HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

16 հոգով երկու սենյակում՝ խաղաղության սպասումով

«Հաղթություն...հաղթություն...խաղաղություն….»

Խորը շունչ քաշելով՝ այս խոսքերն ասում է 67-ամյա Եվգենիա Աղասյանը, ով սեպտեմբերի 29-ին հարսի և 3 թոռների հետ պարտադրված լքեց Արցախը։ Սկզբում Մարտունու շրջանից տեղափոխվեցին Ստեփանակերտ, այնուհետ՝ Հայաստան։ Սեպտեմբերի 27-ի հարձակումը տիկին Եվգենիայի հիշողություններում դեռ երկար կմնա։ «Մի ահավոր, ահավոր բան էր։ Արդեն զգացվում էր, որ մի քանի ուղղություններով հարձակվել են։ Պատկերացնում էինք, որ օրերից մի օր պատերազմը կվերսկսվի, բայց ոչ սենց ահավոր...Արցախի մեր երիտասարդությունը միշտ ասում էր՝ եթե կռիվ լինի, մինչ Բաքու գնալու ենք, բայց ո՞վ կպատկերացներ, որ օդով պետք ա գան մեզ վրա»,-ասում է տիկին Եվգենիան։

Հայաստանում տիկին Եվգենիային չորրորդ թոռն ու ծոռներն էլ միացան։ 10 հոգանոց ընտանիքը մոտ մեկ ամիս բնակվեց Եղվարդում՝ Եվգենիայի եղբոր տանը։ Բայց աստիճանաբար ընտանիքը մեծանում էր, իսկ պայմաններն արդեն չէին բավարարում։ Եվգենիայի թոռը հայտարարությամբ անվճար տուն գտավ Կոտայքի մարզի Նոր գյուղ բնակավայրում։

Հիմա 16 հոգով բնակվում են գոմին կից երկսենյականոց շինությունում. տիկին Եվգենիան, երկու դուստրերը, հարսն ու նրա մայրը, Եվգենիայի 7 թոռներն ու ծոռները։ Տանը տղամարդ չկա. բոլորն առաջնագծում են կամ գյուղերում՝ հսկելու իրենց տները։

Սա ընտանիքի պարտադրված, բայց արտասովոր միավորում է։ Մի տանիքի տակ են հավաքվել բարեկամներով և իրենց ամենօրյա հոգսերը, սպասումները միասին են հաղթահարում, միմյանց մխիթարում։ Գոհ են իրենց հատկացված սննդից, հագուստից։ Բայց առաջնահերթ նրանց ևս մեկ կացարան է անհրաժեշտ, որ գոնե ընտանիքի անդամների մի մասը տեղափոխվի։ Ներկայիս կացարանը փոքր է 16 հոգու համար։

Այս պայմանները նկարագրելիս՝ միևնույն է չեն դժգոհում: Շնորհակալ են ցուցաբերած օգնության եւ իրենց հյուրընկալելու համար:

Լոգարան չունեն, 7 երեխաների խնամքը դժվարությամբ են կազմակերպում։ Խմելու ջուրն էլ դույլերով ու շշերով բերում են գյուղի այլ տներից։ Կացարանի տրամադրման համար արդեն երեք անգամ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հայտ են լրացրել, պատասխանը նույնն է եղել՝ սպասեք, կփորձենք հատկացնել։ 

«Օրս էստեղ բարդ է անցնում, ամբողջ օրը մտածում եմ։ Թոռներս, տղաս առաջնագծում են, բայց լավ ա, փիս չի։ Շատ չեմ դժգոհում. թոռնիկներովս, ծոռնիկներովս շրջապատված եմ։ Գոհ եմ Աստծուց, մենակ խաղաղություն լինի, գնանք երեխեքի մոտ։ Կարոտել եմ Արցախս, Արցախիս բնությունը, կռվող թոռներիս, երեխեքիս, բակս»,-ասում է Եվգենիա Աղասյանը։

Թեև կենցաղային պայմաններն այստեղ բավարար չեն, բայց կյանքն այս ընտանիքում եռում է. տան երեխաները մշտապես շարժման մեջ են, խաղում են, նկարում, դրսի ամեն ձայնի հետ դուրս են վազում՝ սպասումով, թե ով է իրենց հյուր գալու։

Տան հյուրասենյակի սեղանին արձանիկներ են ու տիկին Եվգենիայի դստեր՝ Հասմիկ Ավանեսյանի որդու լուսանկարը։ 23-ամյա Արկադի Ավանեսյանը զոհվել է հոկտեմբերի 15-ին՝ ռազմաճակատում։ Հասմիկն ասում է՝ Արկադին իր հետ տարավ իր երազանքներն ու այն նպատակները, որոնք իրագործելու մասին այդքան խոսում էր։ Հասմիկը մի կողմից վշտի մեջ է, մյուս կողմից՝ իր մեջ ուժ է գտնում առաջնագծում կռվող մյուս որդուն չհուսահատեցնելու համար։ 

