
ԱՄՆ-ում շարունակվում է նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը. ակնհայտ առաջատար չկա
Ամերիկյան բոլոր նահանգներում փակվել են նախագահական ընտրությունների ընտրատեղամասերը։ Վերջին նահանգը, որտեղ ավարտվել են ընտրությունները, Ալյասկան է։ Այնտեղ վերջին ընտրատեղամասը փակվել է Երևանի ժամանակով առավոտյան 10:00-ին։
Ընտրությունների ելքը շարունակում է մնալ անհայտ։ The New York Times-ի առցանց քարտեզի տվյալներով՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաղթում է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը՝ հավաքելով ընտրիչների 224 ձայն։ Թրամփն էլ ստացել է ընտրիչների 213 ձայն։ Fox News-ն էլ հայտնում է, որ Բայդենը ստացել է 238, իսկ Թրամփը ընտրիչների 213 ձայն։ BBC-ն գրում է, որ Թրամփը հաղթում է, մասնավորապես, Տեխաս նահանգում, ինչը հնարավորություն կտա նրան ստանալ 38 ընտրիչների ձայները։
Ջո Բայդենը հաղթել է հայաշատ Կալիֆոռնիայում, Օրեգոն, Վաշինգտոն, Կոլորադո, Նյու Մեքսիկո, Մինեսոտա, Իլինոյս, Նյու Յորք, Նյու Հեմփշիր, Վերմոնտ և ԱՄՆ արևելյան ափի այլ նահանգներում, իսկ Թրամփը հաղթել է Տեխասում, Ֆլորիդայում, Այդահոյում, Յուտայում, Մոնտանայում, Վայոմինգում, Նեբրասկայում, Կանզասում, Ալաբամայում և այլ նահանգներում։ Մի շարք նահանգներ էլ, ինչպես օրինակ Փենսիլվանիան, հայտարարել են, որ ժամանակավորապես դադարեցնում են քվեաթերթիկների հաշվարկը։
Զուգահեռաբար գործող նախագահ և հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է «մեծ հաղթանակի» մասին։ Բացի այդ, նա նշել է, որ իր մրցակիցը և Բայդենի կողմնակիցները ցանկանում են գողանալ հաղթանակը։
«Մենք երբեք դա նրանց թույլ չենք տա»,- գրել է Թրամփը։ Սոցիալական կայքը Թրամփի գրառումը պիտակել է որպես «վիճելի բովանդակություն»։ Օգտատերերը կկարողանան տեսնել Թրամփի գրառումը միայն այն պարագայում, եթե սեղմեն «տեսնել» կոճակի վրա։
I will be making a statement tonight. A big WIN!
— Donald J. Trump (@realDonaldTrump) November 4, 2020
Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը նույնպես հանդես է եկել կոչով։ Ելույթ ունենալով Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում՝ նա հայտարարել է, որ գտնվում է հաղթանակի ճիշտ ճանապարհին։ «Մենք գիտեինք, որ քվեաթերթիկների աննախադեպ քանակի պատճառով հաշվարկը կարող է ավելի երկար տևել, քան սովորաբար»,- նշել է Բայդենը։
Biden says this may last days but "we believe we're on track to win this election" pic.twitter.com/V6l3bzP0rE
— David Mack (@davidmackau) November 4, 2020
Սենատի ընտրություններում դեմոկրատների և հանրապետականների ձայները գրեթե հավասար են, իսկ Ներկայացուցիչների պալատի ընտրություններում հաղթում են դեմոկրատները։ Bloomberg-ը գրում է, որ նախնական տվյալներով Սենատում հանրապետականները կստանան 47, իսկ դեմոկրատները՝ 46 մանդատ, իսկ արդեն Ներկայացուցիչների պալատում, համապատասխանաբար՝ 172 և 166 մանդատ։
2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրողների ավելի քան 50 %-ը։ Սոցիոլոգները կարծում են, որ վաղաժամկետ ընտրության և փոստով քվեարկության բարձր ցուցանիշների պատճառը երկրում առկա համաճարակային բարդ իրավիճակն է։ Հիշեցնենք, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում բազմիցս դեմ է հանդես եկել փոստով քվեարկությանը՝ նշելով, որ այն կարող է լինել «խաբեության օբյեկտ»։
Կոլաժը՝ The Times-ի
Մեկնաբանել