HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հարազատներն ասում են՝ Ադրբեջանում մահացած 84-ամյա Միշա Մելքումյանը նախքան գերեվարվելն առողջական էական խնդիրներ չի ունեցել

Ադրբեջանում գերության մեջ մահացած հայազգի 84-ամյա Միշա Մելքումյանը նախքան գերեվարությունը առողջական էական խնդիրներ չի ունեցել: Այդ մասին Արցախի Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արտակ Բեգլարյանին տեղեկացրել են Մելքումյանի հարազատները։ 

«Դա նշանակում է, որ նա այնտեղ արժանացել է խոշտանգումների, կտտանքների, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, սպանվել է»,- ասաց Արտակ Բեգլարյանը: 

Տեղեկացնենք, որ նոյեմբերի 1-ին Կարմիր խաչի միջնորդությամբ Միշա Մելքումյանի դին Վրաստանի տարածքով փոխանցվել է հայկական կողմին։

Արցախի օմբուդսմենը նշեց նաև ռազմական գործողություններին չմասնակցած այլ քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի կողմից անմարդկային վերաբերմունք դրսևորելու ենթադրյալ դեպքերի մասին:

«Տող գյուղի քաղաքացիներից մեկը, ով մազապուրծ փախել էր այնտեղից, ասել է, որ ինքը տեղյակ է, որ իրենց հարևաններից մեկին՝ Մայոր անունով, ադրբեջանական զինծառայողները գլխատել են, սպանել են 82 տարեկան եւս մեկ անձի՝ Միշա Ստեփանյան անունով»,- ասաց Բեգլարյանը՝ միաժամանակ նշելով, որ այս դեպքը դեռևս ներառված չէ իրենց կողմից հրապարակված վիճակագրական տվյալների մեջ, քանի որ ճշգրտման աշխատանքներ են տարվում:

Արցախի ՄԻՊ-ը պնդում է, որ ադրբեջանական իշխանությունները ուղղակի կերպով խրախուսում են պատերազմական հանցագործությունները և անմարդկային վերաբերմունքը։

«Այնքան է արմատացած հայատյացությունը, որ ցանկացած հայի ցանկացած ձևով սպանելը և նույնիսկ դիակների հանդեպ վատ վերաբերմունքը ողջունելի է համարվում Ադրբեջանի լայն հանրության կողմից»,- ասաց Բեգլարյանը՝ հավելելով, որ այս պայմաններում ցեղասպանական գործողությունների վտանգը շատ մեծ է:

«Լուրջ կասկածներ ունենք, որ բոլոր այն բնակավայրերում, ուր ադրբեջանցի զինծառայողները մուտք են գործել, կատարել են նման հանցագործություններ»,- ասաց Արտակ Բեգլարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter