HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Անհետ կորած զինծառայողի հարազատներից խարդախությամբ գումար հափշտակելու գործով ձերբակալվածը իրավապահ համակարգի նախկին աշխատակից է

Անհետ կորած զինծառայողի հարազատներից խարդախությամբ գումար հափշտակելու գործով ձերբակալված Հ. Բ.-ն մասնագիտությամբ իրավաբան է, Զինվորական դատախազության նախկին աշխատակից։ Նրա վերաբերյալ այս պահին քրեական գործ է քննվում Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։

Հ. Բ.-ն, ըստ այդ գործով մեղադրանքի, իրավաբանի մասնագիտական հմտություններն օգտագործելով՝  նախնական համաձայնության է եկել մեկ այլ անձի հետ՝ ծանոթների շրջանում իրեն որպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ներկայացնելու և այդ հանգամանքը շահարկելով՝ քրեական գործերով տարբեր անձանց օգտին գործողություններ կատարելու պատրվակով, խարդախությամբ գումարներ հափշտակելու շուրջ:Հ. Բ.-ի վերաբերյալ բազմադրվագ գործը դատարանում է 2015 թվականից։ Նա մինչև 2020 թվականի ապրիլ ամիսը գտնվել է կալանքի տակ, ապա ազատ արձակվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի որոշմամբ։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը երեկ՝ նոյեմբերի 2-ին հայտարարություն է  տարածել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչ, նախկինում մի քանի անգամ խարդախություններ կատարելու համար դատապարտված Հ. Բ.-ն, տեղեկանալով, որ զինծառայող Հ. Մ.-ն, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու միասնական դիտավորությամբ, Հ. Մ.-ի ազգական Ա. Մ.-ին վստահություն ներշնչելու նպատակով խաբեությամբ նրան ներկայացել է որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձ և պատրաստակամություն հայտնել ի պաշտոնե զբաղվել անհայտ կորած զինծառայողի որոնողական աշխատանքներով:

Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ Հ. Բ.-ն 2020 թվականի հոկտեմբերի 28-ին ճանապարհածախսի պատրվակով Ա. Մ.-ից նախ պահանջել և ստացել է 100 հազար ՀՀ դրամ, այնուհետև, վերջինիս գիտակցության ու կամքի վրա ներգործելու, մոլորության մեջ գցելու եղանակով իր հանցավոր մտադրությունն իրագործելու մղումներից ելնելով, 2020 թվականի նոյեմբերի 1-ին Ա. Մ.-ին հայտնել է, թե իբր զինծառայող Հ. Մ.-ն գերության մեջ գտնվում է Ադրբեջանի Հանրապետության Գաբալա քաղաքում, որտեղ պահում են հայ ռազմագերիներին և պատրաստվում են վերջինիս տեղափոխել քաղաք Բաքու: Դա կանխելու և Հ. Մ.-ին Ռուսաստանի Դաշնության իր գործընկերների միջոցով այլ երկրների տարածքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխելը կազմակերպելու համար Հ. Բ.-ն մաս-մաս վճարելու պայմանով պահանջել է ևս 3 հազար ԱՄՆ դոլար, սակայն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում Ա. Մ.-ի կողմից 1.000 ԱՄՆ դոլարն ստանալուց անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից՝ չկարողանալով իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին հասցնել:

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում, բացի այս պահին քննվող գործից, Հ. Բ.-ի վերաբերյալ առկա է ևս 4 գործ։

Դրանցից մեկով Հ. Բ.-ն մեղավոր է ճանաչվել լազերային տպիչ սարքով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի գրության տպագիր գրառումները,  ՀՀ զինանշանը և քաղաքացիական գործերից մեկի որոշումն ամբողջությամբ կեղծելու մեջ:

Մեկ այլ գործով Հ. Բ.-ն մեղավոր է ճանաչվել սուտ մատնություն և խոշոր չափով խարդախություն կատարելու հոդվածներով։

Հ. Բ.-նը, «Դատալեքս»-ում առկա մեկ այլ գործով առկա տեղեկատվության համաձայն՝  2011 թվականի ամռանն Էջմիածին քաղաքի բնակչին օգնելու պատրվակով, ստացել է  140.000 դրամ գումար, վերջինիս մանրածախ առևտրով զբաղվող ԱՁ-ին Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2011 թվականի ապրիլ ամսին տուգանված 600.000 դրամ գումարը նվազեցնելու համար, սակայն, վստահությունը չարաշահելու եղանակով գումարը ստանալուց հետո, որևէ գործողություն չանելով` հափշտակել է այն։ Այս գործը կարճվել է տուժողի և ամբաստանյալի հաշտվելու հիմքով։

Հ. Բ.-ի վերաբերյալ հինգերորդ գործը վերաբերում է կաշառք տալու պատրվակով քաղաքացիներից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելուն։

Նշենք, որ Հ. Բ.-ի վերաբերյալ քննվել է նաև մեկ այլ գործ, որը «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում չի երևում, քանի որ համակարգը ստեղծվել է 2008 թվականին, իսկ գործը 2001 թվականի է։

Հ. Բ.-ն աշխատելիս է եղել Զինվորական դատախազությունում, երբ մեղադրվել է նախկին Քրեական օրենսգրքի 232.1 և  232-րդ հոդվածներով՝ համապատասխանաբար՝ հրազեն, ռազմամթերք կամ պայթուցիկ նյութեր հափշտակելը և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պահելն ու դատապարտվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter