25 տարի առաջ նոյեմբերի 5-ին վերագործարկվեց ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը
1995 թվականի նոյեմբերի 5-ին, վեց ու կես տարվա դադարից հետո վերագործարկվեց հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը: Հայկական ԱԷԿ-ի վերագործարկման որոշումն օգնեց Հայաստանին հաղթահարել 90-ականների էներգետիկ ճգնաժամը երբ երկիրն, ի թիվս այլ խնդիրների, ուներ էլեկտրաէներգիայի սուր դեֆիցիտ:
«Հայկական ԱԷԿ-ի աշխատանքների վերագործարկումը վառ ապացույցն է այն բանի, որ ԱԷԿ-ը Հայաստանի էներգետիկ անկախության և անվտանգության իրական երաշխավորն է: Այսօր Հայաստանի ԱԷԿ-ի մասնաբաժինը հանրապետության էներգահամակարգում մոտենում է 40%-ի: Միջուկային էներգետիկայի պահպանումն ու զարգացումը ռազմավարական նշանակություն ունի մեզ համար: Բացի այդ, տարածաշրջանում ստեղծված իրավիճակով պայմանավորված, արժե նշել, որ ՀԱԷԿ-ի անվտանգության ապահովումը, որպես տարածաշրջանում միակ գործող ԱԷԿ-ի, մեր առաջնահերթությունն է և բխում է տարածաշրջանային անվտանգության շահերից: Տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովումը թույլ կտան ավարտել աշխատանքները հաստատված ժամկետներում և հաջողությամբ երկարաձգել կայանի շահագործման ժամկետը մինչև 2026թ.», - ատոմակայանի վերագործարկման առիթով ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Սա եզակի դեպք է համաշխարհային պրակտիկայում, որ ԱԷԿ-ը լիակատար դադարից հետո կրկին միացված լինի էներգահամակարգին այդքան երկար դադարից հետո։ Հայկական ԱԷԿ-ի վերագործարկման բոլոր աշխատանքները կատարվել են սեղմ ժամկետներում՝ 2.5 տարվա ընթացքում։ Արդեն հետազոտության փուլում պարզվել է, որ առաջին էներգաբլոկը վերականգնման ենթակա չէ կոռոզիոն վնասման պատճառով։ Երկրորդը հաջողվել է վերականգնել շնորհիվ ռեակտորի կորպուսի ներքին մակերեսի մետաղի որակի, որն ունի հակակոռոզիոն պողպատից երկշերտ պաշտպանիչ ձուլվածք: Դրա շնորհիվ էլ պահպանվել է ռեակտորի կորպուսը չգործարկվելու ժամանակ: Ընդհանուր առմամբ, կայանում իրականացվել է համակարգերի և սարքավորումների ամբողջական հետազոտություն, վերականգնվել է բոլոր համակարգերի տեխնիկական վիճակը և ֆունկցիոնալությունը, իրականացվել է սարքավորումների արդիականացում անվտանգության բնութագրերի բարձրացման համար:
«Այսօր շահագործվող №2 էներգաբլոկի անվտանգության մակարդակը էականորեն բարձրացվել է՝ 1989 թվականին կայանի փակումից ի վեր եւ առավելագույնս մոտ է միջազգային պահանջներին»,-նշված է ՏԿԵՆ հաղորդագրության մեջ:
«Մշակվել և իրականացվել են ավելի քան հարյուր խոշոր և շուրջ հազար մանր միջոցառումներ, որոնք ուղղված են կայանի անվտանգության և հուսալիության մակարդակի բարձրացմանը։ Հայ մասնագետները բարձր պրոֆեսիոնալիզմ են ցուցաբերել։ Աշխատանքներն իրականացվել են ռուսական ռեակտորային սարքավորումների մշակող ձեռնարկությունների եւ նախագծողների՝ «Հիդրոպրես» կոնստրուկտորական բյուրոյի, «Կուրչատովի ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի, «ԶԻՕ Պոդոլսկ» մեքենաշինական գործարանի, Կիրովի մեքենաշինական գործարանի հետ համատեղ: Ներգրավվել են նաև միջազգային կազմակերպություններ, մասնավորապես ՝ ՄԱԳԱՏԷ-ն։ Այդ ամենը մենք արել ենք պատմության մեջ առաջին անգամ։ Եվ դա, առանց չափազանցության, հսկայական փորձ էր ու ներդրում ատոմային ամբողջ ճյուղի զարգացման գործում համաշխարհային մակարդակով», - ասել է ՀԱԷԿ-ի վերագործարկման անմիջական մասնակից, կայանի տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը։
«Կայանի աշխատանքը դադարեցնելու որոշումը կայացվել է Սպիտակի երկրաշարժից հետո։ Եվ չնայած կայանը չի տուժել ու լիովին աշխատունակ է եղել, երկրի ղեկավարությունը ստիպված է գնացել այդ քայլին, քանի որ դրանից տարիներ առաջ վթար էր տեղի ունեցել Չեռնոբիլի ԱԷԿ-ում։ Աշխարհը դեռ վերապրում էր այդ իրադարձության սարսափը։ Հայկական ԱԷԿ-ի կանգառի ժամանակ էլեկտրաէներգիա հիմնականում արտադրում էին ՋԷԿ-երը, որոնք մազութի մատակարարումների խափանումների պատճառով կարող էին տալ երկրի համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի միայն 10-15%-ը։ Դա հանգեցրեց էներգետիկ համակարգի լիակատար կոլապսի և իր ազդեցությունն ունեցավ յուրաքանչյուր հայկական ընտանիքի վրա։ Կայանի երկրորդ էներգաբլոկի վերականգնումը սկիզբ դրեց այսպես կոչված «Բլեք աութից» Հայաստանի դուրս գալուն։ Հայկական ԱԷԿ-ը թույլ է տվել մեկ քառորդով ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը»,- հայտնել է ՏԿԵ նախարարությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել