HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

2020 թվականին աշխարհում սպանվել է ավելի քան 30 լրագրող

2020 թվականի սկզբից մինչ օրս աշխարհում սպանվել է ավելի քան 30 լրագրող։ Այդ մասին նոյեմբերի 2-ին հայտարարել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը։ Կազմակերպությունն իր ասուլիսում ՄԱԿ-ին կոչ է արել ստեղծել լրագրողների պաշտպանության հատուկ ներկայացուցչի հաստիք։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը իր պաշտոնավարման վերջին տարին պետք է օգտագործի ԶԼՄ-ների աշխատակիցների իրավունքների մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։

Ի տարբերություն նախորդ տարիների, 2020 թվականին լրագրողների և ԶԼՄ այլ աշխատակիցների մահվան ցուցանիշների կրճատումը կազմակերպությունը կապում է, նախևառաջ, կորոնավիրուսի համավարակի հետ։ 2019 թվականին աշխարհում սպանվել է 49 լրագրող, որը, ըստ իրավապաշտպան կազմակերպության տվյալների, այդքան էլ բարձր ցուցանիշ չէ։ Կրճատվել է նաև ճգնաժամային շրջաններում լրագրողների սպանության դեպքերի թիվը, ինչը պայմանավորված է նրանով, որ տարեցտարի ավելի քիչ լրատվամիջոցներ են իրենց լրագրողներին ուղարկում այդ շրջաններ։ 

Զուգահեռաբար իրավապաշտպան կազմակերպությունը գրանցել է լրագրողների նկատմամբ ճնշումների աճ։ «Սպառնալիքները դառնում են ավելի բազմազան, իսկ դրանց դեմ պայքարը` էլ ավելի դժվար»,- նշել է Քրիստոֆ Դելուարը։

Վերջին 10 տարիներին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, ընդհանուր առմամբ, գրանցել է լրագրողների շուրջ 1000 սպանության դեպք, որը պայմանավորված է նրանց մասնագիտական գործունեությամբ։ «Դրանցից շատերը հավուր պատշաճի չեն հետաքննվել, իսկ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել»,- նշել է Դելուարը։ Պատճառներից մեկը, ըստ նրա, միջազգային մեխանիզմների արդյունավետության բացակայությունն է։

Լուսանկարը՝ Leonardo Alvarez—LatinContent/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter