HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արտակ Բեգլարյան․ «Արցախում պատերազմի ընթացքում զոհվել է 46, վիրավորվել 144 քաղաքացիական անձ»

Նոյեմբերի 4-ի գիշերը բավական թեժ է եղել Շուշում, ադրբեջանական զինված ուժերն ինտենսիվ կերպով թրախավորվել են քաղաքացիական օբյեկները, ինչի հետևանքով առկա են վիրավորներ և ավերածություններ։ Այս մասին նոյեմբերի 4-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արտակ Բեգլարյանը, որի խոսքով՝ ավերածությունների և վիրավորված անձանց հստակ թիվ ներկայացնել հնարավոր չէ, տվյալները դեռևս հստակեցվում են։

Ըստ Բեգլարյանի՝  Մարտունի քաղաքը ևս թիրախավորվել է, քաղաքացիական օբյեկտներում ավերածություններ առկա են, բայց, բարեբախտաբար, այստեղ մարդկային կորուսներ չեն արձանագրվել։ Թիրախավորվել են նաև մի շարք այլ համայքներ՝ հիմնականում գյուղական, որտեղ ևս մարդկային կորուստներ չկան։

Ստեփանակերտ քաղաքի թիրախավորման հետևանքով երկու քաղաքացիական անձ է վիրավորվել, մեկը՝ ծննդատան հարակից, այսինքն՝ հանրային նշանակության տարածում,  մյուսը՝ կենտրոնական շուկայի՝ բնակելի հատվածում։

«Սա նշանակում է, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են դիտավորյալ կերպով թիրախավորել քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները՝ ի հեճուկս միջազգային մարդասիրական իրավունքի հանրահայտ սկզբունքների և  հոկտեմբերի 31-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հայտարարված այն համաձայնության, որ քաղաքացիական օբյեկտները չեն թիրախավորվելու»,- ասաց Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ որ սա հերթական ապացույցն է այն բանի, որ ադրբեջանական կողմը չի պահում ո՛չ միջազգային մարդասիրական իրավունքի կանոնները, և ո՛չ էլ քաղաքական պայմանավորվածությունները։

Բեգլարյանի խոսքով՝ երեկվա հարձակումների մի մասը կասետային զինատեսակներով է եղել, որը միջազգային մարդասիրական և սովորութային իրավունքով  արգելված զինատեսակ է հատկապես քաղաքացիական օբյեկտների շրջանում կիրառելու պարագայում, քանի որ ունի բավականին լայնածավալ ազդեցության շրջանակ, ինչի հետևանքով արձանագրվում են մեծ թվով կորուստներ։ Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ երեկ արձանագրված կորուստների և վիրավորումների մի մասը կասետային զինատեսակների կիրառման հետևանք է։

Բեգլարյանը ներկայացրեց նաև այս պահին առկա վիճակագրությունը, որը վարվում է Արցախի ՄԻՊ գրասենյակի փաստահավաք առաքելության շրջանակներում։

Մասնավորապես, ըստ այս պահին ամփոփոված վիճակագրության՝ Արցախում սկսված մարտական գործողությունների առաջին օրվանից մինչև օրս քաղաքացիական անձանց շրջանում արձանագրվել է առնվազն 46 զոհվելու և առնվազն 144 վիրավորում ստանալու դեպք։

Առկա են մի շարք տեղեկություններ նաև հատկապես այն բնակավայրերից, որտեղ ադրբեջանական դիվերսիոն խմբավորումներ են եղել, սակայն, նկատի ունենալով, որ այս տարածքներում ռազմական գործողությունները շարունակվում են, հնարավոր չէ դեպքերի վերաբերյալ հստակ տեղեկություններ ճշտել և մանրամասներ ներկայացնել։

Սեպտեմբերի 27-ից առ այսօր Արցախում 2100 մեքենա կամ շարժական գույք է վնասվել, քաղաքացիական օբյեկտների շրջանում, ըստ նախնական հաշվարկների, 13 800 անշարժ մասնավոր գույք է վնասվել՝ հիմնականում բնակարաններ, տներ, 3100 ենթակառուցվածք՝ հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ։ Հնարային նշանակության օբյեկտների մեջ դիտարկվում են մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները, եկեղեցին։ Կրթության նախարարության տրամադրած տեղեկությունների համաձայն՝ նոյեմբերի 2-ի դրությամբ Արցախում 61 դպրոց և 10  մանկապարտեզ է վնասվել։ Արտակ Բեգլարյանը նշեց որ 61 դպրեցները Արցախում եղած դպրոցների քանակի 27-28 %-ն է կազմում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter