HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում 10 միլիոն լիրայով տուգանվել են Facebook-ը, Twitter-ը և սոցիալական մյուս ցանցերը

Այն բանից հետո, երբ Թուրքիայում ուժի մեջ է մտել սոցիալական կայքերի կարգավորման խստացման մասին նոր օրենքը, սոցիալական մի շարք կայքեր, ինչպես օրինակ, Facebook-ը, Twitter-ը, Instagram-ը, Periscope-ը, Youtube-ը և TikTok-ը, տուգանվել են։ Նոյեմբերի 4-ին Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների փոխնախարար Օմեր Ֆաթիհ Սայանը հայտնել է, որ սոցիալական ցանցերից յուրաքանչյուրը տուգանվել է 10 միլիոն լիրայի չափով (մոտ 1 միլիոն եվրո)։ Տուգանման պատճառն այն է, որ սոցիալական ցանցերը սահմանված ժամկետներում չեն հայտնել իրենց տեղական ներկայացուցիչների մասին։ 

Թուրքիայի խորհրդարանը հուլիսի վերջին ընդունել է օրենք, որն ուժեղացնում է սոցիալական ցանցերի նկատմամբ վերահսկողությունը։ Ըստ այդ օրենքի՝ եթե Թուրքիայում տվյալ սոցիալական ցանցն ունի օրական մեկ միլիոնից ավելի այցելու, ապա տվյալ սոցցանցը պետք է բացի տեղական մասնաճյուղ և նշանակի ներկայացուցիչ, որը պետք է պարտադիր լինի Թուրքիայի քաղաքացի։ Եթե այդ պահանջը չի իրականացվի, ապա դատական կարգով հնարավոր կլինի մինչև 95 %-ով սահմանափակել տվյալ սոցիալական ցանցի թրաֆիկը։ Նոր օրենքը նաև սոցիալական հարթակներին պարտավորեցրել է 48 ժամվա ընթացքում արձագանքել բովանդակության հեռացման կամ արգելափակման վերաբերյալ հարցումներին։

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունն ավելի վաղ քննադատել էր պաշտոնական Անկարայի գործողությունները՝ նշելով, որ սոցիալական մեդիան համարվում է «Թուրքիայի քննադատական լրագրության վերջին հանգրվանը»։ Իրավապաշտպանները օրենսդրական նախագիծը գնահատել էին որպես «քաղաքականապես թուլացած» նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միակ պատասխանը համացանցում իր նկատմամբ սուր քննադատությանը։ «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության գնահատմամբ՝ Թուրքիայում Facebook-ից ամեն օր օգտվում է 37 միլիոն մարդ, իսկ Twitter-ից՝ 16 միլիոն։

Լուսանկարը՝ platformpj.org-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter