
Դատական գործերը, որոնց կողմ են հանդիսանում առաջնագծում գտնվող անձինք, կհետաձգվեն
Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) իր սահմանադրական լիազորությունն իրականացնելու արդյունքում համապատասխան գրություններ է ուղարկել վարչապետին` առաջարկելով մի քանի դատարաններում ավելացնել դատավորների թվաքանակը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը` հերքելով այն տեղեկությունները, թե դատական համակարգում կրճատումներ են սպասվում:
«Այս լույսի ներքո չեմ կարծում, որ կրճատման մասին խոսել հնարավոր է, որովհետև դատարաններն այս պահին այնքան ծանրաբեռնված են, որ այս քանակից մի բան էլ նվազեցնելը նշանակում է կազմալուծել դատական համակարգի աշխատանքը»,- ասաց նա:
Փոլադյանի խոսքով` դատական համակարգի շուրջ 85 աշխատակից առաջնագծում է թե՛ կամավորութան սկզբունքով, թե՛ զորահավաքի շրջանակներում:
«Ունենք որոշ դատական նիստեր, որոնք հետաձգվում են իրավիճակով պայմանավորված: Այն բոլոր գործերով, որոնցով կողմեր են հանդիսանում անձինք, ովքեր գտնվում են առաջնագծում կամ ներգրավված են այդ պրոցեսում որևէ կերպ, բնականաբար դատարանները ողջամտորեն գնահատում են իրավիճակը և հետաձգում են նիստերը»,-ասաց Փոլադյանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանի մշտական հանձնաժողովներում շարունակվում են 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները:
Մեկնաբանել