HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրեց ռազմական դրության պայմաններում կառույցի իրականացրած մշտադիտարկումները

Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Ֆինանսավարկային և բյւոջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության կոմիտեի նախագահ Գեղամ Գևորգյանից հետաքրքրվեց, թե ռազմական դրության պայմաններում ՏՄՊՊՀ-ն ինչ ուսումնասիրություններ է իրականացրել և ինչի հանգել:

ՏՄՊՊՀ նախագահն արձագանքեց` ռազմական դրության ռեժիմի անցնելուց անմիջապես հետո կառույցը լայն սպառում ունեցող պարենային և ոչ պարենային 31 ապրանքային խմբերի մշտադիտարկում է իրականացնում: Ուսումնասիրությունները ներառում են շուրջ 94 ապրանքատեսակներ:

«Ստեղծված աշխատանքային խմբեր կան, որոնք 24-ժամյա ռեժիմով աշխատանք են կատարում: Ուզում եմ աշխատանքը հստակ նկարագրեմ` սա ոչ միայն գների ուսումնասիրություն է, մենք գին չենք վերահսկում ու կարգավորում, այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից տվյալ ապրանքների իրացման ոլորտում վարած քաղաքականությունն ենք դիտրակում, որի մեջ մտնում է նաև գնային սեգմենտը, պաշարների վերաբերյալ տեղեկատվություն է հավաքագրվում ու վերլուծվում»,-ասաց Գեղամ Գևորգյանը:

ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձավ մամուլի այն հրապարակումներին, ըստ որոնց որոշ ապրանքների գներ բարձրացել են, ինչպես շաքարավազը, ձեթը, կարագը, ալյուրը, ձուն: Գևորգյանի խոսքով` ՏՄՊՊՀ-ն իրավասու է մշտադիտարկում իրականացնել միայն խոշոր տնտեսվարող սուբյեկտների և առևտրային ցանցերի նկատմամբ: Բացի ձվից, մնացած բոլոր ապրանքատեսակների պարագաներում կառույցը ձեռք է բերել ներմուծման  փաստաթղթերը: Ըստ նրա` գնաճը հիմնականում պայմանավորված է ներկրվող ապրանքների ձեռքբերման գնի աճով ու  արտարժույթի տատանմամբ: ՏՄՊՊՀ նախագահի խոսքով` մինչ այս պահը տնտեսվարող սուբյեկտների կողմից որևէ բացասական վարքագիծ չեն նկատել:

Գևորգյանը խոսեց նաև հանձնաժողովի իրականացրած այլ մշտադիտրակումների մասին, որոնք ՏՄՊՊՀ մշտադիտարկման տիրույթում չեն: Ռազմական դրությունը հաստատելուց օրեր անց հրապարակումներ եղան, որ զինվորական համազգեստի և ծաղիկների գները բարձրացել են: ՏՄՊՊՀ աշխատակցիները Ոստիկանության, ՊԵԿ-ի և Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների հետ միասին շրջայց են իրականացրել ծաղիկների խանութներում և պարզել, որ գնաճի պատճառը ոչ թե խոշոր տնտեսվարողներն են, այլ` գյուղացիական տնտեսությունները, որոնք փոքր ջերմոցային տնտեսություններում ծաղիկներ են աճեցնում: Վերջիններս էլ գները բարձրացրել են: ՏՄՊՊՀ նախագահը ձեռնպահ մնաց պատճառների մասին խոսելուց:

Ինչ վերաբերում է զինվորական համազգեստներին, ապա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մասնագիտացված խանութները չեն գները բարձրացրել, այլ` վերավաճառողները, որոնք հիմնականում համացանցի միջոցով են վաճառք իրականացնում, որպես այդպիսին տնտեսվարող սուբյեկտ չեն և դուրս են վերահսկողությունից:

ՏՄՊՊՀ ջանքերով կորոնավիրուսը ախտորոշող ՊՇՌ թեստերի գնանկում է արձանագրվել:

«Որպես խնդրանք ձևակերպեցինք լաբորատոր ծառայություններ մատուցող ընկերություններին, և վերջիններս գները 15 հազար դրամ սահմանեցին: Դրա մեջ չի մտնում տնային այցը կամ հավելյալ ծառայությունները և այն թեստերը, որոնց պատասխանները քաղաքացին ցանկանում է արագ ստանալ»,-ասաց Գևորգյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter