HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններ են

Նոյեմբերի 3-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունների վերջին օրն էր։ Երևանի ժամանակով` նոյեմբերի 4-ի առավոտյան պարզ կլինի, թե ով է դառնալու Սպիտակ տան նոր ղեկավարը. գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրա՞մփը, թե՞ նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը։

Չնայած կորոնավիրուսի համավարակին, ամերիկյան ընտրատեղամասերում հերթեր են գոյացել։ Արդեն իսկ գրեթե 100 միլիոն ամերիկացիներ քվեարկել են փոստով կամ մի քանի նահանգներում վաղաժամկետ բացված ընտրատեղամասերում։ Այդ թիվը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 40 %-ը, կամ 2016 թվականի ընտրությունների բոլոր ձայների ավելի քան 72 %-ը։

Այսպիսի ակտիվությունն աննախադեպ է ամերիկյան պատմության համար։ Ընտրությունների արդյունքները կարևոր են ամերիկացիների համար անկախ այն հանգամանքից, թե որ կուսակցությանն են նրանք աջակցում։

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 230 հազար մարդ, միլիոնավոր մարդիկ դարձել են գործազուրկ։ Բացի այդ, վերջին ամիսներին երկրում ընթանում են Black Lives Matter շարժման զանգվածային բողոքի ցույցերը, որոնք ուղեկցվում են անկարգություններով։ Արդյունքում, հանրությունը բաժանվել է տարբեր թևերի։ 

Ընտրությունների վերջին օրվանից մեկ օր առաջ, ԱՄՆ բազմաթիվ քաղաքներում տարբեր ձեռնարկատերեր փակել են իրենց խանութներն ու հաստատությունները՝ վախենալով ընտրությունների արդյունքները չընդունող քաղաքացիների արմատական գործողություններից։

Ընտրությունների օրը ԱՄՆ նախագահի երկու թեկնածուները չեն դադարեցրել իրենց քարոզչական արշավը։ Երեքշաբթի՝ նոյեմբերի 3-ի առավոտյան Դոնալդ Թրամփը, «Fox» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ բազմաթիվ ամերիկացիներ, որոնք մասնակցել են իր քարոզարշավին, իրեն հաղթանակի հույս են տալիս։ «Մենք հավաքում ենք այնքան մարդկանց, որքան ոչ ոք և երբեք չի հավաքել։ Ես կարծում եմ, որ դա հենց ընտրողների ձայնն է»,- նշել է Թրամփը։

Ջո Բայդենն էլ ժամանել է Փենսիլվանիա նահանգի իր հայրենի Սքրանթոն քաղաք։ «Ես ուրախ եմ, որ տուն եմ եկել»,- նշել է դեմոկրատ թեկնածուն։ Նա հիշեցրել է այդ քաղաքի հետ իր կապի մասին և հավելել, որ նույնիսկ իր հարսանեկան արարողությունը կայացել է Սքրանթոնում։ «Մենք պետք է վերականգնենք մեր երկրի գլխավոր հենարանը։ Այս երկիրը կառուցել է միջին խավը, այլ ոչ թե Ուոլ սթրիթը»,- հայտարարել է Բայդենը։ Սքրանթոնի իր տան դռան վրա Բայդենը գրել է. «Աստծո օրհնությամբ այս տնից` Սպիտակ տուն»։

«BBC»-ի Հյուսիսային Ամերիկայի բաժնի խմբագիր Ջոն Սոփելը առանձնացրել է ընտրությունների հնարավոր ելքի մի քանի սցենար, որոնցից յուրաքանչյուրը, ըստ նրա, կարող է իրականություն դառնալ։ 

  1. Ջո Բայդենի հեշտ հաղթանակ։ Առաջին սցենարն ամենահեշտն է։ Հանրային կարծիքի հարցումներն ամբողջությամբ ցույց են տալիս հանրային տրամադրությունները։ Ամերիկացիների մեծամասնությունն աջակցում է Բայդենին։ Վիճելի իրավիճակ չկա, վերահաշվարկ չի լինի։
  2. Բայդենի ջախջախիչ հաղթանակ։ Դեմոկրատական կուսակցության թեկնածուն հաղթում է Հանրապետականների համար նվաստացուցիչ տարբերությամբ։ Այս ընտրությունները դասվում են 1980 և 1988 թվականների ընտրությունների կողքին, երբ, համապատասխանաբար, Ռոնալդ Ռեյգանը ջախջախիչ հաղթանակ տարավ Ջիմի Քարթերի նկատմամբ, իսկ Ջորջ Բուշ ավագը՝ Մայքլ Դուկակիսի։ 
  3. Դոնալդ Թրամփի շոկային հաղթանակ։ Ինչպես 2016 թվականին, նախընտրական հարցումները չեն իրականանում և ստեղծվում է աննախադեպ իրավիճակ, երբ երկրորդ անգամ ֆավորիտ թեկնածուն պարտություն է կրում։ Որպեսզի այդ սցենարը տեղի ունենա, Թրամփը պետք է հաղթի Ֆլորիդայում և Փենսիլվանիայում։ 
  4. Եվս մեկ սցենար, որն ամենաքիչ հավանականն է։ Ընտրիչների ձայները հավասարապես բաժանվում են Թրամփի և Բայդենի միջև (յուրաքանչյուրի օգտին 269)։ Ինչպես գրում է Ջոն Սոփելը, նման բան դեռ ԱՄՆ պատմության մեջ չի եղել։

«Չնայած սա 2020 թվականն է, և ամեն բան հնարավոր է»,- հավելել է Սոփելը։

Իլյուստրացիան՝ Էմիլի Դեմբինսկիի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter