշխարհազորային զորամիավորման հրամանատար:
Այս հաստիքները մշտական են, գործելու են և՛ ռազմական գործողությունների ժամանակ, և՛ խաղաղ պայմաններում:
Աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է:
Աշխարհազորի համակարգը գործում է տարածքային սկզբունքով, և ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ պայմանականորեն բաղկացած է զորամիավորումներից և դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից: Աշխարհազորի կառուցվածքը, պատրաստության և կիրառման պլանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանով:
Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի միջոցով:
Մեկնաբանել