«Եթե երեխաները չլինեին, այսքան մարդով իրար հետ հավաքված չլինեինք, իմ վշտի հետ չէի կարող մնալ։ Ինձ հետ տանելու եմ վիշտս, բայց հենց մյուս որդուս տեսնում եմ ընկճված, ուժ եմ հավաքում։ Գոնե էս մի տղաս նորմալ ապրի, իր նպատակներին հասնի։ Արկադին լրիվ իր նպատակները կիսատ թողեց, կյանքը եռում էր մեջը, բայց ինչ անենք…. Մենակ մենք չենք, պետք ա ուժ հավաքենք, ապրենք։ Հիմա էլ ամեն պահի սպասում եմ խաղաղության։ Երբ լսեմ՝ արդեն պատերազմն ավարտվել է, երկու ժամում կգնամ տուն»,-ասում է Հասմիկը։  

Հասմիկը Արցախ հարս է գնացել Հայաստանից՝ 1995 թվականին Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքից։ Հանգամանքների բերումով 13 տարի չէր եղել Հայաստանում։ Այստեղ գտնվող ընտանիքին վերջերս է միացել՝ հինգ օր առաջ։ Այն էլ պարտադրված է լքել տունը. տան տղամարդիկ են ստիպել։ «Միշտ երազել եմ, որ գամ գոնե Հայաստան։ Բայց երբ նստացրին մեքենան, ուղարկեցին Հայաստան, ինչքան մոտենում էի Երևանին, այնքան սիրտս տրաքում էր, ուզում էի վերադառնայի»,-ասում է նա։

Այս տան ուրախությունը երեխաներն են։ Տարբեր տարիքի, բնավորությամբ, նախասիրություններով երեխաներ են մեկ տանիքի տակ, ովքեր տան մեծերին ծանր օրերին թեթևություն են բերում։

Յանա

8-ամյա Յանան մշտապես նկարում է, տետրում բանաստեղծություններ գրում։ Արցախից իր հետ աշխատանքային տետրերն է անգամ հասցրել բերել։ Գերազանցիկ է, սովոր է՝ ամեն օր պետք է դաս անի։ Հայաստանում է հոկտեմբերի 1-ից։ Յանան շատ է մտահոգվում եղբոր համար, որն առաջնագծում է։ «Մամաս մաքրություն էր անում, արթնացա, մաման ասեց՝ կռիվ ա, վեր կացեք, երեխեք։ Դե վեր կացանք, գնացինք տատիկենց պադվալում թաքնվեցինք, մինչև արդեն գնացինք գյուղ, գյուղից էլ եկանք այստեղ»,-դեռ հարցը չտված՝ Յանան սկսում է պատմել։ 

Սա պատերազմի մասին այն հիշողությունն է, որը Յանան անձամբ է զգացել։ 

Յանան ցանկանում է կրկին հանդիպել Մարտունու ընկերներին, խաղալ բակային իրենց խաղերը. «Մեր տունն եմ կարոտել, մեր Ղարաբաղը, մեր գյուղերը։ Ուզում եմ գնամ մեր Ղարաբաղ»։ 

Դավիթը 

Տան ավագ երեխան 12-ամյա Դավիթ Աղասյանն է։ Քչախոս, լուռ, հասուն հայացքով տղան օգնում է տան կանանց՝ հետևելով երեխաներին, որ բակում զգույշ խաղան, չկռվեն և դարպասներից դուրս չգան, ապահովում է նրանց զբաղվածությունը։ Դավիթը սիրով է անում իրեն բաժին հասած աշխատանքը։ «Էստեղ հիմնականում երեխաներին եմ նայում, առավոտյան գնում ենք ջուր բերելու, երեկոյան փայտ ենք տանում տուն, վառում, որ երեխեքը գան տուն, չմրսեն»,-իր առօրյան է նկարագրում Դավիթը։

Նոր Գյուղում Դավիթը մոր, քրոջ և եղբոր հետ է։ Հայրն ու ավագ եղբայրն Արցախում են, իսկ մյուս եղբայրը սովորում է «Վազգեն Սարգսյանի անվան» ռազմական համալսարանում։

Նոր Գյուղում Դավիթը դեռ ընկերներ չունի։ Շատ է նեղսրտում՝ ամեն օր տանն է. հարևանությամբ հասակակից տղաներ չկան։ Արցախում շատ ընկերներ ունի, օրն այնտեղ հետաքրքիր էր անցնում։ «Ամբողջ օրը մտածում եմ, թե երբ պիտի վերջանա կռիվը, որ գնանք մեր տուն»,-ասում է Դավիթը։

Մեկնաբանություններ (1)

Սոնա Գրիգորյան
Կա՞ ինչ-որ միջոց այս ընտանիքին օգնելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter