HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արման Թաթոյան. «Մարդիկ տարիներով մոռացվում են հոգեբուժարաններում. հոգեբույժ չունենք Հայաստանում»

2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումներին Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը վրդովվեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանի այն դիտարկումից, որ միգուցե կարիք կա զարգացած երկրների նման բացի Օմբուդսմենի գրասենյակից ունենալ նաև այլ մասնագիտացված կառույցներ, որոնք, օրինակ՝ կզբաղվեն ներդրողների շահերի պաշտպանությամբ: Թաթոյանը խորհուրդ տվեց այդ գումարներն ուղղել, օրինակ՝ հոգեբուժարանների կարիքներին:

«Նույնը առողջապահության ոլորտում, վաղը, մյուս օրը, երբ քննարկում գնա շատ ավելի լուրջ մակարդակի վրա, առողջապահության ապահովագրություն, այդ հարցը հարցը նորից սրվելու է` արդյոք այդ համակարգում ունենալու՞ ենք Օմբուդսմենի ինստիտուտ, թե՞ չէ: Այսինքն՝ ես ճիշտ հասկացա` հակված եք նրա՞ն, որ ավելի շատ հնարավորություններ ուղղվի Ձեր ինստիտուտին, որ այդ ամենն իրականացնի Ձեր կառույցը, թե՞ կողմ եք, որ ջանքեր թափենք այս ինստիտուտների կայացման համար` պայմանով, որ չկրկնեն ՄԻՊ-ի գործառույթները»,- ասաց Արկադի Խաչատրյանը:

Արման Թաթոյանն արձագանքեց` հնարավոր չէ այդ կառույցները գործեն առանց կրկնելու ՄԻՊ-ի լիազորությունները:

«Ցու՛յց տվեք մի դեպք, որ գործարարին պրոֆեսիոնալ աջակցություն չի ցուցաբերվել: Փոքր բաժին ունենք, բայց նույնիսկ օրենսդրական նախագծեր ենք մշակում, ուղարկել ենք ԱԺ հանձնաժողով, ոչ մի պատասխան չենք ստացել: Դուք ասում եք՝ լուրջ քննարկումներ եթե լինեն, այլ Օմբուդսմեններ կստեղծվեն,։ Իմ պրոֆեսիոնալ աշխատանքը ես երաշխավորում եմ»,-ասաց Արման Թաթոյանը:

ՄԻՊ-ի խոսքով` կառույցում կան պրոֆեսիոնալ բժիշկներ, հոգեբույժներ, հոգեբաններ, իրենք աշխատում են Հայաստանի լավագույն մասնագետների հետ: Թաթոյանը կոչ արեց կառույցի զեկույցներն ուսումնասիրել` պնդելով՝ որևէ խնդիր, սխալ գտնելու պարագայում պատրաստ է հրապարակային ներողություն խնդրել:

«Ես վստահ եմ իմ ամեն բառի համար։ Խնդրում եմ ասեք որևէ լուրջ քննարկման հարց, որ մենք անլուրջ ենք մեզ պահել… Գիտեք ինչ, պարո՛ն Խաչատրյան, այդ ֆինանսական միջոցները թող ուղղվեն հոգեբուժարաններում պայմանները բարելավելուն, մարդիկ տարիներով մոռացվում են հոգեբուժարաններում, հոգեբույժ չունենք Հայաստանում: Ամբողջ Սյունիքի մարզում երկու հոգեբույժ ունենք, որոնցից մեկը թոշակի է անցել, մյուսը չի հասցնում։ Նման բաների վրա գումարներ պիտի ուղղենք»,- ասաց ՄԻՊ-ը:

Պատգամավորն արձագանքեց` որևէ մեկը չի թերագնահատում ՄԻՊ-ի աշխատանքը, պարզապես հարցի վերաբերյալ վերջինիս տեսակետն էր ուզում իմանալ:

Արման Թաթոյանը կոչ արեց Հայաստանը չհամեմատել զարգացած երկրների հետ, քանի որ վերջիններս այդքան խնդիր չունեն, որքան` Հայաստանը:

«Նորից եմ ասում` այդ ֆինանսական միջոցները թող ուղղվեն մեր զեկույցներում առաջ քաշված հարցերի կեսի կեսի լուծմանը, թող ուղղվեն ՔԿՀ ծառայողների, ոստիկանների աշխատավարձերի բարձրացմանը, որ պահանջներն ավելի շատ դնենք, թող ուղղվեն հոգեբուժարաններին… կարծում եմ` զարգացած երկրների հետ համեմատելը ճիշտ չէ»,-եզրափակեց նա:

Ընթերցե՛ք նաև՝

Լուսանկարը՝ ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter