
Հայկական կողմին հանձնված 29 հայ զինծառայողներից 4-ի դին ճանաչվել է
Հայկական կողմին հանձնված հայ զինծառայողներից 4-ի դին հարազատները ճանաչել են։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։
Վերջինս նշեց, որ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործը քննող քննչական խումբը ի սկզբանե մասնակցել է զոհված զինծառայողների դիակների հանձնման գործընթացին, ամբողջը տեսանկարահանվել և տեսաձայնագրվել է, տեղում իրականացվել է դիերի արտաքին զննություն և համապատասխան գործողություններից հետո դիերը տեղափոխվել են դատաբժշկական փորձագիտական կենտրոն։ Նման պայմաններում, ըստ Ռաֆայել Վարդանյանի, ադրբեջանական կողմը հնարավորություն չի ունենա շահարկելու, որ դիերը հայկական կողմին հանձնվել են այն վիճակում, որ վիճակում դրանք ներկայացնում է հայկական կողմը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմական գործողությունների ընթացքում 29 զոհված հայ զինծառայողի և 1 քաղաքացիական անձի մարմին։
Մեկնաբանել