HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Փարիզում բերման է ենթարկվել փողոցում մաչետեով քայլող տղամարդ

Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզի Պեր-Լաշեզ կենտրոնական շրջանում բերման է ենթարկել մաչետեով (երկար՝ 50սմ-ից ավելի, բարակ եւ լայն դանակ) մի տղամարդու։ Այդ մասին գրում է «Reuters» պարբերականը՝ հղում անելով ֆրանսիական ոստիկանության ներկայացուցչին։

Տղամարդը, որի ինքնությունը չի բացահայտվում, բերման է ենթարկվել հյուրանոցի իր համարում։ Ոստիկանության ներկայացուցիչն ընդգծել է, որ դեռևս անհայտ է, թե արդյոք որևէ անձ տուժել է բերման ենթարկվածի գործողություններից։

Փարիզի «Actu Paris» պարբերականը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ առավոտյան 11:30-ի սահմաններում մի քանի մարդ մետրոյի «Պեր-Լաշեզ» կայարանի մոտ տեսել են մաչետեով տղամարդու։ 

Ոստիկանությունը գործողությունն իրականացրել է Շմեն-Վեղ փողոցում, կայարանից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։ Բերման ենթարկելիս փողոցը փակվել է, իսկ խանութների աշխատանքը՝ առժամանակ դադարեցվել։ 12:30-ին փողոցի երթևեկությունը վերականգնվել է։

Ֆրանսիայի մի քանի քաղաքներում տեղի ունեցած հարձակումներից հետո տեղական իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները։ Մաչետեով տղամարդը ձերբակալվել է նախօրեին Ավստրիայում տեղի ունեցած ահաբեկչությունից մեկ օր անց։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին մեկ կամ մի քանի ահաբեկիչներ կրակ էին բացել Վիեննայի կենտրոնում՝ սպանելով հինգ և վիրավորելով 22 մարդու։ Հարձակման ժամանակ ոստիկանությունը սպանել է 20-ամյա ահաբեկչին, որը եղել է Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացի։ Վերջինս նախկինում դատապարտվել էր ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու համար։

Լուսանկարը՝ «Reuters» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter