
Երբ կօգտագործվի ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը. նոր նախագիծ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը մշակել է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքն, այլ միջոցներն օգտագործելու դեպքերը, դրա դիմաց փոխհատուցում տրամադրելու մեխանիզմները։
ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ այժմ կանոնակարգված չեն բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման պատասխանատու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ֆիզիկական, իրավաբանական անձանց գույքի, այլ միջոցների ներգրավման դեպքերը, ինչպես նաև դրանց օգտագործման դիմաց փոխհատուցման մեխանիզմները:
Ըստ մշակված կարգի՝ արտակարգ իրավիճակներում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը և այլ միջոցները կարող են օգտագործվել բնակչության պատսպարումը, տարհանումը կազմակերպելու, փրկարարական և այլ անհետաձգելի վթարային վերականգնողական աշխատանքները իրականացնելու, բնակչության կենսաապահովման միջոցառումները ապահովելու համար։
Այդ գույքերը կարող են օգտագործվել համարժեք փոխհատուցմամբ:
Արտակարգ իրավիճակներում մարդու կյանքի և առողջության պահպանման, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման և ապահովման նպատակով սեփականության իրավունքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող գույքն օգտագործվելու է գույքի սեփականատիրոջ և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի միջև կնքված պայմանագրի հիման վրա:
Օգտագործվող գույքը և այլ միջոցները վերադարձվելու են տեխնիկապես սարքին, շահագործման համար պիտանի վիճակում` գույքը և այլ միջոցները օգտագործման նպատակով կազմված տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակին կամ ընդունման-հանձնման ակտին համապատասխան:
Մեկնաբանել